կարևոր
4411 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-27 17:19
Հասարակություն

Ահազանգ. անձնագրային բաժնում հերթեր են ու մշտական դատարկ պատուհաններ

Ահազանգ. անձնագրային բաժնում հերթեր են ու մշտական դատարկ պատուհաններ

Տևական ժամանակ է, ինչ  ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությունում, ինչպես նաև Երևան քաղաքի ստորաբաժանումներում գործարքներ կատարելու համար անհրաժեշտ է նախապես առցանց հերթագրվել migration.e-gov.am կայքում՝ ընտրելով համապատասխան անձնագրային ստորաբաժանումը և գործողության տեսակը։   

Եվ չնայած ԱՎՎ կայքէջում տեղադրված հայտարարության մեջ նշված է, որ էլեկտրոնային հերթագրման հարթակը ուղղված է նպաստելու հերթերի կանոնակարգմանը, քաղաքացու հարմարավետությանը և աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, այդուհանդերձ, քաղաքացիների շրջանում մշտական բողոքները, որոնք հիմնականում կապված են հսկայական հերթերի հետ, ոչ միայն չեն մարել, այլ ավելի են շատացել:  

Yerkir.am ահազանգած քաղաքացին, օրինակ, հայտնել է, որ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնագրային և վիզաների վարչությունում, օրինակ, անձնագրի փոփոխման համար առցանց հերթագրվել է, և իր հերթը հասնելու է մոտ 2 ամսից:  Ի դեպ, քաղաքացիները նաև ահազանգում են, որ անձնագրային և վիզաների վարչության անձնագրային բաժնում մոտ մեկուկես տասնյակ պատուհաններից մշտապես աշխատում են 2-3-ը (տե՛ս լուսանկարները), իսկ մնացած պատուհաններում աշխատակիցները հիմնականում բացակայում են, իսկ եղած դեպքում էլ չեն սպասարկում և զբաղված են ինչ-որ այլ գործերով:  

Սա նշանակում է, որ ԱՎՎ-ում և տարածքային անձնագրային ծառայություններում քաղաքացիների սպասարկումը հեշտացնելու, մարդկանց հերթագրումից հետո տևական ժամանակ սպասեցնել տալու ծանր բեռից ազատելու համար պետք են լուրջ ռեֆորմներ, առնվազն աշխատակիցների թվի ավելացում: Բյուջեի խնայողության կամ դրա բացակայության մասին պատճառաբանության մասին խոսք անգամ լինել չի կարող: Բավական է, որ ՀՀ ոստիկանությունը Փաշինյանի անձի պաշտպանության համար պահվող անհասկանալի քանակի ու գույնի ստորաբաժանումներից, տարբեր ջարդարարական գումարտակներից ու խմբերից կրճատի մի քանի կարմիր ու սև բերետավորի և վերջիններիս փոխարեն աշխատանքի ընդունի անձնագրային բաժնի մի քանի աշխատակցի, և վիճակն էականորեն կարող է թեթևանալ:

Նույնկերպ կարելի է լուծել նաև անձնագրային ծառայության ոլորտում քաղաքացիների կյանքը հեշտացնող այլևայլ խնդիրներ (փաստաթղթերի արագ պատրաստում, տպագրում և այլն): Ուղղակի անհրաժեշտ է ոստիկանության հսկայական քանակով ջարդարարական խմբերին ամեն հանրահավաքի նախօրեին մարզերից Երևան տեղափոխելու, Երևանում ավտոբուսների մեջ ու այլուր օրերով պահելու, կերակրելու, հսկայական հավելավճարներ բաժանելու փոխարեն այդ միջոցներն ուղղել քաղաքացու կյանքի որակի բարելավմանը: