կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-11-01 13:05
Հասարակություն

Միացյալ Թագավորության դեսպանը ողջունել է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը

Միացյալ Թագավորության դեսպանը ողջունել է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը

Հոկտեմբերի 31-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան  Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթի հետ: Հանդիպմանը մասնակցել է նախարարության ղեկավար անձնակազմը, ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարը: Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ շատ կարևոր և ապագային միտված հանդիպում է, որը համագործակցության նոր հեռանկարներ կարող է բացել: Հանդիպման հիմնական թեման վայրի կենդանիների, մասնավորապես, կովկասյան գորշ արջերի անազատության մեջ գտնվելու և կենդանիների  պահպանության խնդիրներն էին: Մինչ այդ հարցին անդրադառնալը, նախարարը հանգամանալից ներկայացրել է նախարարության գործառույթները, շրջակա միջավայրի պահպանության գործում նախարարության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև իրականացվող և նախատեսվող կառուցվածքային բարեփոխումները, անդրադարձել համագործակցության իրական հնարավորություններին, ինչը հնարավորություն կտա լավագույնս  իրականացնել կենդանական և բուսական աշխարհի պատշաճ պահպանությունը: Նախարարն անդրադարձել է արդեն այսօր իրականացված հատուկ գործողությանը, որով տրվել է մեկնարկը մի ծրագրի, ինչը  հնարավորություն կտա անազատության մեջ պահվող արջերին համապատասխան փրկարար և վերականգնողական կենտրոն տեղափոխել: Արծվիկ  Մինասյանը նշել է, որ բոլոր գործողություններն իրականացվելու են հրապարակային, թափանցիկ և հաշվետվողականության հիման վրա:Կարևորելով Հայաստանի կենսաբազմազանության պահպանությունը՝ նախարարը շեշտել է, որ հետեևողականորեն իրականացվելու են բոլոր աշխատանքները՝ անազատության մեջ պահվող կենդանիների հայտնաբերումից  մինչև  կենդանիների Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխելն ու համապատասխան միջավայրում  բնակեցումը: Միաժամանակ, նախարարը շեշտել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը դեմ է այդ կենդանիների արտահանմանը՝ պահպանելու համար հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը: 

Դեսպան Ֆարնուորթը ողջունել է նախարարության կողմից իրականացվող քայլերը, խնդրին անդրադառնալով նշել, որ թեև Բրիտանիայում արջեր չկան, սակայն կան դրանց ճակատագորվ մտահոգ քաղաաքացիներ և ուրախությամբ ողջունում է կարևոր նախաձեռնության մեկնարկը, որում նաև բրիտանական կազմակերպությունն ունի իր ներդրումը: Անդրադառնալով անազատության մեջ պահվող արջերի վերաբերյալ հրապարակումներին, դեսպանը նշել  է, որ ուրախությամբ արձանագրում է բացասական այդ հրապարակման դրական արձագանքը և ողջունել  է բնապահպանության նախարարության կողմից իրականացվող քայլերը:  

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև համագործակցության հնարավորությունները, համապատասխան տեղեկատվության փոխանցման պատրաստակամություն են հայտնել ու ևս մեկ անգամ կարևորել փոխգործակցված աշխատանքը, որը կարող է օրինակելի դառնալ:

Բնապահպանության նախարարություն