կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-13 17:40
Հասարակություն

6 րոպեանոց կարկուտը վնասել է բերքի մեծ մասը, կոտրվել են տների պատուհաններ. համայնքապետ

6 րոպեանոց կարկուտը վնասել է բերքի մեծ մասը, կոտրվել են տների պատուհաններ. համայնքապետ

Հայտնել ենք, որ երեկ՝ հունիսի 12-ին, հանրապետության մի շարք տարածքներում տեղացել է առատ կարկուտ, որը լուրջ վնասներ է հասցրել: Առավել ինտենսիվ կարկուտ տեղացել է Արմավիրի, Շիրակի և Տավուշի մարզերում:

Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ այսօրվա ընթացքում գյուղատնտեսության նախարարության աշխատակիցները շրջել են իրենց գյուղով, ծանոթացել կարկտի հասցրած վնասի չափին: «Մեր գյուղում մալինան առաջին տեղում էր, շատ առատ էր լինում, իսկ էս կարկուտից հետո ոչինչ չի մնացել: Ամեն ինչ վերացավ` դեղձ, ծիրան, սոխ, լոբի, ցորեն…Ամբողջ բերքը վերացավ: Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ էսօրվա ընթացքում շրջեցինք գյուղում, որ ճշտենք վնասի չափը: Գյուղացիները շատ վատ վիճակում են, էդքան վարկեր են վերցրել, հիմա էլ սենց բան եղավ, չգիտեն՝ ինչ անեն»,- ասաց գյուղապետը՝ հավելելով, որ այսօր իրենց գյուղ են եկել նաև մի քանի բանկերի ներկայացուցիչներ՝ հասկանալու՝ հնարավո՞ր է մի բան անել, որ գյուղացիների վարկային բեռը թեթևանա:

«Սենց սոսկալի բա՞ն` 6 րոպե անդադար կարկուտ եկավ, հետո էլ անձրևախառը կարկուտ, ամեն ինչ ավերեց, փոթորիկ ոնց որ լիներ: Վնասվել են նաև մի քանի տների ապակիներ»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ լուրջ վնասներ են կրել նաև իրենց մարզի Շահումյան, Ամբերդ, Աղավնատուն և մի շարք այլ համայնքներ: