կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-18 11:18
Հասարակություն

Նրա ներկայությունը ազնվացնում էր ԱԺ հանձնաժողովը. Հրանուշ Հակոբյանը հուզմունքով է հիշում Ռուբեն Հովսեփյանին

Նրա ներկայությունը ազնվացնում էր ԱԺ հանձնաժողովը. Հրանուշ Հակոբյանը հուզմունքով է հիշում Ռուբեն Հովսեփյանին

«Ես բախտ եմ ունեցել աշխատելու Ռուբեն Հովսեփյանի հետ խորհրդարանում: Այնքան պատկառազդու էր, այնքան խորունկ էր, այնքան պարկեշտ, այնքան ազնիվ, որ նրա ներկայությունը կարծես մեզ ձգված էր պահում», - Yerkir.am-ի հետ զրույցում հասարակական-քաղաքական գործիչ Հրանուշ Հակոբյանը անթաքույց հուզմունքով հիշեց մեծանուն մտավորական Ռուբեն Հովսեփյանին:

Նրա հետ աշխատանքային տարիները մեծ խորհուրդ ունեն Հրանուշ Հակոբյանի համար: «Ոչ մի ավելորդ բառ, խոսք մենք նրա ներկայությամբ չարտասանեցինք: Այն հանձնաժողովը, որը ես էի գլխավորում, ինձ թվում էր, որ նրա ներկայությամբ կարծես թե օծվում է, կարծես թե ազնվանում է, ջերմանում է: Եվ նրա կարճ, դիպուկ, խելացի, զուսպ արտահայտությունը, կարող եմ ասել, մենք կորզում և դարձնում էինք օրենքի նորմ, որովհետև նրա յուրաքանչյուր խոսք, իրոք, տեղին էր, անհրաժեշտ էր, և անպայման դա պետք է օրենքի ուժ ստանար: Ես հպարտ եմ, որ Ռուբեն Հովսեփյանի հետ աշխատել եմ, և միասին դարձել ենք կրթությանը, մշակույթին և հատկապես մայրենի լեզվին առնչվող՝ պառլամենտի հետաքրքիր ու կարևոր օրենքների հեղինակ»,- նշեց նա:

Տարիների հեռվից տիկին Հակոբյանը նաև գաղտնիք է բացում. «Ռուբեն Հովսեփյանն այն անձնավորությունն էր, որ ինձ ծանոթացրեց, բարեկամացրեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին Վեհափառի հետ, և հենց Ռուբենի երաշխավորությամբ էր, որ ես առաջին անգամ մասնակցեցի Լիբանանում հայոց լեզվին, մայրենիին նվիրված համաժողովին, և այնուհետև շարունակվեց մեր գործունեությունը»:

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի՛ եղբայր, իմ սիրելի՛ ընկեր, բարեկամ, մեծ հայ, մեծ հայրենասեր, մեծ մարդ և, ամենակարևորը, աննկարագրելի հայր և ամուսին», - սիրելի ընկերոջ հոբելյանին նվիրված իր խոսքն այսպես եզրափակեց Հրանուշ Հակոբյանը:  

Հիշեցնենք, որ օրերս լրացավ մեծանուն մտավորական, հասարակական և քաղաքական գործիչ, գրող Ռուբեն Հովսեփյանի ծննդյան 80-ամյակը, որի առիթով Համազգային Հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակը Համազգային թատրոնի սրահում նախաձեռնել էր հոբելյանական երեկո: