Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 1208 հոդված, որոնցից 756-ը եղել է բացասական, 124-ը՝ դրական, 328-ը՝ չեզոք։
Նախարար Արայիկ Հարությունյանը գտնվել է լրատվական դաշտի ուշադրության կենտրոնում․ նրա մասին գրվել են քննադատական բազմաթիվ հրապարակումներ։ Հիմնական խնդիրները կապված են կրթական ոլորտում նախատեսվող փոփոխությունների հետ։
Հասարակական դաշտում մեծ դժգոհություն է առաջացրել «Հայոց լեզու» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում պարտադիր առարկայից ոչ պարտադիր դարձնելու որոշումը։ Ուսանողները բողոքի ակցիաներ ու դասադուլներ են կազմակերպել՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։
Նախարարի հրաժարականը պահանջող հիմնական քաղաքական ուժը Դաշնակցությունն է, որի երիտասարդական միության անդամները նստադուլ էին կազմակերպել նախարարության շենքի մոտ։ Արայիկ Հարությունյանն էլ, իր հերթին, փորձել էր տարանջատել արտերկրում ապրող դաշնակցականներին՝ Հայաստանում ապրող դաշնակցականներից, որին հետևել էին տարբեր երկրներում գործող ՀՅԴ 19 երիտասարդական միությունների հայտարարությունները համաձայն որոնց չկա դրսի ու ներսի Դաշնակցություն։ Սփյուռքում գործունեություն ծավալող դաշնակցականները ևս Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով են հանդես եկել։
Արայիկ Հարությունյանի որոշումներին դեմ են գնում նաև Հայ Առաքելական եկեղեցու սպասավորները։ Սպասվելիք փոփոխություններից հետո, դպրոցական ծրագրից հանվելու է նաև Հայոց եկեղեցու պատմություն առարկան։ Լրատվական հրապարակումներից մեկում ասված է. «Տեր Մարկոսը եկեղեցու պատմության վերաբերյալ Թագուհի Ղազարյանի ձևակերպումները համարում է օգնություն՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ «Սա «Իմ քայլի» հերթական օգնության ձեռքն է Արայիկ Հարությունյանին, իսկ նման օգնության ձեռքեր դեռ շատ կտեսնենք, որոնք աշխարհը ցնցող հայտարարություններ կանեն։ Ես էլ կարծում եմ, որ այս պատգամավորի մտածողությունն է արհեստական»։
Քննադատություննուների մեկ այլ ալիք բարձրացավ այն բանից հետո, երբ պարզվեց, որ ԿԳՍՄ նախարարությունը 20.000.000 դրամ է հատկացրել տրանսգենդեր Մել Դալուզյանի մասին ֆիլմ նկարահանելու համար։ ՀՅԴ անդամ Արմեն Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Արայիկհարությունյանների գործունեությունը չի ծածկվում, ոչ տնօրհներքներով, ոչ հավաքած քվեներով, ոչ էլ կծածկվի ուժի կիրառմամբ: Այն ինչ տեղի է ունենում ազգային արժեքների հետ, գրված չէր, ո՛չ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում, ո՛չ իշխանությունների նախընտրական ծրագրում և ո՛չ էլ որևէ մեկը դրա մասին խոսք էր ասել նախընտրական շրջանում: Ասել են մեկ այլ բան, հիմա արվում է լրիվ հակառակը: Շատերն են հասկանում, որ Արայիկ Հարությունյանին մեկ օր անգամ չէին պահի, ուղղակի ձնագնդի էֆեկտն է սարսափեցնում: Բոլորից լավ այդ էֆեկտը իշխանություններն են զգացել, հետո ի՞նչ որ այն կոչեցին մի հիվանդության անունով, որը կոչվում էր՝ էյֆորիա: Անկախ սուպեր առաջադեմների և անգամ հետամնաց ազգապաշտների ցանկություններից այդ էֆեկտը լինելու է և դա շուտ կլինի, թե ուշ կապված է նրանից, թե քանի սուպեր առաջադեմ կա իշխանության մեջ»:
Այս բողոքի ակցիաների ֆոնին լուր տարածվեց, որ «Իմ քայլը» դաշինքում արդեն իսկ սկսել են պատրաստվել Արայիկ Հարությունյանի հրաժարականին և նրան փոխարինելու հավակնորդներ են փնտրում։
Դիտարկվել են նաև դրական հոդվածներ։ Մասնավորապես, Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության անդամները հանդիպում են ունեցել նախարար Հարությունյանի հետ, որից հետո հայտարարել են, թե նախարարի ներկայացրած պատասխանները բավարար էին։ Հանդիպման ժամանակ քննարկվել էին հիմնականում Հայոց Լեզվին ու Հայոց պատմությանը վերաբերող հարցերը։
Որոշ հասարակական–քաղաքական գործիչներ, այնուամենայնիվ, սատար են կանգնել Արայիկ Հարությունյանին՝ «Մել» ֆիլմը ֆինանսավորելու որոշման հարցում և ողջունել են Հայոց լեզվի ու Հայոց պատմության ոչ պարտադիր առարկա դարձնելու հանգամանքը։