Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
168.am-ը գրում է․«Տևական ժամանակ է, իշխանություններն ամբողջ ռեսուրսներով՝ օրենսդիր, ուժային, զբաղված են Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ սցենարներ փորձարկելու գործով: Նրանք այդ նպատակին հասնելու համար փաստացի սկսել են հետապնդել անգամ նրա ընտանիքի անդամներին՝ հորը, դուստրերին, քրոջը… Մի կողմ թողնելով բարոյականության մասին հիշեցումները, միայն նկատենք, որ Հայաստանում երբևէ որևէ իշխանություն՝ լինի հանցավոր, ստոր, թե կոռումպացված, ընտանիքի անդամներին չի փորձել օգտագործել իր այս կամ այն քաղաքական ցանկություններն իրականություն դարձնելու համար:
Զավեշտն այն է, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ-ն «գործուղվել էր» Հրայր Թովմասյանի հայրական տուն՝ Դարակերտ գյուղ, որտեղ, ինչպես Հ. Թովմասյանի հայրն է ասել՝ հետաքրքրվել են իրենց տան տանիքից՝ երբ է կառուցվել, ինչ միջոցներով և այլն: Իսկ երեկ արդեն Հ. Թովմասյանի 75-ամյա հայրն ու երկու դուստրերը հրավիրվել էին ԱԱԾ: Փաստաբան Հայկ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ՍԴ նախագահի ավագ աղջկանից ԱԱԾ-ում հետաքրքրվել են Կենտրոն վարչական շրջանում գտնվող նրան պատկանող ավտոտնակից, որը նա 2016թ. նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։
Փաստաբանի փոխանցմամբ՝ Հ. Թովմասյանի կրտսեր դստեր միակ գույքը 2014թ. արտադրության Nissan Sentra մակնիշի ավտոմեքենան է, որը ևս որպես նվիրատվություն՝ աղջիկը ստացել է 2016թ.՝ մորաքրոջ աղջկանից։ «Նվիրատվության պատճառը այն է, որ մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է իրեն պատկանող գույքը նվիրել քույրերին»,- ասել է Հայկ Սարգսյանը։
Փաստաբանը նաև ասել է, որ հարցեր են հնչել Հրայր Թովմասյանի ավագ դստեր Nissan Patrol մեքենայի վերաբերյալ, որը ապրիլյան պատերազմի ընթացքում կամ հաջորդող օրերին աղջիկը նվիրաբերել է Արցախի Հանրապետության ՊԲ-ին։ Մյուս փաստաբանը՝ Ամրամ Մակինյանը, տեղեկացրել է, որ Հրայր Թովմասյանի հորը՝ Վարդան Թովմասյանին, բացատրության ընթացքում ԱԱԾ-ում կրկին հարցեր են ուղղվել տան տանիքի վերաբերյալ, թե ինչ միջոցներով է այն նորոգվել։ «Պարզ հարցեր են եղել, հնչել են պարզ պատասխաններ՝ 2007թ. Վարդան Թովմասյանի միջոցներով, հարևանների օգնությամբ, գյուղում, պարզաբանում է տրվել, թե ոնց է վերանորոգվել»,- նշել է փաստաբանը։
Ահա այն ամենը, ինչով շուրջ երկու օր շարունակ (հրապարակային) ամենայն լրջությամբ զբաղված է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը: Համաձայնեք, որ շա՜տ, չափազանց լուրջ սպառնալիքներ ոչնչացնելու «ազգանվեր» գործ է: Բայց, ցավոք, մինչ երեկ ԱԱԾ-ն զբաղված էր այս խիստ կարևոր հարցաքննություններով՝ տանիքի ու ավտոտնակի ծագումնաբանության բացահայտումով, ադրբեջանցի հակերները կոտրել են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջն ու այնտեղ տեղադրել Իլհամ Ալիևի՝ Արցախի վերաբերյալ ոչ հայանպաստ տեսագրությունը: Արդյոք սա ազգային սպառնալիք չէ՞:
Ավելորդ է հարցնել, թե ԱԱԾ-ն, որի գործառույթն արտաքին սպառնալիքները ոչնչացնելն ու կանխելն է, ինչո՞վ էր զբաղված այդ ընթացքում, քանի որ գոնե վերջին երկու օրերին տեսնում ենք, թե այն ինչ գործառույթ է իր վրա վերցրել, ինչով է հիմա զբաղվում այդ կառույցը: Ահա իշխանության ցանկությունները սպասարկելու, նրանց կամակորությունները բավարարելու հետևանքները:
Ի դեպ, երեկ մի խումբ իրավապաշտպաններ անդրադառնալով Հ. Թովմասյանի ու նրա ընտանիքի դեմ իրականացվող իշխանությունների հետապնդումներին՝ այն համարել են անճարության դրսևորումներ: Իսկ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն էլ վստահեցրել է, որ, եթե Հրայր Թովմասյանը սկսեր հնազանդվել այսօրվա իշխանությանը, ապա իր նկատմամբ այս դիմադրությունները չէին լինի: Նա հայտարարել է, որ իշխանությունն արդեն չափն անցնում է, ու ամեն ինչ գնում է դեպի 1937 թիվը. «Իշխանությունն անձնական տեռոր է սկսել»:
Համաձայնեք, որ իշխանության կողմից իրականացվող քայլերն այլ ենթադրությունների հնարավորություն չեն տալիս:
Իմիջիայլոց, երեկ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը մի ուշագրավ պատմություն էր հիշել «հանցավոր ռեժիմի անդամ» Հրայր Թովմասյանի ու «թավշյա» Նիկոլ Փաշինյանի առնչությամբ:
«Հրայրի աղջիկների՝ ԱԱԾ մտնելու էսօրվա մղձավանջն եմ նայում։ Էդ տեսարանը մտքերով ինձ տարավ 2017թ. մի ուշ երեկո, երբ Ազգային ժողովի սենյակներից մեկում խոսում էինք՝ ես ու Հրայրը, խոսում էինք մարդու ու քաղաքականության մասին։ Ու Հրայրը էդ երեկո ինձ մի բան պատմեց, որ, երևի, էսօր ամենալավ առիթն է, որ ես այն վերապատմեմ։ Վերապատմեմ հանուն վաղվա։ Հրայրը, ինքն իր արածից գոհ մարդու պայծառ աչքերով, ինձ երկար պատմում էր, թե ինչպես հեռավոր 2011 թվականին, երբ ինքը Արդարադատության նախարարն էր, տեղեկանում է այն մասին, որ «Կոշ» թե «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում իր պատիժը կրող Նիկոլ Փաշինյանի միջնեկ դուստրը ընկել կոտրել է ձեռքը։
Պատմում էր, որ իմանալուց հետո, որպես Արդարադատության նախարար, իր իրավասությունների շրջանակում գտնվող քիչ գործիքներից մեկին է դիմում ու սեփական նախաձեռնությամբ երկու թե երեք անգամ արտահերթ երկարաժամկետ ընտանեկան հանդիպման թույլտվություն է տալիս Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Հպարտ էր իր արածով: Հրայրը ճիշտ էր արել։ Նա վաղն էլ, վստահաբար, նույնը կանի։ Ես դա գիտեմ։ Ու էլի ճիշտ կանի։ Այդպես է մարդը հաղթում։ …Նայում եմ այս հրաշք աղջկան ուղիղ եթերում, հիշում եմ այս պատմությունն ու էլի մտածում մարդկային տեսակների մասին»,- պատմել է Ֆարմանյանը:
Փնտրեք տարբերությունները: Ինքներդ»։