կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-21 12:16
Տարածաշրջան

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում հեռանալ Սիրիայից

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում հեռանալ Սիրիայից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով Ստամբուլում Ռիզեի օրվան (որտեղ ծնվել է Էրդողանը) նվիրված միջոցառման շրջանակում, անդրադարձել է Սիրիայում հոկտեմբերի 9-ին մեկնարկած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությանը և օրեր առաջ ԱՄՆ-ի միջամտությամբ ձեռք բերված 120-ժամյա հրադադարին:

«Մեր երկիրը և՛ սեփական անվտանգությունը, և՛ Սիրիայի տարածքային ամբողջականությունը երաշխավորելու ուղղությամբ քայլեր է անում: Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի հետ ձեռք բերած համաձայնությունն արտացոլում է դիվանագիտության մեջ մեր հաջողությունը: Դարձյալ կրկնում եմ՝ ԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք անվտանգության գոտի հայտարարված տարածքներում 120 ժամվա ընթացքում դատարկել շրջանները: Հինգշաբթի գիշերվանից սկսած՝ այդ գործընթացն ընթանում է: Ուշադրություն դարձրեք, ահաբեկչական խմբավորումների հետ չենք համաձայնել, այլ՝ ԱՄՆ-ի: Այստեղ ոմանք սխալ ուղղության են տանում, նման բան չկա»,- հայտարարել է Թուրքիայի ղեկավարը:

Էրդողանը նաև նշել է, որ անվտանգության գոտին պետք է լինի հյուսիսից հարավ (Սիրիայի տարածքում)՝ 32 կմ, Իրաքի սահմանից Ջերաբլուս 444 կմ տարածքում: «Մենք մեր դասերը քաղել ենք, ծրագրերն ու նախագծերը պատրաստ են: Քայլերն էլ ըստ դրա ենք անում: Շարունակելու ենք մեր պայքարը մինչև, որ շրջանը մաքրվի վերջին ահաբեկչից»,- նրա խոսքերն է մեջբերում է թուրքական NTV հեռուստաալիքը:

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն էլ հերքել է Թուրքիայի կողմից քիմիական զենքի կիրառման մասին տեղեկությունը: «Մենք մեր պատմության մեջ երբեք քիմիական զենք չենք օգտագործել: Մեր զինանոցում երբեք քիմիական զենք չենք ունեցել: Ըստ այդ համաձայնության (հրադադարը)՝ 120 ժամվա ընթացքում բոլոր ահաբեկչական տարրերը պետք է հետ քաշվեն: Եթե 35 ժամվա ընթացքում հետ չքաշվեն, գործողությունը կվերսկսվի»,- հայտարարել է նախարարը: