Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը զեկուցեց «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի վերակազմավորելու և գույք տրամադրելու մասին: Նա նշեց, որ մի շարք բուհեր անցել են հիմնադրամի վերածվելու ձևաչափը, սակայն բավական մեծ խնդիրներ կան, բարեփոխումների կարիք կա: Խնդիրների մի մասի լուծումը փորձել են ձևակերպել բարձրագույն կրթության մասին նոր օրենքում, որը հոկտեմբերի 1-ից կդրվի շրջանառության մեջ, իսկ հիմա բանակցում են Համաշխարհային բանկի հետ ընդհանուր բուհական բարեփոխումների վերաբերյալ:
Վարչապետ Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Ես հիմա չեմ ուզում կենտրոնանալ այն հարցի վրա, թե մեզ համար որքան կարևոր է ունենալ կիրթ քաղաքացի: Երբ թիմը վերջնականապես ձևավորվի, յուրաքանչյուր նախարարության հետ պետք է քննարկվեն որոշ հարցեր: Ինձ ուղղակի բացատրեք` մենք ի՞նչն ենք փոխում, ի՞նչն է փոխվում բուհի կառավարման մեջ, կանոնների մեջ»:
Լևոն Մկրտչյանը պատասխանեց, որ բուհերը հիմնականում պետական ոչ առևտրային կազմակերպություններ էին, այնուհետև ձևավորեցին հիմնադրամներ, որ կարողանան ավելի ազատ և ինքնավար գործել` ֆինանսական առումով: Մի քանի համալսարաններ դեռ շարունակում են ՊՈԱԿ մնալ, բայց հիմնադրամ ձևաչափն էլ չի բավարարում բուհերի լիարժեք կառավարման համար:
«Մենք կարիք ունենք առաջիկայում բարձրագույն կրթության մասին օրենքում նկարագրել հիմնադրամի յուրահատուկ ձևաչափ, որը հատուկ կլինի կրթական կամ համալսարանական համակարգին: Այսօրվա հիմնադրամները հիմնականում չեն արտացոլում բուհի խնդիրների լուծումը»,- ասաց Լևոն Մկրտչյանը:
Վարչապետը կրկին հարցրեց, թե ի՞նչը թույլ չի տալիս կիրառել կամ չկիրառել առաջարկվող կառավարման համակարգը: Նախարարը նշեց, որ առաջարկվող տարբերակով արմատական փոփոխություններ են տեղի ունենում կառավարման խորհրդի կազմում. ՊՈԱԿ-ը ավելի կենտրոնացված է, իսկ հիմնադրամը հնարավորություն է տալիս համալսարանին ավելի ազատորեն տնօրինելու իր միջոցները: Հիմնադրամները շատ ավելի ազատ են իրենց ֆինանսական քաղաքականության մեջ, այսինքն` հիմնադրամն ավելի հարիր է համալսարանի ինքնավարությանը:
«Որ ասեմ` ես մինչև վերջ պատկերացրեցի, թե ինչ փոփոխություն է կատարվում, ճիշտն ասած` չէ, բայց քանի որ արդեն քննարկել եք, կընդունենք` հետագայում վերանայելու պայմանով»,- ասաց վարչապետը:
Լևոն Մկրտչյանը հավելեց, որ հիմնադրամն այսօր չի բավարարում բուհերի խնդիրների լուծմանը, և կարիք կա հիմնադրամների մասին օրենքում առանձին նկարագրել բուհերի ինքնավարությունը` ֆինանսական տեսակետից:
Կարեն Կարապետյանը հարցրեց, թե ինչո՞ւ են այդ դեպքում մասնակի լուծում տալիս: «Գիտե՞ք` ինչ, մենք բազմաթիվ կիսատ-պռատ քայլեր ենք անում` համոզված չլինելով, որ դա ճիշտ է: Ես այս պահին չեմ ուզում ձեր որոշումը կանգնեցնել, բայց եթե վստահ չեք, որ սա օգուտ է տալու, գուցե չանենք, մտածենք, թե վերջնական ի՞նչ քայլեր կարող ենք անել»,- ասաց նա:
Լևոն Մկրտչյանը նշեց, որ պրոցեսը սկսվել է, հետևաբար սխալ կլինի այն դադարեցնել, որովհետև բուհերի մի մասն արդեն հիմնադրամ է ձևավորել: «Ես համոզված եմ, որ բուհական համակարգը կարիք ունի լուրջ բարեփոխումների: Ես կարծում եմ, որ համալսարանների այն քանակը, որ կա Հայաստանում, ուղղակի հարվածում է կրթության որակին»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ պետք է ոչ թե կիսատ-պռատ լուծում, այլ` հիմնարար, ուստի այդ հարցը պետք է վերանայել:
Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանն արձագանքեց` ասելով, որ հիմնադրամները կազմակերպչա-իրավական տեսակետն են փոխում, որը նաև ֆինանսական ավելի լայն հնարավորություն է տալիս:
«Ընդունված է, բայց մինչև վերջ` չբավարարված»,- ասաց Կարեն Կարապետյանը: