Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը նոյեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քրիստոֆեր Սմիթը, ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:
Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից 296 բանաձևի ընդունմանը: «Կարծում եմ, որ սա չափազանց կարևոր քայլ էր գուցե ոչ միայն կամ ոչ այնքան Հայաստանի, որքան ԱՄՆ-ի և ողջ մարդկության համար, որովհետև բոլորս գիտենք, որ նման հանցագործությունների ճանաչման և դատապարտման միջոցով է միայն հնարավոր կանխել այդպիսի հանցագործությունների կրկնությունը: Հուսով եմ, որ տեսանելի ապագայում այս գործընթացն իր ամբողջական ավարտին կհասնի, և մենք կարող ենք փակել այս էջը»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը: Նա ողջունել է նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության 40 տոկոսով ավելացումը և նշել, որ այն ոլորտները, որոնց համար նախանշված է այս աջակցությունը, չափազանց կարևոր են Հայաստանի համար՝ կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, էներգետիկ բարեփոխումներ և այլն: ԱԺ նախագահը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանում տեղի ունեցած և տեղի ունեցող ժողովրդավարական զարգացումները նոր հիմք են, որպեսզի ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները մի նոր մակարդակի հասցվեն և է՛լ ավելի զարգանան:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լին Թրեյսին նշել է, որ շատ ուրախ է Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցության ավելացման համար և առաջարկել է քննարկել դրա օգտագործման դետալները:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստան-ԱՄՆ գործընկերության օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, այն ուղղությունները, որոնց շուրջ կողմերը կհամագործակցեն: Անդրադարձ է կատարվել կոռուպցիայի դեմ պայքարին, դատաիրավական և ոստիկանական բարեփոխումներին, օրենսդրական բարեփոխումների ընթացքում համագործակցությանը, ինչպես նաև ԱՄՆ աջակցությամբ իրականացվելիք նոր ծրագրերին, մասնավորապես զբոսաշրջության, ջրային ռեսուրսների կառավարման, ՏՏ, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում:
Դեսպանը գոհունակություն է հայտնել հայկական կողմի հետ աշխատանքներից և վերահաստատել Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը ՀՀ իշխանություններին ու Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին:
Արարատ Միրզոյանը կարևորել է ԱՄՆ-ի հետ փորձի փոխանակումը Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքում: