Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2021-11-11 17:07
Քաղաքական

Թալինում էլ ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուին համայնքապետի ԺՊ նշանակեցին՝ վարչական ռեսուրս կփորձեն կիրառել․ «Մեր համայնքի» թեկնածու Տիգրան Հարությունյան

Թալինում էլ ընտրություններից առաջ ՔՊ-ի թեկնածուին համայնքապետի ԺՊ նշանակեցին՝ վարչական ռեսուրս կփորձեն կիրառել․ «Մեր համայնքի» թեկնածու Տիգրան Հարությունյան

29 բնակավայր միավորող՝ Թալին խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում «Հայ հեղափոխական դաշնակցություն» և «Համերաշխություն» կուսակցությունները հանդես են գալիս «Մեր համայնքը» դաշինքով, որի ավագանու ցուցակը գլխավորում է անկուսակցական Տիգրան Հարությունյանը։

Ընտրությունները դեկտեմբերի 5-ին են և արդեն լուրեր են տարածվել, որ Արագածոտնի նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը ջանք չի խնայում, որ ընտրություններում հաղթի ՔՊ ցուցակը գլխավորող՝ ՀԱԿ-ի գաղափարակիր Սափեյանների գերդաստանի ներկայացուցիչ Տավրոս Սափեյանը։

«Այդ ասեկոսեները ես էլ եմ լսել․ միայն այն, որ այս ընտրություններին ամբողջ հանրապետությունով մեկ նշանակեցին իրենց ժամանակավոր պաշտոնակատարներին, Թալին համայնքում էլ համայնքապետի ԺՊ դրեցին իրենց թեկնածուին, սա արդեն իսկ վկայում է, որ պիտի փորձեն վարչական ռեսուրսը օգտագործել։ Տավրոս Սափեյանը ՔՊ-ի կողմից նշանակվել է Թալինի համայնքապետի ԺՊ։ Ես այդ մարդկանց անձերի հետ ոչ մի խնդիր չունեմ, ուղղակի երևույթը՝ ամբողջ հանրապետությունով մեկ որ ընտրություններից մի 2-3 ամիս առաջ նշանակում են ԺՊ-ներ, դա արդեն իսկ վկայում է, որ պատահական չէ»,-Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Տիգրան Հարությունյանը։

Սափեյանները 4 եղբայր են՝ մեկ թիմ․ մարզպետի հետ մտերմությունն էլ կա, բայց նրանցից մեկը նաև ԵԿՄ Թալինի տարածաշրջանի նախագահն է Մանվել Գրիգորյանի ժամանակներից, հիմա էլ Սասուն Միքայելյանի հետ է աշխատում։

Տեղեկություններ տարածվեցին նաև, որ մարզպետը հավաքել է դպրոցների տնօրեններին և սպառնացել բոլոր ուսուցիչներց ազատվել, որոնք ընդդիմադիրների ցուցակներում տեղ կգտնեն։

Տիգրան Հարությունյանն ասաց՝ իրենց ցուցակում դպրոցի ուսուցիչ չկա, բայց «Զարթոնքի» ավագանու թեկնածուներից մեկը հրաժարվեց թեկնածությունից, թեև ինքը տեղեկություն չունի՝ մարզպետի ճնշման հետևանքո՞վ էր, թե՞ ոչ։

Թալինի թիվ 1 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը գլխավորում է «Հայք» կուսակցության ցուցակը, և կան տեղեկություններ, որ այս դպրոցի տնօրինության վրա ևս ճնշում կա։

«Մեր համայնքը» դաշինքի ցուցակը գլխավորող Տիգրան Հարությունյանը համոզված է, որ Թալինում անհրաժեշտություն չկա լուրջ քարոզարշավ անելու, որ մարդիկ ճանաչեն և գան քո հետևից, այդտեղ բնակչության 90 տոկոսը 4 թեկնածուներին էլ անգիր գիտի։

«Ավելի շատ ուզում եմ մեր ընտրողներին ասել, որ սեփական խելքով առաջնորդվեն, որովհետև երբ մարդկանց հետ զրուցում ենք՝ շատ են հանդիպում դեպքեր, որ ասում են՝ այսինչ ուժին արդեն իսկ շուտ խոստացել եմ, որ պիտի իրեն աջակցեմ։ Առաջնորդվում են ոչ թե սկզբունքներով, այլ «շուտասելուկներով»։ Որ շուտ ասել է՝ նրան խոստացել է, ուրեմն վերջ, սկզբունքները շատերի մոտ մի կողմ է դրված, իհարկե, ոչ բոլորի մոտ»,-ասաց Տիգրան Հարությունյանը։

Նա նկատեց, որ «ընտրություն» բառն էլ է հուշում՝ մարդիկ պիտի գնան ընտրության, ոչ թե առաջնորդվեն ինչ-որ մեկի՝ ընկերոջ կամ բարեկամի ասելով կամ թեկուզ վարչական ռեսուրսների ազդեցության տակ գտնվելու սկզբունքով։

Գյուղերում բակային ու դահլիճային հանդիպումներ կկազմակերպեն, կզրուցեն, հարցերին կպատասխանեն։

Տիգրան Հարությունյանը կարծում է՝ այս ընտրություններում շատերն անձնավորված են ընտրություն կատարելու։

«ՔՊ-ի թիմը, որը նախկինների դեմ պայքարում էր, այսօր այդ ակտիվը բաժանվել է երկու մասի՝ մի մասը միացել է նախկին քաղաքապետ Մնացականյանին, մի մասը մնացել է Սափեյանի հետ։ Չեմ կարծում, որ մյուս կուսակցություններն էլ այդպիսի գաղափար կունենան, որ Դանակցության նման միահամուռ կանգնեն մեկի կողքին։ Դրա համար գտնում եմ, որ, երևի, անձնավորված ընտրություն է լինելու»,-ասաց «Մեր համայնքի» ցուցակը գլխավորող թեկնածուն։

29 համայնքների խնդիրների ընդհանրական լուծումներ չեն առաջադրելու, ամեն համայնքի կոնկրետ խնդիրներին կոնկրետ լուծումներ են գտնելու։

«Խնդիրներ ունենք ամեն տեղ էլ, կոնկրետ խնդրին կոնկրետ լուծման տարբերակ պետք է գտնենք։ Հիմնական բոլոր տեղերում, վստահ եմ, ոռոգման ջրի խնդիրն է առաջնահերթ, մնացած հարցերը յուրովի լուծումներ են պահանջում, պիտի լսվի ավագանու թիմի կողմից ու փորձենք ամեն մեկին ճիշտ, արագ և արդարացի որոշում տալ։ Մի տեղ ասֆալտապատման խնդիր կարող է լինել, մի տեղ ոռոգման, մի տեղ խմելու ջրի խնդիր կարող է լինել․ կլսենք մարդկանց»,-ասաց Տիգրան Հարությունյանը։

Բուկլետներ և պաստառներ ևս կունենան, անհրաժեշտության դեպքում բակային հանդիպումներ կանցկացնեն, խոշոր գյուղերում դահլիճային հանդպումներ կլինեն ակտիվի հետ։

«Մեզ պետք է հնարավորինս շատ մարդկանց հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնել։ «Մեր համայնքը» դաշինքի մաս կազմող կուսակցություններից «Հայ Հեղափոխական Դաշնակցությունը» ունի գաղափարախոսություն, ազգային արժեքներ, «Համերաշխությունն» էլ հենց բառը հուշում է, որ պիտի գնանք նաև այդ ճանապարհով, որ եթե ընտրություններին 4 ուժ են մասնակցում, ընտրությունների ժամանակ էլ պիտի այնպես անենք, որ չմասնատենք, չբաժանենք, չթշնամացնենք ընտրազանգվածներին, համերաշխ իրականացնենք մեր ընտրությունները»,-ասաց թեկնածուն։

Դաշինքի նախընտրական կարգախոսն է «Հայրենիքը սկսվում է համայնքից»․ Տիգրան Հարությունյանն ասաց՝ սա նշանակում է պիտի համայնքները հզոր և առողջ լինեն, որպեսզի հայրենքին էլ կարողանա հզոր և առողջ մթնոլորտում պայքարել ներքին և արտաքին թշնամիների դեմ։

Մոտ 3 տասնյակ բնակավայր Թալինին միացնելն ու, ընդհանրապես, համայնքները խոշորացնելը Տիգրան Հարությունյանը իշխանությունների սխալ քաղաքականությունն է համարում։

«Ես շատ դեմ եմ համայնքները խոշորացնելուն, որովհետև եթե այսօր փորձում ենք գյուղում 3-5 պետական աշխատատեղերը կրճատել, որ բյուջեում ինչ-որ գումարներ խնայվեն, դա շատ վատ է անդրադառնալու այդ գյուղի հետագա զարգացման վրա, որովհետև երիտասարդ ընտանիքները լքելու են գյուղերը, մենք վաղն ունենալու ենք մահացող գյուղեր»,-ասաց նա։

Թեկուզ այդ մի քանի աշխատատեղը մարդկանց կապում էր գյուղին, նշեց թեկնածուն, և եթե այս մի փուլը վերջացնելուց հետո սկսեն դպրոցները օպտիմալացնել, գյուղերը դատարկվելու են։

«Գյուղական վայրերում, պատկերացրեք, դպրոցում, գյուղապետարանում քանի մարդ է աշխատում, այդ մի 15 տունը կմնա գործազուրկ։ Բնականաբար, երիտասարդ ընտանիքները փորձելու են ամեն կերպ այդ գյուղից դուրս գալ, ու դա շատ լուրջ խնդիր է ամբողջ հանրապետությունով մեկ»,-ասաց Տիգրան Հարությունյանը։

Թալին խոշորացված համայնքում պայքարում է 4 քաղաքական ուժ՝ «Մեր համայնքը», «Զարթոնք»՝ Մնացական Մնացականյանի գլխավորությամբ, «Հայք» և «Քաղաքացիական պայմանագիր»։

Տիգրան Հարությունյանը նկատեց, որ այս բոլոր քաղաքական ուժերից միայն իրենց՝ «Մեր համայնքը» դաշինքն է, որի ավագանու ցուցակում «Քաղաքացիական պայմանագրից» թեկնածուներ չկան, մյուսների ցուցակներով ՔՊ-ն առաջադրվել է։

Աննա Բալյան