կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-26 19:14
Տնտեսական

ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու վերաբերյալ պայմանագիր կընդլայնի մեր շուկաները

ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու վերաբերյալ պայմանագիր կընդլայնի մեր շուկաները

ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց ԱՊՀ երկրների միջև ազատ առևտրի գոտի ձևավորելու պայմանագրի վերաբերյալ:

 

Վարչապետը հայտարարեց, որ  Սանկտ Պետերբուրգում ստորագրված այդ  համաձայնագիրը պատմական նշանակություն ուներ, որովհետեւ դրանով ձևավորվում են միասնական պլատֆորմ ու միասնական խաղի կանոններ: «Այս համաձայնագիրը տարբերվում է երկկողմանի համաձայնագրերից նրանով, որ ավելի ժամանակակից տերմինաբանություն եւ կանոններ է պարունակում»,- պարզաբանեց վարչապետը` ավելացնելով, որ այն չի հակասում Համաշխարհային առևտրի կազմակերպության հետ մեր պայմանավորվածություններին, այլ լրացնում է դրանց:

 

«Այդ առավելությունները մեր տնտեսվարող սուբյեկտների համար այն են, որ առանց մաքսատուրքերի վճարման նրանք կարողանալու են այդ շուկաներում իրականացնել առեւտուր: Երկրորդ` բոլոր երկրները պարտավորություն են ստանձնել, որ չեն լինելու քվոտավորումներ ու լիցենզավորումներ, այլ այդ տարածքը լինելու է միասնական առևտուր իրականացնելու համար: Սա մի քայլ է առաջ` ի տարբերություն երկկողմանի համաձայագրերի»,- ասաց վարչապետը` նշելով, որ այսպիսով Հայաստանի  շուկաներն ընդլայնվում են:

 

«Մենք մտահոգություն ունենք, որ հանկարծ այս գործընթացը չխոչընդոտի մեր եվրաինտեգրմանը»,- ասաց դաշնակցական պատգամավորը` տեղեկացնելով, որ Մոլդովան նման խնդիր արդեն ունեցել է:

 

Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ նման խոչընդոտներ չեն առաջանա, այլ հակառակը` նոր համաձայնագիրը պարունակում է նոր, ժամանակակից մեթոդների կիրառում, որը բնորոշ է Եվրամիությանը: Վարչապետը նաեւ տեղեկացրեց, որ այս գործընթացի մասին տեղյակ է պահվել ԵՄ գործընկերներին, և նրանց կողմից որևէ առարկություն չկա: