Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի իշխանությունները սիրիացի փախստականներին բռնի արտաքսում են Սիրիայի հետ սահմանին գտնվող շրջանը, որտեղ մտադրություն ունեն, այսպես կոչված, «անվտանգության գոտի» ստեղծել. հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Amnesty International-ին:
Այս պահին Թուրքիայում մոտ 3,6 մլն սիրիացի փախստական է բնակվում: Անկարան հույս ունի մինչև 2 մլն մարդ տեղափոխել Սիրիայի հյուսիս-արևելքում ծրագրվող «անվտանգության գոտի» և շեշտում է, որ ավելի քան 350 000 սիրիացի փախստական վերադարձել է իր երկիր:
Այնուամենայնիվ, Amnesty International-ի տեղեկացմամբ, փախստականները բողոքում են, որ թուրքական ոստիկանությունը սպառնացել է իրենց՝ պարտադրելով փաստաթղթեր ստորագրել, որոնք հաստատում են, որ իրենք իրենց ցանկությամբ են վերադառնում Սիրիա:
«Իրականում Թուրքիան սպառնալիքի տակ է դնում սիրիացի փախստականների կյանքը՝ նրանց ստիպելով ռազմական գործողությունների գոտի վերադառնալ»,- հայտարարել է իրավապաշտպան կազմակերպությունը:
Amnesty International-ի կարծիքով՝ վերջին ամիսներին հարյուրավոր մարդիկ են հարկադրաբար տեղափոխվել: Կազմակերպությունը տվյալները ստացել է հուլիսից մինչև հոկտեմբեր անցկացված հարցումներով՝ հաստատելով նման 20 դեպք: Արտաքսված սիրիացիներին հաճախ հայտնում են, որ նրանք գրանցված չեն կամ ապրում են թուրքական նահանգի սահմաններից դուրս, ընդ որում՝ մարդկանց արտաքսում են նահանգներից, որտեղ նրանք գրանցված են եղել: