կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-31 23:12
Աշխարհ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դպրոցներն ու շուկաները փակ են, բանկային համակարգը չի աշխատում․ Մելիք Գարագավորյանը՝ Լիբանանի մասին

Արդեն 14-րդ օրն է՝ բանկային համակարգը չի աշխատում, դպրոցները փակ են, շուկաները դադարել են գործել, քանի որ ճանապարհները ևս փակ են. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Լիբանանի ԿԿ անդամ Մելիք Գարագավորյանը՝ անդրադառնալով Լիբանանի ներքաղաքական իրավիճակին։

Այս ամենը, նրա խոսքով, կարող է տանել Լիբանանի ընդհանուր տնտեսության և բանկային համակարգի քայքայման, որի առաջը պետք է առնել։  

«Շատ լուրջ հանգրվանի առջև ենք, կարող ենք շատ լուրջ դժվարություններ ունենալ նավթի առումով՝ գիտենք, որ գալիք օրերին ավելի ցուրտ, ավելի կոշտ կլիմայական պայմաններ են սպասվում, կարող ենք խնդիր ունենալ բենզինի, հացի և այս տեսակ այլ կենսական կարիքնեի առումով»,-մանրամասնեց նա։

Լիբանանահայ համայնքի անդամներից շատերը մասնակցում են հակակառավարական ցուցերին։ Դաշնակցությունը ժողովրդի սոցիալ-տնտեսական բողոքը առաջին օրերից համարել է արդարացի։

Ներքին լարումները, բնականաբար, ազդել են նաև հայ համայնքի առօրյա կյանքի վրա, քանի որ նրանք լիբանանյան հանրության մասնիկն են։ Որպեսզի հայկական թաղամասերում անդորրն ու կայունությունը չխաթարվեն, ՀՅԴ-ն հանդիպումներ է կազմակերպել ժողովրդի հետ, որին մասնակցել են նաև մասնագիտացած որոշ  շրջանակների անձինք, և բացատրել, որ կողմ լինելով ցուցարարների արդար բողոքին՝ մերժում են ծայրահեղականությունը։

Այս հանդիպումները, Մելիք Գարագավորյանի խոսքով,  նպաստել են միասնականության ու կայունության՝ սկզբունք դառնալուն, իսկ այդ սկզբունքը վերաճել է քաղաքական վարքագծի։  Դրա շնորհիվ հայկական թաղամասերում, բացի ընթացիկ ֆինանսատնտեսական խնդիրներից, որևէ բախում, իրարանցում, խլրտում չի եղել։

Դաշնակցությունը այս փուլում դեմ էր նաև վարչապետի հրաժարականին, քանի որ անկայունության սրացում էին կանխատեսում։ Տվյալ մթնոլորտը շահագործել փորձող քաղաքական նկրտումները ևս ՀՅԴ-ի համար անընդունելի են։  

 «Առաջին քայլը, որ ցուցարարներին կարող է որոշ գոհացում տալ, եթե ցուցարարների մոտեցումները զուտ լիբանանյան են և սոցիալ-տնտեսական, այսինքն՝ արտաքին գործոնները հետին նպատակներով չեն ազդելու, նրանց պետք է բավարարի երկրի նախագահի խոսքում տնտեսական բարեփոխոււմների,  հավելյալ տուրքերի վերացման, կաշառակերության դեմ պայքարի, արդյունավետ և ավելի նեղ կազմով կառավարություն ունենալու երևույթը»,-պարզաբանեց Մելիք Գարագավորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ ցուցարարների մի մասն արդեն վերադարձել է տուն։  

«Պետք է հաշտեցնել 3 հանգամանք՝ պարտադրված բարեկարգումներ, կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարի աշխուժացում, ցուցարարների արդարացի պահանջների հաշտեցում»,-ասաց նա։

ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն իրադարձություններից 2 ամիս առաջ Լիբանանի նախագահի պալատում սոցիալ-տնտեսական երկխոսության է մասնակցել և ներկայացրել իր մշակած տնտեսական բարեփոխումների փաթեթը՝  ավելի խիստ գործելաոճ կաշառակերության, մենաշնորհների դեմ պայքարում, հափշտակված գումարների վերադարձ պետական գանձարան, հավելյալ տուրքերից հրաժարում։ Որոշ անառարկելի առաջարկներ ընդունվել են։  

Մելիք Գարագվորյանն անդրադարձավ նաև այսօր՝ Իսրայելական օդանավի՝ Լիբանանի տարածք ներխուժելուն և իսրայելական անօդաչուների թռիչքներին։ Ասաց՝ ռազմաքաղաքականացած և կիսապատերազմական այս իրավիճակին բնորոշ է, որ արտաքին սպառնալիքները վերականգնվեն․ «Արտաքին սպառնալիքներ առաջ քաշող հարևանները, թշնամիները միշտ փորձում են այս խառնիճաղանջ քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակում փնտրել իրենց նպաստող իրավիճակ, որ կարողանան հակահարված տալ»։  

ՀՅԴ-ն դատապարտելի է համարել որոշ երկրների՝ սահմաններ չճանաչող ծավալապաշտական մոտեցումները Լիբանանի՝ վերջին 1 տարում ստեղծված սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Հիշեցնենք, որ արդեն 14-րդ օրն է Լիբանանում հակակառավարական ցույցեր են, որոնց հետևանքով երկրի ղեկավար Սաադ Հարիրին հրաժարական է ներկայացրել։

Մելիք Գարագավորյանը խոսեց նաև Հայաստանի ներքին իրավիճակից սփյուռքահայ համայնքի դժգոհության, Արցախի հարցում մտահոգությունների, դեպի Հայաստան ներգաղթի կազմակերպման անհուսության մասին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․