Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ԱԱԾ աշխատակիցները ցավակցական խոսք են հղել Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ:
Տեքստում մասնավորապես նշված է.
«Խոր ցավով տեղեկացանք հայազգի մեծանուն հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան մասին։ Գոհար և Գևորգ Վարդանյանների լեգենդար, հերոսական զույգի հետախուզական սխրանքների մասին գրվել են գրքեր, նկարահանվել են կինոնկարներ։ Նրանց կատարած ծավալուն աշխատանքի մի կարևոր հատված նույնիսկ շատ տասնամյակներ անց, դեռ գաղտնազերզված չեն։
Գոհար Վարդանյանն այն բազում հայորդիների շարքում է, ովքեր փառքով են պսակել իրենց և իրենց ժողովրդի անունը՝ հայրենիքի նկատմամբ ունեցած անմնացորդ նվիրումով և անթերի պրոֆեսիոնալիզմով»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին կյանքից հեռացել է լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանը: Ավելի վաղ նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ էին հղել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու կինը:
Գոհար Վարդանյանը հայազգի հետախույզ (օպերատիվ կեղծանունը՝ «Անիտա»), նշանավոր հետախույզ Գևորգ Վարդանյանի կինն է: Նա ծնվել է 1926 թվականին Լենինականում։ 1930 թվականին նա ընտանիքով տեղափոխվել է Իրան: 16 տարեկան հասակում անդամագրվել է իր ապագա ամուսին և զինակից Գևորգ Վարդանյանի լրտեսական խմբին, որի հետ միասին կատարել է բազմաթիվ հետախուզական աշխատանքներ: 1943 թվականի նոյեմբերի 30-ին այդ խմբավորմանը հաջողվել է կանխել Թեհրանում կայանալիք կոնֆերանսի ժամանակ Եռյակ դաշինքի ղեկավարների՝ Իոսիֆ Ստալինի, Ֆրանկլին Դ. Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի դեմ գերմանական հատուկ ծառայությունների մահափորձը: Մահափորձը ծրագրավորված էր իրականացնել Ուինսթոն Չերչիլի ծննդյան տարեդարձին։ 1946 թվականին Գոհարն ամուսնացել է Գևորգ Վարդանյանի հետ։ Հարսանիքի արարողությունը տեղի է ունեցել Թեհրանի հայկական եկեղեցում և եղել է զույգերի երեք ամուսնություններից առաջինը։ Ելնելով իրենց աշխատանքի բնույթից՝ նրանք ամուսնացել են երեք անգամ։ 1951 թվականին Վարդանյանների խնդրանքով գաղտնի խմբակցության կենտրոնը նրանց հնարավորություն է տալիս ստանալու բարձրագույն կրթություն և նույն թվականին նրանք վերադառնում են ԽՍՀՄ։ 1956 թվականին Վարդանյաններն ավարտել են Երևանի օտար լեզուների ինստիտուտը, որից հետո «Անիտա» և «Անրի» օպերատիվ կեղծանուններով ընդհատակյա վիճակում աշխատել են տարբեր երկրներում: Իտալիայում աշխատելու տարիներին հսկողության տակ են վերցրել ՆԱՏՕ-ի հարավային թևը։ Այստեղ նրանք ծանոթություններ են հաստատել նախարարների, նախագահի և ամերիկյան ծովային սպաների հետ։ 1986 թվականին նրանք վերադարձել են Հայաստան: Մի քանի ամիս անց Գոհարն անցել է թոշակի, իսկ Գևորգը շարունակել է ծառայությունը մինչև 1992 թվականը։