կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-06 13:12
Հասարակություն

Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր. ԿԳՄՍՆ պարզաբանումը

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի աշխատանքային նախագծով յուրաքանչյուր բուհ իրավասու է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները դարձնել պարտադիր: Այս մասին պարզաբանում է տարածել Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը:

Նախարարության պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Ի պատասխան «ՀՀ բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ ԿԳՄՍՆ-ի ներկայացրած աշխատանքային տարբերակում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ուսուցանվող պարտադիր առարկաների ցանկից հանելու առաջարկի վերաբերյալ հարցումների եւ առկա դժգոհությունների, հայտնում ենք․

•        Թեպետ աշխատանքային քննարկման նպատակով ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ բուհերից այս հարցին առնչվող դիտողություններ ու առաջարկներ գրեթե չեն ստացվել, սակայն օրենքի նախագծով լայն ինքնավարություն է տրվում բուհերին՝ որոշելու ուսումնական եւ գիտական ծրագրերի բովանդակությունը։ Հետեւաբար, նախագծի ընդունումից հետո յուրաքանչյուր բուհի գիտական խորհուրդ կարող է որոշում կայացնել, որ այս առարկաները պարտադիր պետք է դասավանդվեն բոլոր ֆակուլտետներում։

•        Միեւնույն ժամանակ, նախագծի աշխատանքային տարբերակում առկա սկզբունքներում հստակ ամրագրված են հայագիտական հետազոտությունների գերակայությունը, սփյուռքի համար հայագիտության զարգացման ու հայ մշակութային ժառանգության ճանաչման տարածման նպատակով մասնագետների պատրաստումը, ազգային ինքնության եւ համամարդկային արժեքների արմատավորումը։

•        Նախատեսված է բազային ֆինանսավորման տրամադրում բուհերին` ազգային արժեք ներկայացնող գիտական ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման նպատակով։

•        Ավելին՝ ՀՀ-ում ցանկացած բուհ ընդունվելու համար ՀՀ քաղաքացիները, անկախ ընտրած մասնագիտությունից, պարտավոր են հանձնել հայոց լեզվի միասնական քննություն։

Այսպիսով, օրենքի նախագիծը ոչ միայն չի նվազեցնում հայերենի եւ հայրենագիտության դերը, այլ ընդհակառակը, ամրագրում է այս կարեւոր արժեքների սերմանումն ու համապատասխան մասնագետների պատրաստումը»:

Հիշեցնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությա կողմից  մշակված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծի համաձայն բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումն այլեւս պարտադիր չի լինելու: Այն շուտով հանրային քննարկման կներկայացվի:

Հիշեցում

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 09:30-ից սկսած, ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի (վայրը՝ Աբովյան 52 ա, ԵՊՀ 8-րդ մասնաշենք) ուսանողները դասադուլ են հայտարարելու, որով հանդես են գալու ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաների դասավանդումը ոչ մասնագիտական բուհական ծրագերում ոչ պարտադիր դարձնելու մասին դրույթի դեմ: