| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը:
ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Հանդիպման ընթացքում նախարարը եվրոպացի գործընկերներին ներկայացրել է Արդարադատության նախարարության օրակարգը՝ ուղղված դատաիրավական, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների բարեփոխումներին: Ռուստամ Բադասյանը վստահեցրել է, որ Հայաստանի Կառավարությունը, առաջնորդվելով «հիմա» և «այս պահից» կարգախոսով, պատրաստ է հստակ գործողություններով և շոշափելի քայլերով հասնելու իր առջև դրված նպատակների իրականացմանը: Նախարարը, բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին հատկանշական է համարել նաև գործընթացի ներառականությունը և այդ համատեքստում տեղեկացրել, որ Նախարարությունը նախքան Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելը նախաձեռնել է հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Վասիլիս Մարագոսը կարևորել է Կառավարության՝ մի շարք ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու հանձնառությունը և Եվրոպական միության բազմակողմանի աջակցությունն է հայտնել այդ նախաձեռնությունների իրականացման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ, անդրադարձել ոլորտային բարեփոխումների հաղորդակցության ռազմավարությունների մշակման հարցում ԵՄ աջակցության հնարավորություններին: