կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-18 18:42
Հասարակություն

«Օձը տաքացնողին է կծում» կամ ԵՊՀ-ի նոր մտահղացումը՝ Ա. Հարությունյանին փրկելու համար

«Օձը տաքացնողին է կծում» կամ ԵՊՀ-ի նոր մտահղացումը՝ Ա. Հարությունյանին փրկելու համար

Պարզվում է, Հայաստանում ծնելիության նվազմամբ և 12-ամյա կրթական համակարգի անցմամբ պայմանավորված՝ դիմորդների թվի պակասը ԵՊՀ-ում ունեցել է յուրօրինակ կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ տարօրինակ ազդեցություն․ դասախոսները և ասիստենտները ոչ թե կրճատվել են՝  կադրերի զտմամբ, մրցույթների հայտարարմամբ և գիտամանկավարժական առավել ցածր   ցուցանիշների տեր մասնագետներին դուրս թողնելու միջոցով, այլ՝ պարզապես մրցույթներ չեն հայտարարվել և դասախոսների որակների հանդեպ տոտալ անուշադրություն է: Բանական տրամաբանությունն այլ եզրակացության հանգելու հնարավորություններ չի ընձեռում, և այս հակատրամաբանական վիճակի մասին տեղեկանում ենք Yerkir.am-ի՝ ԵՊՀ ռեկտորին ուղղված նամակի պատասխանից:

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԵՊՀ-ում դասավանդելու ապօրինության հարցին անդրադառնալուց հետո Yerkir.am-ը լրացուցիչ նամակ էր ուղարկել ԵՊՀ ռեկտորին՝ խնդրելով պարզաբանել Արայիկ Հարությունյանի և ԵՊՀ-ի միջև առկա աշխատանքային հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Պատասխանում առկա է տարօրինակությունների և հակասությունների մի կույտ, որոնցից առանձնացնենք հետևյալները։

1․ ԵՊՀ ռեկտորի ժպ Գ. Գևորգյանը շուրջ 8 տարի ԵՊՀ-ում (հետևաբար նաև՝ արաբագիտության ամբիոնում) դասախոսների և ասիստենտների մրցույթ չանցկացնելը բացատրում է ուսանողների թվաքանակի նվազմամբ և դասաժամերի մեծածավալ կրճատումներով: Սա ենթադրում է դասախոսների թվի կրճատում: Բայց, ինչպես տեսնում ենք, ԵՊՀ արաբագիտության ամբիոնում մրցույթ չեն հայտարարել և  պարզ չէ՝ ինչպես են իրագործել այդ կրճատումը:

Սա՝ արաբագիտության ամբիոնի պարագայում: Մյուս ֆակուլտետներում, օրինակ, պատմության ֆակուլտետում դասախոսների վկայությամբ՝ 2017-2018 թթ. եղել է մրցույթ, մարդիկ մասնակցել են և հաղթել և ԵՊՀ ռեկտորի նախորդ տեղեկանքը գոնե այդ մասով չի համապատասխանում իրականությանը: Ստացվում է այնպես, որ երկրում ծնելիության նվազելը կամ 12-ամյա կրթության անցնելը ջախջախիչ ազդեցություն է ունեցել արաբագիտության ամբիոնի վրա, իսկ ահա, պատմության ֆակուլտետի վրա՝ ոչ:

ԵՊՀ-ից այդպես էլ մեզ չտրամադրեցին այն օրինական հիմքերն ու որոշումները, որոնց համաձայն՝ 2011-2012 թթ. առայսօր ԵՊՀ-ում, ներառյալ արաբագիտության ամբիոնում, չի անցկացվել ասիստենտի և դասախոսի տեղակալման մրցույթ, որով բեկանվել է 2016 թ. մայիսի 26-ի ԵՊՀ գիտխորհրդի համապատասխան որոշումը: Դատելով Գ. Գևորգյանի պատասխաններից՝ կարելի է եզրակացնել, որ այդ հիմքերը իրավական առումով չկան, և ծնելիության թվաքանակի նվազման և դիմորդների պակասի հակատրամաբանական պատճառաբանությունները փրփուրներից կախվելուն նմանվող «հիմնավորումներ են»:

2․ Yerkir.am-ը պարզել է, որ Արայիկ Հարությունյանի անունը չկա 2019-2020 թթ. ուս-տարվա դասացուցակներում, այնինչ՝ ԵՊՀ ռեկտորի ժպ-ի պաշտոնական պատասխաններում նշվում է, որ նրա հետ աշխատանքային պայմանագրերն անընդհատ երկարացվել են և, ի վերջո, նրա ժամկետը լրացել է ս/թ սեպտեմբերի 30-ին:

Մեր հարցմանն ի պատասխան՝ Գ. Գևորգյանը պատասխանել է, որ ԵՊՀ-ում տարիներ շարունակ գործող ձևաչափի համաձայն՝ մինչև ընթացիկ տարվա ամբիոնային ուսումնական ծանրաբեռնվածության հաստատումը, նախորդ ուսումնական տարում տվյալ ամբիոնում ժամկետային հիմունքներով դասավանդած պրոֆեսորադասախոսական համակազմի անդամների հետ աշխատանքային պայմանագրերը երկարաձգվում են 1 ամսով (մինչև սեպտեմբերի 30-ը), որից հետո ըստ հաստատված ծանրաբեռնվածության, ամբիոնի համակազմի հետ աշխատանքային հարաբերությունները երկարագձգվում են մինչև հաջորդ տարվա օգոստոսի 31-ը:

Ըստ այդմ՝ Արայիկ Հարությունյանի հետ ևս, աշխատանքային հարաբերությունների ժամկետը երկարաձգվել է 1 ամսով (մինչև սեպտեմբերի 30-ը):

Արաբագիտության ամբիոնի ուսումնական ծանրաբեռնվածության հաստատման փուլում պարզվել է, որ Ա. Հարությունյանն աշխատաքային ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է 2019-2020 թթ. ուսումնական տարում դասավանդել ամբիոնում, հետևաբար՝ սեպտեմբերի 30—ից հետո նրա հետ աշխատանքային հարաբերությունները չեն երկարաձգվել՝ այս մասին նշված է Yerkir.am-ին ուղղված պատասխանում: Նամակում նշված է նաև, որ Արայիկ Հարությունյանը սեպտեմբեր ամսվա համար չի վճարվել, նա վճարովի արձակուրդում է գտնվել 08.07.2019-23.08.2019 թթ., չվճարվող արձակուրդում՝ 25.02.2019 – 25.04.2019 թթ. (2 ամիս)։

3․ Պատասխան նամակում նշվում է նաև, որ, քանի որ արաբագիտության ամբիոնում ասիստնետի տեղակալման մրցույթ չի անցկացվել, հետևաբար՝ Արայիկ Հարությունյանի հետ աշխատանքային հարաբերությունները երկարաձգվել են՝ հիմք ընդունելով նախորդող ուսումնական տարում նրա մանկավարժական գործունեության արդյունքները:

Այստեղ ևս գործ ունենք ԵՊՀ-ի ղեկավարության տարօրինակ վարքագծի հետ. փաստորեն՝ ուղիղ երկու ամիս (2019 թթ. մարտ - ապրիլ) դասի չեկած, իսկ եթե հաշվի առնենք, որ հունվարն ու մայիսը բուհերում քննական և նախաքննական շրջան է՝ գրեթե մեկ կիսամյակ դասապրոցեսին կիսատ-պռատ ներկայացած, գիտական գործունեություն չծավալած Արայիկ Հարությունյանի մանկավարժական գործունեության արդյունքներն այնքան բարձր են եղել, որ լիարժեք հիմք են հանդիսացել 2019 թ. սեպտեմբերի 1-ին նրա աշխատանքային պայմանագրի ավտոմատ երկարացման համար: Ստացվում է նաև, որ եթե սեպտեմբերի ընթացքում Ա. Հարությունյանը ինքնակամ չհեռանար, սեպտեմբերի 30-ին մեկ տարով կրկին երկարաձգվելու էր պայմանագիրը:

Ի՞նչ պարզվեց․ օրինակ այն, որ նախորդ իշխանություններին, հատկապես՝ ԿԳ նախկին նախարարներ Ա. Աշոտյանին, Լ. Մկրտչյանին, ԵՊՀ նախկին ռեկտոր Ա. Սիմոնյանին ջանադրաբար և հիվանդագին կերպով քննադատող Ա. Հարությունյանին այնքան էլ վատ չեն վերաբերվել «կրթության համակարգը ավերած»  նախկին նախարարները: Ավելին՝ իր համար զզվելի անձնավորություն դարձած Ա. Սիմոնյանի օրոք ինքը ոչ թե «հալածյալ» դասախոս է եղել, այլ իր կոլեգաների համեմատ բավականին արտոնյալ մեկը, որի հետ առանց մրցույթի 3 անգամ պայմանագրեր են երկարացրել հենց Ա. Աշոտյանի և Լ. Մկրտչյանի օրոք՝ Ա. Սիմոնյանի ձեռամբ:

Ա. Հարությունյանի հետ վերջին՝ 4-րդ անգամ պայմանագիրը, կրկին առանց մրցույթի, խախտելով կամ շրջանցելով (ամեն, պարագայում՝ ուսանողների թվաքանակով պայմանավորված մրցույթների չհայտարարման փաստը մեզ համար համոզիչ չէ, քանի դեռ չեն տրամադրվել դրա մասին իրավական որոշումները) 2016 թ. մայիսի 26-ի ԵՊՀ գիտխորհրդի համապատասխան որոշումը, երկարացրել է կրկին Ա. Սիմոնյանը՝ 01.09.2018 թ., այսինքն՝ այն ժամանակ, երբ Ա. Հարությունյանը նախարար էր, և ԵՊՀ-ի ու անձամբ Ա. Սիմոնյանի հասցեին վերջինիս անպատասխանատու հայտարարությունների պակաս չէր զգացվում:

ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը ևս շարունակել է Ա. Հարությունյանին պահել ԵՊՀ-ում արտոնյալի կարգավիճակում. վերջին մեկ տարվա ընթացքում և՛ գիտական, և՛ մանկավարժական (Ա. Հարությունյանը տևական շրջան անգամ ֆիզիկապես չի ներկայացել դասերի) գործունեության զրո արդյունքների պայմաններում, հիմք ընդունելով մանկավարժական գործունեության այդ նույն զրո արդյունքները, ԵՊՀ ղեկավարությունը կրկին առանց մրցույթ հայտարարելու և կրկին խախտելով կամ շրջանցելով 2016 թ. մայիսի 26-ի ԵՊՀ գիտխորհրդի համապատասխան որոշումը, 2019 թ. սեպտեմբերի 1-ին երկարացրել է Ա. Հարությունյանի աշխատանքային պայմանագիրը: Այն, փաստորեն, մեկ ամիս անց՝ սեպտեմբերի 30-ին լուծվել է՝ Ա. Հարությունյանի՝ ԵՊՀ-ում դասավանդելու ինքնակամ հրաժարման պատճառով: 

Այս ամենի մեջ մի տեղ իրավացի է Արայիկ Հարությունյանը․ «Ա. Աշոտյանը, Լ. Մկրտչյանն ու Ա. Սիմոնյանը ավերել են գիտակրթական համակարգը» ասելիս, նա, փաստորեն, նկատի ունի հենց իր գիտամանկավարժական գործունեության զրոյական արդյունքների պայմաններում շուրջ մեկ տասնամյակ ԵՊՀ-ում մնալը և առանց մրցույթների հենքի դասախոսական գործունեություն ծավալելը: Այո՛, այդ մասով նրանք միանշանակ մեծ վնաս են հասցրել ԵՊՀ-ին ու գիտակրթական համակարգին:

Հիշեցնենք՝ Yerkir.am-ը հրապարակել էր «Հաղորդում ապօրինության մասին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում չպետք է դասավանդեր՝ ըստ գիտխորհրդի» հոդվածը, ըստ որի՝ ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է ունենան վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 3 տպագրված աշխատանք՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պետք է անցած լինեն նաև որակավորման բարձրացման ծրագիրը (առնվազն 30 կրեդիտ)։ 

Սա նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը վերջին 11 տարում գիտական որևէ աշխատանք չի հրապարակել, բայց առնվազն 2 մրցույթ հաղթահարել է։

Ի պատասխան հրապարակման՝ տեղեկանք էր տվել առ այն, որ սկսած 2011 թ. ԿԳՄՍ նախարարության՝ իբրև հերքման հիմք ներկայացրած ԵՊՀ ռեկտորի ժպ Գեղամ Գևորգյանի ստորագրությամբ տեղեկանքում պարզաբանվում էր, որ «2011-12 թթ ուսումնական տարվանից սկսած ուսանողական համակազմի թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված՝ ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները։ Ըստ այդմ՝ մինչ օրս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի հայտարարվել»։

Կարճ ասած՝ Արայիկ Հարությունյանը հնարավորություն չի ունեցել մրցութային հանձնաժողովի առջև խոստովանելու, որ վերջին 11 տարում տպագրված առնվազն 6 գիտական աշխատանք չունի։

Հ.Գ. Ժողովրդական իմաստությունն ասում է՝ «Օձը տաքացնողին է կծում»: Արայիկ Հարությունյանն էլ, փաստորեն, գոնե ԵՊՀ-ի մասով հանդիսանալով նախորդ «քրեաօլիգարխիկ», «կոռումպացված», «կրթական ոլորտը ավերած» համակարգի մի մասնիկը, ավելին՝ արտոնյալ մասնիկը, արագորեն անցավ գործի և փորձեց ներկայիս իր «սրբակենցաղ» կերպարի քաջնազարական անցյալը ծածկել ձյունով, այն է՝ անպատասխանատու, անլուրջ, հաճախ՝ ծաղրավիրավորական և փողոցային մակարդակի  քննադատություններով:

Վահե Սարգսյան