կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-20 12:20
Քաղաքական

Թովմասյանը «պահապան շուն» է, Փաշինյանին էլ ասացին` «հաչող շունը չի կծում». փոխադարձ վիրավորանքներ` ԱԺ-ում

Թովմասյանը «պահապան շուն» է, Փաշինյանին էլ ասացին` «հաչող շունը չի կծում». փոխադարձ վիրավորանքներ` ԱԺ-ում

ԱԺ նիստում շարունակվում է ՍԴ նախագահի նշանակման հարցի քննարկումը: Ելույթով հանդես եկավ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը` նշելով, թե պետք է առողջությունը մի փոքր քայքայի: Նա իր խոսքը սկսեց` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիշելով:

«Այն ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն չէր և աշխատում էր Բաղրամյան 26-ում, հայտարարում էր, թե Հայաստանում ստեղծում է կազմակերպված պետություն, իսկ իրականում դա կազմակերպված արյունարբու պետություն էր: Այդ պետության համահեղինակ Սերժ Սարգսյանը երեկ հարցազրույցով հայտարարել է, որ պատրաստվում է Հայաստանի վարչապետի պաշտոնը ստանձնել: Ես սա համարում եմ հայտարարություն կազմակերպված պետության դարաշրջանի ավարտի մասին: Սերժ Սարգսյանը հայտարարում է Հայաստանում այլ հայեցակարգի պետություն ստեղծելու մասին, և այդ պետությունը պետք է անվանել ստահոդ պետություն»,- ասաց պատգամավորը:

Ապա Փաշինյանն օրինակներ բերեց, թե ինչ կապ ունի այդ «ստահոդ պետության» հայեցակարգի հետ Հրայր Թովմասյանը, և ինչու է այդ հայեցակարգը ստահոդ պետության:

«Կապն անմիջական է: Հայտարարվում է` ՀՀ-ն անցնում է կառավարման խորհրդարանական համակարգի, բայց հիմնականում Թովմասյանի ձեռամբ գրված ԱԺ կանոնակարգ-օրենքով խորհրդարանական քննարկումները վերածվում են շուտասելուկի, երբ հարցերը քննարկվում են մեկ ժամանոց ռեժիմով, մեկ-երկու րոպեանոց ելույթներով, և երբ պատգամավորները շանս չեն ստանում կարդալու իրենց իսկ կողմից քվեարկվող օրենքները»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ Թովմասյանի վերջին ակորդն այն էր, երբ վարչապետի ընտրությունները մայիսի 2-ից տեղափոխեց ապրիլի 17-ին:

Ըստ նրա` սակայն սրանով գլուխգործոցները չեն ավարտվում: «Կա ավելի մեծ գլուխգործոց` նրանք կազմակերպեցին ՀՀ նախագահի ընտրություններ: Չնայած Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված է, որ նախագահի ընտրությունները կարող են բողոքարկվել, հիմա պարզվում է` ոչ մեկ չի կարող, որովհետև Թովմասյանի ձեռքով գրած օրենքի ուժով բողոքարկելու դրույթը ուժի մեջ է մտնում նորընտիր նախագահի` պաշտոնը ստանձնելու օրը, երբ բողոքարկելու բոլոր ժամկետներն ավարտված կլինեն: Սա է ստահոդ պետության հայեցակարգը»,- հայտարարեց Փաշինյանը, ապա հավելեց. «Այսքանից հետո ինչո՞ւ պիտի դրա հեղինակը չգործուղվի Սահմանադրական դատարան և դառնա ՍԴ նախագահ: Նա գործուղվում է ՍԴ, որովհետև այս ստահոդ պետության պահապան շունն է` բառի քաղաքական իմաստով»:

Պատգամավորի խոսքով` ընտրել են ստահոդ նախագահի, փորձելու են ընտրել ստահոդ վարչապետի: «Սրանով չեն բավարարվելու, մինչև որ Հայաստանում չհաստատեն ստահոդ ընդդիմություն»,- շեշտեց նա:

Փաշինյանի այս ելույթին ՀՀԿ-ից պատասխանեցին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Մասնավորապես` Շարմազանովը, ողջունելով գործընկերներին, շեշտեց. «Ողջունում եմ նաև, հուսով եմ, ոչ ստահոդ ընդդիմադիր գործընկերներին»:

Վահրամ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ չի անդրադառնա ստահոդ հայտարարություններին: «Բայց քանի որ բերվեց կենդանական աշխարհից օրինակ, բառի բուն քաղաքական իմաստով, ուզում եմ մի ժողովրդական ասացվածք հնչեցնել` «Հաչող շունը չի կծում»,- ասաց նա և անդրադարձավ Հրայր Թովմասյանին` շեշտելով, որ նա անձնական շահերից վեր է դասում օրենքի գերակայությունը:

«Եթե մենք ուզում էինք օրենքի շրջանցում կատարել, նա մոռանում էր քաղաքական ուժի պատկանելությունը և հանդես էր գալիս որպես մասնագետ, և այդ իմաստով, որպես մեծամասնություն, մեր խիղճը հանգիստ է: Սահմանադրական փոփոխությունների ակունքում գտնվող Հրայր Թովմասյանն այսօր առաջադրվում է ՍԴ նախագահ: Ես համոզված եմ` ինչ բարեխղճությամբ կատարել է իր պարտականությունները նախկինում, այդպես կկատարի և այս պաշտոնում: Քաղաքական ուժերին կոչ եմ անում վեր կանգնել քաղաքական մանր շահերից, գնահատել անձի մասնագիտական կարողությունները»,- հայտարարեց Բաղդասարյանը: