Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո անցել է մեկ տարուց ավել, բայց ռազմագերու կարգավիճակում հայտնված մեր հայրենակիցների ճակատագիրն մնում է անորոշ: Եվ մինչ բարձրաձայնվում է Բաքվի բանտերում նրանց հանդեպ իրականացվող խոշտանգումների մասին, Նիկոլը և իր շրջապատը ռազմագերիներին նոր տարբերակ է առաջարկում՝ կա՛մ խոշտանգվել Բաքվի բանտերում, կա՛մ կալանավորվել հայկական բանտերում: Հետո առաջարկն ամրապնդում են կոնկրետ գործողություններով՝ քրեական գործեր են հարուցում և կալանավորում գերեվարված և վերադարձած զինծառայողներին:
Ստացվում է մի իրավիճակ, երբ երկիրը պատերազմի առջև բացած, խայտառակ ապաշնորհությամբ պատերազմը վարած, երկրի անվտանգությունը հնարավոր ամենացածր շեմի իջեցրած, առանց որևէ ապահովագրության զինծառայողներին սարսափելի վիճակում դրած, կամավորներին առանց պատրաստելու անծանոթ տարածքներ տարած, լիարժեք զինամթերք ու պաշտպանական միջոցներ չտրամադրած, բունկերներում թաքնված իշխանությունն այսօր քրեական պատասխանատվության է ենթարկում գերեվարվածներին:
Արդյունքում լուրջ վտանգ է ստեղծվում գերիների հետվերադարձի հարցում, դժվարանում է միջազգային ատյաններում հայկական կողմի աշխատանքը:
Իշխանության անպատասխանատու գործողություններին անմիջապես հաջորդում է ադրբեջանական կողմի ակտիվ աշխատանքը՝ ուղղված միջազգային հանրությանն ու ինստիտուտներին, որտեղ նրանք Հայաստանը համեմատում են «Ստալինյան ճամբարների» հետ, և կոչ անում ադրբեջանական իրավապաշտպաններին իրականացնել Հայաստան վերադարձած զինվորների իրավունքների պաշտպանություն՝ փաստելով, որ «հեռու չէ այն պահը, երբ Երևանում վերդարձածներին կվերաբերվեն ավելի վատ, քան Բաքվում»: Ավելի ուժեղ ապտակ Հայաստանին դժվար էր պատկերացնել:
Դրան հաջորդում է Ալիևի իսպանական «El Pais» թերթին տված հարցազրույցը, որտեղ վերջինս չի հապաղում օգտվել Փաշինյանի ստեղծած հնարավորությունից և, խոսելով մեր ռազմագերիների մասին, անում է ցինիկ հայտարարություն. «Սա շատ լուրջ ազդանշան է մեզ համար՝ վերադարձողների և նրանց հարազատների համար։ Մենք նրանց վերադարձրեցինք Հայաստան, նրանք ձերբակալեցին։ Հնարավոր է, որ խոշտանգեն այս մարդկանց։ Մեր նախկին ձերբակալվածների ցուցմունքները վկայում են այն մասին, որ այդ մարդիկ ենթարկվելու են դաժան խոշտանգումների։ Հետևաբար, եթե ավելի շատ մարդկանց վերադարձնենք, նրանք կձերբակալվեն։ Սա իրական փաստ է, և դա կարելի է հաստատել»:
Միգուցե Նիկոլի շրջապատում չկա որևէ մեկը, ով նրան կզգուշացներ այսպիսի զարգացման հնարավորության մասին, միգուցե նրա թիմակիցները չունեն բավարար համարձակություն և մարդկային որակներ՝ նրան ուղղելու համար, բայց մենք այդ մասին զգուշացնում էինք: Պետք չէր լուրջ վերլուծություն անել՝ հասկանալու համար, որ երբ դու Բաքվի բանտում գտնվող գերուն ասում ես՝ գաս Երևան՝ քեզ դատելու եմ, ապա քո հայտարարությունը չի կարող մնալ անհետևանք։
Իսկ հիմա Ալիևն է գերիներին առաջարկում ինքնակամ հրաժարվել Հայաստան վերադառնալուց: Միգուցե Նիկոլը չի հասկանում, թե մարդկայնորեն ինչպիսի ծանր հարված է հասցնում ռազմագերիների ծնողներին և հարազատներին, բայց մի բան գոնե պետք է պատկերացնի, որ իր և իր թիմակիցների անպատասխանատու հայտարարությունների և գործողությունների պատճառով բարդ է լինելու միջազգային հանրությանը համոզել՝ գործադրել լուրջ ջանքեր ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ»։