Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դրախտիկ գյուղի դպրոցի աղետալի վիճակը, որտեղ ձմռան նախաշեմին պատուհաններ չկան ու որտեղ 150-ից ավել աշակերտ սառում են՝ դա միայն այդ դպրոցի պատկերը չէ, դա մեր կրթական համակարգի իրական ամբողջական պատկերն է` ըստ Yerkir.am-ի այս մասին ահազանգել է Դավիթ Ֆիդանյանը:
ՙՙՍա նաև ցույց է տալիս իրական վերաբերմունքը կրթության հանդեպ: Վստահ եմ, որ Դրախտիկի դպրոցը միակը չէ, որը այսպիսի աղետալի պայմաններում է: 21-րդ դարն է իսկ Հայաստանի շատ համայնքների դպրոցներում ամենակենցաղային տարրական պայմանները չեն ապահովված: Հետո էլ խոսում ենք հասարակության շրջանում ցածր կրթական ցենզի մասին: Եթե անգամ ամենատարրական պայմանները դպրոցներում չեն ապահովում, էլ ի՞նչ բարձր որակի կրթության մասին կարող ենք խոսել: Ո՞ր մի ուսուցիչը այդպիսի պայմաններում հաճույքով կաշխատի: Կամ ո՞ր մի աշակերտը այդպիսի պայմաններում կմտածի, որպեսզի ավելի շատ գիտելիք ստանա: Պատկան մարմինները ուղղակիորեն պարտավոր են լուծել ոչ միայն Դրախտիկ համայնքի դպրոցի վերանորոգման հարցը, այլև բոլոր այն դպրոցների, որոնք գտնվում են նմանատիպ վիճակում՚՚,-ահազանգել է Ֆիդանյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն օպերատիվ արձագանքել է, բայց լուծում առաջադրելու փոխարեն, սովորության համաձայն մեղադրել է նախորդ իշխանություններին:
ՙՙԵս գիտեմ այդ խնդրի մասին, անձամբ եմ եղել այդ դպրոցում: Մենք այսպիսի դպրոցներ հարյուրներով ժառանգություն ենք ստացել նախորդներից: Սա մեկ միլիոն, երկու միլիոն, քսան միլիոն և նույնիսկ հարյուր միլիոն դրամի խնդիր չէ: Դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու համար մեզ անհրաժեշտ են հարյուրավոր միլիոն դոլարներ:
Գիտեք, որ անցած մեկ ու կես տարում տասնյակ դպրոցներում սկսվել են վերանորոգումներն ու վերակառուցումները, շուտով, որպես տարվա ամփոփում, համապարփակ տվյալներ կներկայացնենք: Միայն հաջորդ տարի մեր բյուջեով կապիտալ ծախսերը չորս անգամ ավելացել են: Հերթով բոլոր դպրոցները վերակառուցելու ու վերանորոգելու ենք: Մեզ պարզապես ժամանակ է պետք:
Այսօր խոսել եմ մարզպետ Գնել Սանոսյանի հետ: Դպրոցը մարզային ենթակայության է: Մարզպետը տեղեկացրեց, որ այս տարի տարբեր միջոցներով իրականացրել են պատուհանների փոփոխություն: Այս պահին այլ լուծումներ էլ են տալիս, տարվում են աշխատանքներ դպրոցը գազով ջեռուցելու համար՚՚,-ֆեյսբուքյան գրառում է արել Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ նախարարն ինքը դպրոցի լուսանկարները` իբրև դժոխք հիշեցնող վկայություններ, տարածել էր մեկ տարի առաջ, երբ դեռ ԿԳ նախարար էր և դարձյալ` սահմանափակվել նախորդներին մեղադրելով. «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի՝ դժոխք հիշեցնող դպրոցն է։ Համայնքապետի խոսքերով՝ շուտով կսկսվի վերանորոգումը։ 25 տարի եղել է այս վիճակում»,-գրել էր նախարարը:
Առայսօր ոչինչ չի փոխվել և դժոխքն անխախտ է:
Հիշեցնենք, որ ՀՅԴ ՀԵՄ ակտվիստները արդեն 17-րդ օրն էՙ բողոքի ակցիաներով պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը` հիմնավորելով, որ նա անհամատեղելի է իր պաշտոնի հետ: Նրանց հետ են տարբեր բուհերի ուսանողներ: Պրոֆեսորադասախոսական կազմը ևս մեկօրյա գործադուլով միացավ ակցիային: