կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 13:49
Հասարակություն

Մի երկու-երեք բարձունքի համար իմաստ չունի հարյուրավոր զոհեր տալ. ԱԺ պատգամավոր

Մի երկու-երեք բարձունքի համար իմաստ չունի հարյուրավոր զոհեր տալ. ԱԺ պատգամավոր

Սրան չի կարելի ասել` պարտություն, քանի որ մենք գիտենք, որ Ադրբեջանի սպառազինությունը հասել է իր գագաթնակետին: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանը` խոսելով 800 հեկտար հողատարածքների մասին: Նրա խոսքով`Ադրբեջանը սպառազինության առումով էլ հզորանալու տեղ չունի:

«Գիշերը գաղտագողի, ինչպես իրեն հատուկ է, հարձակվել է քնած երկրի քնած դիրքերի վրա: Մի քանի մետր, մի քանի բարձունք կարողացել է առաջ գալ: Նման դեպքերում յուրաքանչյուր երկրում յուրաքանչյուր բանակ, որ հարձակվում է գաղտագողի, հազարավոր կիլոմետրեր առաջ է գալիս, մինչև կասեցվում է հարձակումը: Իսկ մեր դեպքում, փառք մեր երեխաներին, մեր զինվորներին, կարողացել են տեղում խեղդել հարձակումը»,- ասաց պատգամավոր` բացատրելով, որ, քնած երկիր ասելով, նկատի ունի խաղաղ բնակչությանը, այլ ոչ` զինվորներին:

Ի դեպ, Գասպարյանը հակադարձեց այն դիտարկմանը, թե լուրեր կան, որ Յուրի Խաչատուրովին զեկուցվել է ադրբեջանական զորքերի կտրուկ տեղաշարժման ու զինտեխնիկայի կուտակման մասին, մինչդեռ նա պատշաճ չի արձագանքել: «Ես նման տեղեկություն չունեմ, և նման ասեկոսեների ականջ պետք չի դնել: Չի կարող պատահել նման բան, որ շտաբի պետին զեկուցեին, որ կուտակումներ են, ինքը իր խաղով կընկներ ու բանի տեղ չդներ»,- ասաց նա:

Գասպարյանի խոսքով` 800 հեկտարը մի գյուղի ինչ-որ կես չափ է: «Հաշվի չեք առնում, որ ազատագրված է յոթ շրջան` Ղարաբաղի հետ, և կարելի է ասել` իրենց կյանքի գնով են ադրբեջանցիները հասել դրան: Ադրբեջանի զոհերը, որ հայտարարում են, միայն իրենց ծառայողների մասին է, իսկ վարձկանների մասին չի խոսվում, որը երևի 2000-ից ավելի է»,- ասաց նա` հավելելով, որ պատերազմի ընթացքում կարող են լինել մարդկային ու տարածքային կորուստներ:

«Սրա մեջ մեղավորներ մի' փնտրեք, փառք մեր զինվորին և բանակին, որ կարողացան հզոր հարձակումը տեղում կասեցնել ու խեղդել: Էսօր Ադրբեջանը գլուխը կախ պետք է ման գա, որ իր պլանները ձախողվեցին»,- ասաց նա:

Հարցին, թե պե՞տք է, արդյոք, այդ 800 հեկտարը վերադարձնել, և ի՞նչ նշանակություն ունի այն, պատգամավորը պատասխանեց. «Որ ասենք` ինչ-որ նշանակություն, լուրջ դերակատարություն ունի, ես չէի ասի, ընդամենը մի քանի բարձունքի մասին է խոսքը: Իսկ ինչ վերաբերում է Լալա Իլյագի բարձունքին, ասեմ, որ ամայի է, և մի դիրք այն կողմ բարձունք է էլի, որտեղ մենք ենք: Մի երկու-երեք բարձունքի համար իմաստ չունի հարյուրավոր զոհեր տալ, էլի: Զոհերը մեր երեխեքն են: Կլինեն ավելի հարմար պահեր ու ճիշտ պահեր, որ բարձունքները հետ կգրավենք»:

Գասպարյանը նշեց նաև` կարծիք ունի, որ հակառակորդը հանգստացնելու, միամտացնելու է ու ինչ-որ ժամանակ հետո էլի իր սև գործն անի: