կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-28 19:19
Տնտեսական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ընտրակաշա՞ռք Իջևանի համայնքապետի ընտրություններից առաջ․ ինչո՞ւ է Սիփան Փաշինյանն իր ձեռքով փոխում լամպերը

Իջևանի քաղաքապետի հրաժարականից առաջ էլ եթե իջևանցուն հարցնեիր՝ ի՞նչ կա, պատասխանը կլիներ՝ գործող քաղաքապետի «գլխին ուզում են սարքել», որ վարչապետն իր քավորին նշանակի քաղաքապետ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Այդպես էլ եղավ․ նրա ձեռնարկություններում ստուգումներ սկսվեցին և խորհրդավոր հանգամանքներում քաղաքապետը հրաժարական տվեց, իսկ վարչապետ Փաշինյանի որոշմամբ՝ սեփական քավորը՝ Հայկ Ղալումյանը, սեպտեմբերին նշանակվեց Իջևանի քաղապետի ժամանակավոր պաշտոնակատար։

«Իջևանցիք բախտագուշակ չէին էլի, որ իմանային․ դա ծրագիր է եղել, որ իրենց օղակից դուրս է եկել ու բոլորը գիտեին»,-ասացին նրանք։

Հետո անակնկալ սկսեցին Իջևանում լույսերի ցանցը բարեփոխել․ ասում են՝ վարչապետի եղբորորդի  Սիփան Փաշինյանն անձամբ՝ իր ձեռքով է տեղադրում ժամանակակից լեդ լամպերը, որպեսզի ցույց տա, որ դա իր և քաղաքապետի պաշտոնակատարի համատեղ աշխատանքն է։ Ակտիվ ասֆալտապատում սկսվեց, հողի բարեկարգում։ Միայն թե, իջևանցու համար անհայտ մնաց այդ բոլոր աշխատանքների ֆինանսավորման աղբյուրը։

Այս ամենը ընտրակաշառք է՝ մարտի 15-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում վարչապետ Փաշինյանի քավորին Իջևանի քաղաքապետի պաշտոնում թավշյա ընտրություն ապահովելու համար՝ մտահոգված են իջևանցիները․ այսօր, ասում են, ՏԻՄ ընտրություններում են խաղաքարտը օգտագործում, վաղը՝ համապետականում կկիրառեն։

«Այն ժամանակ Շմայսն էր՝ գալիս էր քարոզարշավի, ասում էր՝ այս փողոցն ասֆալտ անեմ, ինձ քվե տվեք։ Քանի որ հիմա ընտրակաշառք չեն բաժանում, ընտրակաշառքի մի տարբերակ էլ սա է։ Նախընտրական շրջանում գործ են անում, չգիտենք՝ էդ միջոցը ո՞րտեղից է, ես ի՞նչ գիտեմ՝ կարող է կանխիկ իրենց գրպանից են այդ աշխատանքները տանում։ Թող իջևանցին իմանա՝ ով է այդ անհայտ բարեգործը։ Համենայն դեպս, մեր քաղաքն է, թող զարգանա, բայց աղբյուրը չգիտենք»,-ասացին իջևանցիները։

Անհայտ բարեգործն, ասում են, ավելի քան 30-40 հազար դոլարի ներդրում է անում Իջևանում։  

«Այստեղ խնդիրը գիտե՞ք որն է, որ վարչապետն իր քավորին դրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բնականաբար, բոլորս էլ հասկանում ենք, որ նշանակել է նրա համար, որ օգտագործի վարչական ռեսուրսը։ Երկրորդը՝ քանի որ իր քավորը ռեյտինգ չունի Իջևան քաղաքում, այս ժամանակահատվածն օգտագործում են, որ մի շարք գործեր կատարեն Իջևանում, ցույց տան, որ տեսեք՝ քաղաքապետն աշխատում է՝ մի քիչ հեղինակությունը բարձրանա։ Չնայած էդ էլ չի աշխատելու»,-ասացին իջևանցիները։

Իջևանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանի հարազատ եղբայրը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը Yerkir.am-ի հետ հարցազրույցում հաստատեց, որ լուսավորությունը քաղաքի բարերարների օժանդակությամբ է կատարվում, ճանապարհաշինությունն, ասաց, պետբյուջեի հաշվին է։

Ի դեպ, իջևանցիներն ասում են՝ հենց Վահե Ղալումյանի միջոցով է Հայկ Ղալումյանը ստուգումներ հրահրել հրաժարական ներկայացրած քաղաքապետի ձեռնարկություններում, որն, ի դեպ, նրանց հորեղբոր թոռն է՝ Վարդան Ղալումյանը։ Վահե Ղալումյանն ասաց՝ այդպիսի բան չկա, իրենց հարաբերությունները նախկինի նման ջերմ են, Վարդան Ղալումյանն էլ, թեև հեռախոսն անջատել է և լրատվամիջոցների համար անհասանելի դարձել, իր համար հասանելի է։

«Չգիտեմ այս պահին ինչով է զբաղվում, բայց ինքն անասնապահական ֆերմա ուներ, միգուցե շարունակում է այնտեղ գործունեությունը»,-ասաց Վահե Ղալումյանը՝ մանրամասներ պատմելով իրենց համատեղ մանկությունից։

Իջևանում քաղաքապետի ընտրություն նախատեսվում էր դեկտեմբերի 8-ին։ Քաղաքապետի հրաժարականից հետո մարզպետարանը դիմել էր կառավարություն՝ ընտրությունները կազմակերպելու համար։ Կառավարությունը, սակայն մերժել էր, որպեսզի Իջևանին միավորի հարակից համայնքները, հետո նոր՝ մարտի 15-ին ընտրություններ անցկացնի այլ ընտրակարգով։

Իջևանցիներն այս հարցում ամենամեծ վտանգն են տեսնում․ բանն այն է, որ եթե դեկտեմբերի 8-ին լինեին ընտրությունները, Իջևանում քաղաքապետ կընտրեին անհատական առաջադրմամբ և, նրանց համոզմամբ, մեծ էր հավանականությունը, որ վարչապետի քավորը չէր անցնի իբրև քաղաքապետ։ Բայց կառավարությունը սա կասեցրեց և օրինագիծ ներկայացրեց ԱԺ՝ Իջևան համայնքը խոշորացնելու և ընտրությունները, Երևանի օրինակով, համամասնական ընտրակարգով մարտի 15-ին անցկացնելու համար։

Վտանգն այստեղ, ըստ իջևանցիների, այն է, որ անհատական ընտրակարգով քավորն այդքան մեծ հեղինակություն չուներ, բայց համամասնականով, որի համաձայն՝ կուսակցություններն են առաջադրվում և, ըստ տոկոսային հարաբերակցության, ձևավորվում է ավագանի, հետո՝ ավագանին ընտրում է ղեկավար, իշխող խմբակցության համար ավելի հեշտ կլինի իր թեկնածուին անցկացնել։

«Բոլորիս համար պարզ է, որ կուսակցական ընտրությունները նրա համար են, որ Նիկոլ Փաշինյանը գա, խոստումներ տա, մարդիկ հավատան՝ գնան ընտրեն։ Բայց վերջնական տարբերակով՝ Նիկոլ Փաշինյանը չի լինելու չէ՞ Իջևան համայնքի ղեկավարը, այլ քավորն է լինելու»,-ասացին նրանք։

Այստեղ մեկ այլ մտահոգություն էլ կա․ «Խնդիրը գիտե՞ք որն է՝ դեռևս ԱԺ-ն չի հաստատել Իջևան համայնքի խոշորացման նախագիծը, բայց համայնքի ղեկավարի ընտրությունները դեկտեմբերի 8-ից հետաձգել են մարտի 15-ին․ ո՞վ ասաց, որ ԱԺ-ն կընդունի խոշորացման օրինագիծը։ Բայց այն գլխից արդեն գիտեն ու հետաձգել են»։

Խոշորացման նախագծով մոտ 15 գյուղ միավորվում է Իջևան քաղաքին և բոլորը միասին դառնում են մեկ համայնք։

Պարզվում է՝ այստեղ էլ խնդիր կա․ շատ գյուղեր դեմ են, որ միավորվեն և այդքան մեծ համայնք ձևավորվի՝ ամենվերջին գյուղից մինչև Իջևան քաղաքը հեռավորությունը 35 կիլոմետր է։ Առաջարկում են 3 մասի բաժանվել՝ սահմանամերձներն առանձին, Իջևան քաղաքն առանձին, մյուսներն՝ առանձին, բայց կառավարությունը դեմ է․ ինչպես նշեցինք՝ նրա ծրագրերին այս պահին մեկ խոշոր համայնքն է ձեռնտու։

Իջևանցիների համբերության բաժակը լցվում է․ վարչապետը խոստացել էր՝ մարդկանց չգնահատել ըստ ծանոթ-բարեկամի, այնինչ՝ քավորը դառնում է քաղաքապետի ժպ, սահմանամերձ գյուղերն ուզում են արդյունավետ կառավարվել, այնինչ՝ շրջկենտրոնը 35 կմ հեռացնում են իրենցից, փորձում են ուրախանալ, որ լուսավորություն է անցկացվում, պարզվում է՝ ֆինանսավորման աղբյուրն է անհայտ․․․ստիպված սպառնում են բողոքի ծանոթ մեխանիզմով․ փողոց են փակելու։

Ավելի վաղ Yerkir.amգրել էր Նիկոլ Փաշինյանի՝ սեփական քավորին Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մանրամասները։

Աննա Բալյան

Վահե Ղալումյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով․