կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-29 09:40
Հասարակություն

Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում. մասնավոր բուհի ռեկտորը դիմել է ՀՀ վարչապետին

Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում. մասնավոր բուհի ռեկտորը դիմել է ՀՀ վարչապետին

«Ես և իմ ընկերներն առաջինը ողջունեցինք Ձեր՝  իշխանության գալը և մինչեւ այսօր հուսով ենք, որ չենք խաբվել։ Մեր գլխավոր նպատակն էր, որ կառավարման լծակը հայտնվի բանիմաց, հայրենանվեր մարդկանց ձեռքերում,  որոնք ընկալում են, որ ժողովուրդը հոգնել է ապրել նախագահի, նախարարի, փոխնախարարի, պետի և այլնի կարծիքով․ ժողովուրդն ուզում է ապրել օրենքով։ Գրում եմ Ձեզ, քանի որ հայտնվել եմ ծանր իրավիճակում». ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված բաց նամակում գրել  է «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը։

Մասնավոր բուհի ռեկտորը գրում է, որ համաձայն ՀՀ Կրթության, Լիցենզավորման մասին և մի շարք այլ լավ օրենքների՝ երեք անգամ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ «բուժական գործ» մասնագիտությամբ լիցենզիա ստանալու համար։ Գնել է նոր կահավորանք, ժամանակակից սարքավորումներ և գործիքներ՝ ծախսելով մոտ 50 հազար դոլար։ «Հանրապետական հիվանդանոցի հետ («Արմենիա» բժշկական կենտրոն) համաձայնագրով նախապատրաստվել ենք համատեղ աշխատելու, սակայն, ինչպես նշեցի, ստանում եմ մերժում՝ վերացական պատասխանով՝ «մանկավարժական կազմի, ուսումնական պլանի, զբաղեցրած տարածքների և հայտի սահմանված կարգի պահանջներին չհամապատասխանելու հիմքերով», երբ ամեն ինչ լիովին համապատասխանում է կարգի պահանջներին։ Ի՞նչ անենք, որ ես, միամիտ մարդ, օրենքին եմ հավատացել։ Եթե բուհերի մի մասին այդ մասնագիտությամբ լիցենզիա տալ կարելի է (ըստ ռեկտորի կապերի), մյուսին՝ ոչ, ընդունե՜ք համապատասխան օրենք, որպեսզի մեզ մեր վիճակը պարզ դառնա», նշել է Վ.Մադոյանը։

«Նախորդ իշխանությունները խոշոր մասնավոր բուհերի մենաշնորհը պահում էին մի զարմանալի երանգավորմամբ․ «Տեսնենք՝ նրանք կկարողանա՞ն աշխատել, նոր ձեր մասին կմտածենք»։ Ձեր կառավարության ներկայացուցիչները շարունակում են պահել դրանց մենաշնորհն այլ մեկնաբանությամբ․ «Նրանք խախտումներ են թույլ տվել։ Ստուգենք, նրանց հարցերը լուծենք, հետո ձեր մասին կմտածենք»։ Ի՞նչ կապ ունի որևէ բուհի խախտումը մի այլ բուհի լիցենզավորման հետ, մանավանդ որ այդ բուհերի խախտումները երբեք չեն հայտնաբերվելու, պատիժ էլ երբեք չի լինելու։ Մի՞թե այս թատրոնի ռեժիսորը չի հասկանում, որ մենք՝ անզոր հանդիսատեսներս, ցավոք, իրենից ավելի հեռուն ենք տեսնում։ Իսկ մասնավոր բուհերը դարձել են մեծ ու փոքր, քանի որ մի մասին տրվել է ամեն ինչ՝ օրինական և ապօրինի, այդ թվում՝ հարյուր տարի ժամկետով հատկացրել են անհատույց վարձակալությամբ շենքեր, մի քանի միլիոն դոլար արժողությամբ շենքերն էլ վաճառել են մի քանի հազարով և այլն, իսկ մյուսներին առաջարկել են սպասել։ Ազատ երկրում, ինչքան ես գիտեմ, աշխատող ձեռքերին չեն խփում», գրում է բուհի ռեկտորը։

Կրթության և մանավանդ բարձրագույն կրթության ոլորտում գլխավոր նպատակն, ըստ Վաղարշակ Մադոյանի, պետք է լինի առաջադիմության բարձրացումը ։ «Ամեն ինչ պետք է ուղղված լինի դրան։ Մասնավոր կրթությունը ստեղծում է պետական բուհերի համար անհարմար մթնոլորտ՝ մրցակցություն, ընդ որում՝ առանց պետությունից ջանք պահանջելու, իսկ կրթությունը (ինչպես ամբողջ երկիրը) զարգանում է մրցակցության առկայության պայմաններում»։

«Հայտնի է, որ պետությունը պետք է ոչ թե խոչընդոտի, այլ օժանդակի ձեռներեցին։ Լիցենզավորման մարմինները պետք է լինեն ոչ թե զսպիչ, այլ խթանիչ։ Եթե մասնավոր հիմնարկները վատ են աշխատում, պատճառն ավելի շատ պետք է փնտրել ոչ թե հիմնարկությունում, այլ լիցենզավորող մարմնի գործունեության մեջ։ Լիցենզիան հանձնել են ՍՊԸ-ին և տվել բացարձակ ազատություն՝ «ինչ ուզում ես, արա՜» ասելով, նա էլ ինչ ուզում, անում է։ Խնդիրը պետք է լուծել՝ լիցենզավորման մարմինների աշխատանքը կարգավորելով։ Վերջիններս պետք է կառավարող մարմիններից վերածվեն կազմակերպիչ, կարգավորիչ մարմինների։ Տվյալ դեպքում նրանք պետք է մշտապես հետևեն բուհերի աշխատանքին, ըստ անհրաժեշտության՝  նշեն թերությունները, հնարավորություն և ժամանակ տան դրանք վերացնելու, իսկ որոշ հարցերում նաև օգնեն։ Այսպիսի իրավիճակում ոչ միայն բուհերը, այլև ողջ հանրապետությունը կսկսի աշխատել», վստահ է բանասիրության դոկտորը։

«Մենք ընտելացել ենք, որ պետական կառույցը պետք է կարգադրի, պետական պաշտոնյան բոլորից խելացի ու միշտ իրավացի է և այլն։ Դրանք բռնապետական մոտեցումներ են։ Հիմա կարևոր է, որ պետությունը համագործակցի ձեռներեցի հետ։ Այսօր մենք շատ գոհ կլինենք, եթե հասնենք այն մակարդակին, որ պաշտոնյաները գոնե չխանգարեն ձեռներեցի գործունեությանը։ Հիմա ես ստիպված եմ դիմել դատարան, բայց տարբեր աղբյուրներից ինձ զգուշացնում են, որ եթե շատ պնդեմ, կարող են բուհը փակել առհասարակ։ Մի՞թե բռնապետությունը Հայաստանում անմահ է։ Եթե մերժումը պայմանավորված է բուհի ռեկտորի պրոֆեսիոնալիզմի պակասով, ապա (կներեք անհամեստությանս) ես 1976 թ․ գերազանցությամբ ավարտել եմ Մ․Վ․Լոմոնոսովի անվ․ Մոսկվայի պետական համալսարանը, խոսում եմ հինգ լեզվով, աշխատում եմ հայոց և ռուսաց լեզուներով, ԽՍՀՄ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր եմ (երեսունչորս տարեկանից), իրավաբանության դոցենտ եմ, արտասահմանում մի քանի միջազգային հանդեսների խմբկոլի անդամ եմ, մոտ 200 գիտական աշխատությունների հեղինակ, ընդգրկված եմ արտասահմանում տպագրված աշխարհի առաջավոր լեզվաբանների հանրագիտարաններում։ Ցանկը կարելի է երկար շարունակել։ Բայց բոլոր ձեռքբերումներս իմ հայրենիքոմ մշտապես անտեսվել են։ Գուցե պատճառն այն է, որ 42 տարի աշխատել եմ հանրապետության ամենակոռումպացված բնագավառներից մեկում՝ բուհական համակարգում, բայց երբեք կաշառակերությամբ չեմ զբաղվել, ինչի համար հույս ունեի գոնե նոր իշխանություններից շնորհակալական բառ լսել։

Մի՞թե մեր երկրում երբեք չպիտի գնահատվեն ո՜չ գիտական վաստակը, ո՜չ ազնվությունը (բա կարծես պայքարում ենք կոռուպցիայի դե՞մ)։ Շատ դժվար է ամբողջությամբ նվիրվել հայրենիքիդ և իշխանության կողմից մշտապես ընդունվել որպես երկրորդ կարգի անձնավորություն։ Իհարկե, այս նամակը ես գրում եմ՝ Ձեր օգնություն-արդարությունը ակնկալելով։ Հավաստիացնում եմ, որ այսօր մեր հանրապետությունում  նման իրավիճակում եմ ոչ միայն ես», վարչապետին հասցեագրված բաց նամակում գրում է «Անանիա Շիրակացի» համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանը: