կարևոր
652 դիտում, 2 ժամ առաջ - 2025-03-04 11:24
Աշխարհ

ԱՄՆ-ը կասեցրել է ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային

ԱՄՆ-ը կասեցրել է ռազմական օգնության տրամադրումը Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինային փետրվարի 28-ին այդ երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանությունից հետո։ Այս մասին CNN-ին հայտնել են Սպիտակ տան աղբյուրները։

Նրանցից մեկի խոսքով՝ ռազմական օգնության դադարեցումն ուժի մեջ կմնա այնքան ժամանակ, մինչև Թրամփը որոշի, որ Զելենսկին խաղաղության շուրջ բանակցությունների հանձնառություն է ստանձնել։

«Նախագահը հստակ ասել է, որ կենտրոնացած է խաղաղության վրա։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր գործընկերները նույնպես հանձնառու լինեն այդ նպատակին։ Մենք դադարեցնում ենք և վերանայում մեր օգնությունը՝ համոզվելու, որ դա նպաստում է լուծմանը», - ասել է Սպիտակ տան պաշտոնյաներից մեկը։

Օգնության դադարեցումը կտարածվի այն ռազմական տեխնիկայի վրա, որը դեռ Ուկրաինայում չէ։ ԱՄՆ-ի որոշումից հետո արևմտյան պաշտոնյաներն ասել են, որ Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, կկարողանա դեռ մի քանի շաբաթ, հնարավոր է՝ մինչև ամառվա սկիզբը, պահպանել ռազմական գործողությունների նույն տեմպը, որից հետո կզգացվի Վաշինգտոնի որոշման լուրջ ազդեցությունը։ 

Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին Թրամփի ու Զելենսկու հանդիպումը Սպիտակ տանը վերաճել է լեզվակռվի: ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հազվագյուտ մետաղների վերաբերյալ գործարքի ստորագրումը չեղյալ է հայտարարվել, չնայած ամեն ինչ պատրաստ էր, և Զելենսկին ստիպված լքել է Սպիտակ տունը: Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մոտ ցանկություն չի տեսնում կարգավորել Ռուսաստանի հետ հակամարտությունը։