Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ Կարո Փայլանը սոցցանցերի իր էջերում անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Թրամփի հետ հանդիպման ժամանակ արած հակահայկական կեղծ հայտարարություններին: Yerkir.am-ն ավելի վաղ նշել էր, որ Էրդողանը մասնավորապես հայտարարել էր, թե հայերը քոչվոր-գաղթականներ են, որոնք շրջում էին աշխարհով մեկ և որոշ ժամանակ էլ հանգրվանել էին Թուրքիայում, որտեղից էլ նրանց արտաքսել են:
«Հայ ժողովուրդն այլ ժողովուրդների հետ հազարավոր տարիներ այս հողերում ապրել է: Նրանց ապրած քաղաքներում քաղաքակրթություն են ստեղծել: Իբր՝ հայերը որպես քոչվոր շրջել են: Ամո՛թ: Էրդողանը, որն ասում է, որ ցեղասպանություն չի եղել, ցեղասպանության գովքն է հյուսում»,- ի պատասխան Էրդողանի հայտարարություններին՝ գրել է Փայլանը:
Բացի այդ՝ Փայլանը ԹԱՄԺ Պլանավորման և բյուջետային հանձնաժողովի քննարկումների ժամանակ անդրադարձել է մշակութային հարստությունների վերաբերյալ թուրքական կառավարության քաղաքականությանը: «Պետությունները կազմակերպությունների նման չեն, թվերով չեք կարող չափել: Ըստ ձեզ՝ ամեն ինչ սկսվել է 1071 թ.(Մանազկերտի ճակատամարտը, որում հաղթանակ տարան սելջուկ-թյուրքերը- խմբ.): Պատմության մեջ չակարտներ եք դնում, բայց խոսում եք 12 հազարամյա Գյոբեքլիթեփեից (Պորտասար): Կարծես, Գյոբեքլիթեփեն երկնքից է ընկել: Ամեն բան 1071 թ. չի սկսվել: Ավելի առաջ այստեղ ապրող ժողովուրդներ են եղել: Հայերը, ասորիները, քրդերը, լազերը այստեղ էին ապրում»,- ասել է Փայլանը:
Նա նաև քննադատել է թուրքական սահմանադրության մեջ տեղ գտած՝ «թուրքական պետության մեջ քաղաքացիություն ունեցող ամեն ոք թուրք է» դրույթին: «Ես թուրք չեմ, հայ եմ: Ասում եք, որ սա ինձ էլ է վերաբերում, չի վերաբերում: Թուրքական լեզվաբանական խորհուրդ կա: Արևմտահայերենը մահացող լեզուների մեջ չէ՞: Թուրքական լեզվաբանական խորհուրդը ինչ-որ աշխատանքներ տանո՞ւմ է, որպեսզի չվերանա արևմտահայերենը: Ո՛չ: Քրդերենի, զազայերենի, լազերենի, չերքեզերենի վերաբերյալ աշխատանքներ տանո՞ւմ է: Ո՛չ»,- ասել է հայ պատգամավորը: