կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 19:29
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հանրային կյանքում հայեցակարգային փաստաթղթերի բացակայություն կա․ Լիլիթ Գալստյան

Վերջին մեկ ու կես տարում մեր հանրային կյանքում հայեցակարգային, ծրագրային, ռազմավարական փաստաթղթերի բացակայություն կա, բայց այդ բացակայության պայմաններում մեր հանրային կյանք են նետվում գաղափարներ, որոնք խիստ մտահոգություն են առաջացնում հանրության բոլոր շերտերի մոտ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը այսօր՝ նոյեմբերի 28-ին, «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովի ընթացքում:

Այս համազգային և համապետական խնդիրների առնչությամբ մտահոգությունը, նրա խոսքով, ավելի է սրվում, երբ ակնհայտ է, որ մի կողմից չկան հստակ ճանապարհային քարտեզներ, թե ուր է գնում Հայաստանը, իսկ մյուս կողմից՝ քաղաքականություն իրականացնող անձինք մերժում են երկխոսությունը։

«Այս հանրային դիսկուրսում, առհասարակ, այն հարցադրումը, բանավեճը՝ ո՞ւր ենք գնում, ինչպիսի՞ երկիր ենք կառուցում, նրա ապագան ի՞նչ քայլերի հաջորդականությամբ է պայմանավորված՝ այս հարցերի շուրջ քննարկում, երկխոսություն չկա թե՛ հասարակության մեջ, թե՛ քաղաքական ուժերի»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

Նա նշեց, որ այսօր անխուսափելի անհրաժեշտություն կա՝ լսելու մի շարք հարցերի պատասխաններ և այդ հարցերը վերաբերում են հետևյալին՝  Հայաստանն ու՞ր է գնում, ի՞նչ ռեսուրսներով է գնում, ի՞նչ արժեքների բազայով է գնում․ «ԵՎ առհասարակ, միջազգային և ազգային արժեքների բախման մեջ արդյո՞ք մենք ունենք բավարար դիմադրողականություն, բավարար ներուժ՝ ճշտելու, հստակեցնելու մեր ո՛ւր գնալու ճանապարհը, արդյո՞ք կա հանրային և շատ ավելի կարևոր՝ քաղաքական գիտակցումը, թե մեր ինքնության կարևորագույն բաղադրիչները՝ մշակույթը, կրթությունը և հոգևոր արժեքները առկա՞ են երկրի ապագայի տեսլականում»։

Նա հավելեց, որ հասարակությունն իր մտահոգությունների ու հոգսերի առջև մենակ չէ:

Ավելի վաղ  Yerkir.am-ը  հայտնել էր, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Լիլիթ Գալստյանի ու Արծվիկ Մինասյանի պատասխանատվության ներքո ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կազմակերպել է «Պետականություն և արժեհամակարգ. մարտահրավերներ և անելիքներ» խորագրով խորհրդաժողովը՝ բուհական և ակադեմիական շրջանակների, ստեղծագործական միությունների ներկայացուցիչների, առանձին մտավորականների և քաղաքագետների մասնակցությամբ: 

Խորհրդաժողովի բացմանը Լիլիթ Գալստյանի ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութով․