Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը տեղեկություն չունի Իշխանասարի հատվածից ադրբեջանական զինուժի հետքաշման լուրերի առնչությամբ:
Նա ենթադրում է, որ եղանակային ոչ բարենպաստ պայմանների պատճառով ադրբեջանցիները պարզապես քողարկվել են ամրաշինական կառույցներում, իսկ իրականում հետ քաշվելու մտադրություն չեն կարող ունենալ՝ ելնելով Հայաստանի իշխանությունների գործելաոճից։
Նրա խոսքով՝ Սոչիում կայացած եռակողմ հանդիպման կամ դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ որոշակի համաձայնության գալու արդյունքում ադրբեջանցիների կողմից հետ քաշվելու հավանականությունը զրոյական է։
«Իսկ դուք գիտեք, որ ինչ-որ փաստաթո՞ւղթ է ստորագրվել դրա մասին, կամ ո՞վ է այսօր հավատում Նիկոլ Փաշինյանին։ Նա կարող է այսօր գնալ, Սոչիում ասել՝ պատրաստ եմ ստորագրել, վաղը կարող է գնալ Բրյուսել, ասել՝ ինձ այնտեղ ասում էին ստորագրի, բայց ես չեմ ստորագրել, այստեղ կստորագրեմ։ Ո՞վ է այսօր նրա խոսքի վրա հիմնվում», - նշեց Հակոբյանը։
Նա վերահաստատեց իր կարծիքը, որ Իշխանասարի հատվածից ադրբեջանցիների հետ քաշվելու լուրը հիմք չունի։
«Ադրբեջանցիները շարունակում են մնալ իրենց դիրքերում, սա իմ կարծիքն է։ Չեմ հասցրել տեղեկություն ստանալ՝ հիմա ինչ է կատարվում այնտեղ, բայց համոզված եմ, որ ադրբեջանցիները ոչ մի միլիմետր հետ չեն քաշվել։ Ինչի՞ դիմաց պետք է հետ քաշվեին․ մեր պաշտպանության նախարարությունի՞ց վախեցան՝ անհասկանալի կադրային փոփոխություններով», - ասաց պատգամավորը։