կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-01 10:10
Աշխարհ

ԱՄՆ-ը դադարեցնում է Լիբանանին 105 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը. Reuters

ԱՄՆ-ը դադարեցնում է Լիբանանին  105 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրումը. Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել դադարեցնել Լիբանանի կառավարությանն անվտանգության կարիքների համար տրամադրվող՝ 105 մլն դոլարի աջակցությունը, հայտնում է Reuters գործակալությունը՝ երկու ամերիկացի պաշտոնյաների հղումով:

ԱՄՆ պետդեպարտամենտը Կոնգրեսին հաղորդել է այդ որոշման մասին՝ առանց դրա պատճառները նշելու։ Պաշտոնյաներից մեկը մանրամասնել է, որ այդ քայլը կարող էր պայմանավորված լինել երկրում ընթացող բողոքի ակցիաներով: ԱՄՆ-ի ռազմական օգնությունը ներառել է գիշերային տեսողականության սարքերի և զենքի մատակարարում, որը կիրառվում է սահմանապահ ծառայությունների կողմից:

Գործկալության հաղորդմամբ՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այս տարվա մայիսից պահանջել է հավանություն տալ Լիբանանին տրամադրվող ռազմական օգնությանը՝ երկիրը համարելով Մերձավոր Արևելքում կարևոր գործընկեր, սակայն Վաշինգտոնը նաև բազմիցս մտահոգություն է հայտնել Լիբանանի կառավարությունում շիա «Հըզբոլլահ» կուսակցության աճող դերի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում ահաբեկչական կազմակերպություն է համարվում:

Oրերս՝ հոկտեմբերի 29-ին, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Լիբանանի նախագահին է հանձնել կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից իր հրաժարականի մասին դիմումը: Այդ որոշումն ընդունվել է վարչապետի կողմից երկրի տնտեսական կյանքը կաթվածահար արած զանգվածային բողոքի ցույցերի պատճառով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Բեյրութում ցույցերը սկսվել են ուրբաթ օրը՝ կառավարության նիստից առաջ, որը նվիրված էր լինելու 2020 ֆինանսական տարվա բյուջեի հաստատմանը: Զանգվածային դժգոհության պատճառներից մեկը իշխանությունների որոշումն էր «WhatsApp» հավելվածի համար հարկ վճարելը՝ ամսական 6 ԱՄՆ դոլարի չափով: