կարևոր
3292 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 19:30
Քաղաքական

ԼՂ շրջափակման վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ կուղղեմ նախագահ Էրդողանին. Կարո Փայլան

ԼՂ  շրջափակման վերջ տալու ուղղությամբ պատասխանատվություն ստանձնելու կոչ կուղղեմ նախագահ Էրդողանին. Կարո Փայլան

Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղությամբ պատասխանատվութուն ստանձնելու կոչ կուղղեմ նախագահ Էրդողանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Թուրքիայի ազգային ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը` անդրադառնալով արդեն 18 օր շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության խնդրին:

«Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին միացնող հաղորդակցութեան միակ ճանապարհն է, իրենք զիրենք «բնապահպան» համարող խումբ մը ատրպէյճանցիներու եւ Ատրպէյճանի ապահովութեան պաշտօնեաներու կողմէ փակ կը պահուի աւելի քան երկու շաբաթէ ի վեր։ Լաչինի միջանցքի փակ ըլլալուն հետեւանքով, Լեռնային Ղարաբաղի մէջ սնունդի, դեղի նման հիմնական կարիքները ապահովելու տագնապը հետզհետէ կ՚աճի։ Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայ բնակչութիւնը շրջափակման տակ է։ Մարդկային տագնապի վերածուող այս շրջափակումին ժամ առաջ պէտք է վերջ տրուի։

Թուրքիա պէտք չէ անտարբեր մնայ Լեռնային Ղարաբաղի հետզհետէ աճող այս մարդկային տագնապին հանդէպ։ Քաղաքական ուժերը անյապաղ գործողութեան պէտք է ձեռնարկեն։ Լեռնային Ղարաբաղի շրջափակման վերջ տալու ուղղութեամբ պատասխանանատուութիւն ստանձնելու կոչ կ՚ուղղեմ նախագահ Էրտողանին։

Կովկասի մէջ խաղաղութեան հաստատումը Թուրքիոյ օգտին է։ Եթէ Լեռնային Ղարաբաղի մէջ մարդկային տագնապին վերջ տալու համար բոլորս պատասխանատուութիւն ստանձնենք՝ թէ՛ Հայաստան-Ատրպէյճան խաղաղութեան գործընթացին եւ թէ Հայաստան-Թուրքիա բնականոնացման գործընթացին մէջ կրնանք վերադառնալ դրական օրակարգի«,- գրել է նա։

Հիշեցնենք, որ այսպես կոչված բնապահպաններն արդեն 18 օր փակ են պահում Արցախը Հայաաստանին կապող միակ ճանապարհը: Արցախի Հանրապետությունում շարունակում է լիակատար շրջափակման մեջ մնալ 120 հազար քաղաքացի, որից 30 000-ը երեխաներ են: