կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-07 09:14
Քաղաքական

Արայիկ Հարությունյանի «անատամ» հերքումը ավելի բարդացրեց իրավիճակը

Արայիկ Հարությունյանի «անատամ» հերքումը ավելի բարդացրեց իրավիճակը

ԿԳՄՍ նախարարությունը «հերքում» է տարածել, որը միայն հաստատում է Yerkir.am-ի՝ "Հաղորդում ապօրինության մասին. Արայիկ Հարությունյանը ԵՊՀ-ում չպետք է դասավանդեր՝ ըստ գիտխորհրդի" հրապարակման հիմնական շեշտադրումները։

Yerkir.am-ի հրապարակումն այն մասին էր, որ Արայիկ Հարությունյանը 11 տարի գիտական որևէ հոդված չի գրել, բայց դասավանդել է, այնինչ պարտավոր էր այդ ընթացքում առնվազն 6 հոդված գրել, մինչդեռ նախարարությունը իբրև հերքում ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի տեղեկանքն այն մասին, որ արաբագիտության ամբիոնում ասիստենտի մրցույթ չի անցկացվել․․․ ինչպես տեսնում ենք, ԵՊՀ ռեկտորի տրամադրած տեղեկանքը ոչ մի կերպ չի հերքում  մեր պնդումը, ավելին՝ հաստատում է։

Yerkir.am-ը պնդել է, որ Արայիկ Հարությունյանի նման արտոնյալները ԵՊՀ-ում շատ չեն, քանի որ համալսարանում դասավանդող շատ այլ ասիստենտներ վերջին տարիներին բազմաթիվ գիտական աշխատություններ են հրապարակել․ Գեղամ Գևորգյանի տրամադրած տեղեկանքը սա էլ է հաստատում։  

Yerkir.am-ը պնդել է, որ ԵՊՀ գիտխորհրդի՝ 2016 թ. մայիսի 26-ի որոշմամբ՝ «մրցութային ընտրությանը մասնակցող թեկնածուները պետք է ունենան վերջին 5 տարում տպագրված մենագրություն, դասագիրք կամ առնվազն 3 տպագրված աշխատանք՝ տպագրված ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից հաստատված «Ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների ցուցակում» ընդգրկված պարբերականներում»։ Վերջին 5 տարում ԵՊՀ-ում աշխատող թեկնածուները պետք է անցած լինեն նաև որակավորման բարձրացման ծրագիրը (առնվազն 30 կրեդիտ)»։

ԿԳՄՍ նախարարության՝ իբրև հերքման հիմք ներկայացրած տեղեկանքը այս պնդումը ևս հաստատում է՝ միայն պարզաբանելով, որ Արայիկ Հարությունյանը հնարավորություն չի ունեցել մրցութային հանձնաժողովի առջև խոստովանելու, որ վերջին 11 տարում տպագրված առնվազն 6 գիտական աշխատանք չունի։ Մեջբերում ենք տեղեկանքի այդ հատվածը․ «2011-12 թթ ուսումնական տարվանից սկսած ուսանողական համակազմի թվաքանակի փոփոխությամբ պայմանավորված՝ ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները։ Ըստ այդմ՝ մինչ օրս ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնում ասիստենտի պաշտոնի տեղակալման մրցութային ընտրություն չի հայտարարվել»։

ԿԳՄՍ նախարարությունը Yerkir.am-ի հրապարակմանն արձագանքելով՝ ընդգծում է Գեղամ Գևորգյանի տեղեկանքի հենց այս հատվածը և հետևություն անում, որ  Արայիկ Հարությունյանի հետ պայմանագիրը օրինականորեն է երկարացվել, քանի որ դրա ապօրինությունը հաստատող մրցույթը չի անցկացվել:

Այստեղ հարցի հասցեատերը դառնում է ԵՊՀ ռեկտորատը․ ի՞նչ հիմքով է երկարացվել Արայիկ Հարությունյանի հետ պայմանագիրը, եթե պնդում եք, որ 8 տարի մրցույթ չի անցկացվել և 8 տարի պարզ չէ՝ ինչ որակավորման մասնագետներ են դասավանդում մեր ուսանողներին, այսինքն՝ ապագա մասնագետներին, որոնցից շատերը նաև հսկայական գումարներ են վճարում այդ ուսման դիմաց։

Եթե թերացումը ԵՊՀ ռեկտորատինն է, ուրեմն ԵՊՀ-ում կուտակված վերջին շրջանի բազմաթիվ խնդիրներին ավելանում է ևս մեկ ինքնախոստովանություն։

Եվ ամենակարևորը․ Գեղամ Գևորգյանը տրամադրել է ստորագրված տեղեկանք, որի համաձայն՝ «2011-12 թթ ուսումնական տարվանից սկսած ․․․ԵՊՀ-ում ժամանակավորապես կասեցվել են ասիստենտի և դասախոսի պաշտոնների տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրությունները»։ Մեր կարճ հարցախույզը պարզեց, որ սա կեղծ տեղեկանք է՝ գոնե ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասով․ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասիստենտ Գեղամ Բադալյանն, օրինակ, մասնակցել է ասիստենտի տեղակալման համար անցկացվող մրցութային ընտրություններին և հաղթել 2016-17 թվականներին։ Բնականաբար, այդ մրցույթին այլ թեկնածուներ էլ են մասնակցել։

ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի միցույթների թեմային այլ օրինակներով դեռ կանդրադառնանք։ Նաև կպարզենք՝ արդյո՞ք արաբագիտության ամբիոնում՝ բացառության կարգով, ասիստենտի մրցույթ իսկապե՞ս չի անցկացվել, թե՞ դա հայտարարվում է նախարարի դեմքը փրկելու համար։ Եթե այո, ապա ինչո՞ւ։ Նաև կպարզենք՝ արդյո՞ք Արայիկ Հարությունյանը մինչև 2019 թ-ի սեպտեմբերի 30-ը ներառյալ պարտաճանաչ հաճախել է իր բոլոր դասերին և եթե ոչ՝ արդյո՞ք բացակայությունը հիմնավորող պատշաճ փաստաթուղթ ներկայացրել է։ 

Այնուամենայնիվ, կցում ենք Yerkir.amհրապարակմանը ԿԳՄՍ նախարարության "հերքումն" ամբողջությամբ՝ նույն տեղում, նույն տառատեսակով, նույն նկարով՝ ինչպես օրենքն է պահանջում․ նշենք, որ իբրև հերքման հիմք ներկայացվող՝ ԵՊՀ ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանի տրամադրած տեղեկանքը պահանջել է նախարարությունը, այն ևս կցում ենք նախարարության ուղարկած տեքստին։

«Արայիկ Հարությունյանի աշխատանքը ԵՊՀ-ում օրինական է եղել. շրջանառվող լուրերը կեղծ են
Ստորև հրապարակում ենք դա հավաստող փաստաթուղթը: Չի անցկացվել որևէ մրցույթ և պայմանագիրը Արայիկ Հարությունյանի հետ երկարացվել է` մինչև նոր մրցույթի անցկացումը»: