Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագծից պարզ չէ, թե ինչ է այդ ենթամշակույթը, ինչ է նշանակում՝ աստիճանակարգություն և բարձրագույն կարգավիճակ. Yerkir.am-ի հետ զրույցում քրեական ենթամշակույթը քրեականացնող օրինագծի վերաբերյալ այսպիսի դիրքորոշում հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ես չեմ կարծում՝ ՀՀ-ում օրենքով գողերը հանրային վտանգ են ներկայացնում, որպեսզի այդ օրենքն ընդունվի: Այս օրենքն ընդունվել է Ռուսաստանում, Վրաստանում, որովհետև այդ խնդիրը շատ լուրջ էր: Մեզ մոտ դա ժամանակավրեպ է, և ես չեմ տեսնում, որ այն իր նպատակին ծառայելու է»,- ասաց նա։
Yerkir.am-ի դիտարկմանը, թե հասարակության որոշ շերտի մոտ կա ձևավորված կարծիք, որ օրենքով գողերը համագործակցում են նաև իրավապահ համակարգի աշխատողների հետ, Աթանեսյանը պատասխանեց. «Հարցը պետք է ուղղել քրեակատարողական հիմնարկին և օպերատիվ մարմիններին՝ նրանք համաձա՞յն են այդ օրենքին, թե՞ ոչ, դա նրանց գործառույթներին է վերաբերում»:
«Այս նախագծով բացարձակ պարզ չէ այդ գործերի քննության մեթոդիկան և ապացույցների շրջանակը, օրինակ՝ եթե մարդը դիմում է օրենքով գողին՝ ինչ-որ հարց լուծելու համար, ինչպե՞ս են դա բացահայտելու և բացատրելու: Քննչական մեթոդիկայի բացակայության պայմաններում կա՛մ օրենքը կարող է չաշխատել, կա՛մ չափից դուրս կոպիտ աշխատել: Մեր բանտերում առանց այն էլ շատ կան անմեղ մարդիկ»,- խոսքը եզրափակեց Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ կառավարությունն ընդունել է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» և «Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը, ըստ որի՝ առաջարկվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական աստիճանակարգության, բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, եթե բացակայում են Քրեական օրենսգրքի 222-րդ կամ 223-րդ հոդվածներով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ բանդիտիզմ եւ հանցավոր համագործացությանը մասնակցելը։
Նարա Մարտիրոսյան