կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-16 11:32
Հասարակություն

«Հիշում ենք և Պահանջում». Հրանուշ Հակոբյանի նոր գիրքը

«Հիշում ենք և Պահանջում». Հրանուշ Հակոբյանի նոր գիրքը
Լույս է տեսել Հրանուշ Հրատի Հակոբյանի «Հիշում ենք և Պահանջում» վերտառությամբ ծավալուն /840 էջ/ գիրքը։
Աշխատությունն ամփոփում է հեղինակի գիտական, հրապարակային զեկու­ցում­ները, ելույթները, որոնք հիմնականում նվիրված են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախապատրաստմանը, տարածաշրջանային հանձնախմբերի հետ ՀՀ սփյուռ­քի նախարարության աշխատանքներին։
 
Աշխատության մեջ ներկայացված են նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի գործունեությունը, նիստերին հեղինակի ելույթները, որոնք հիմնականում վերաբերում են Սփյուռքի տարբեր տարածքներում կատարված աշխատանքներին։
 
Անդրադարձ է կա­տարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին, դրա բովանդակությանն ու հիմնական սկզբունքներին, ինչպես նաև համա­պետական, համահայկական հնչեղություն ունեցող ձեռնարկներին, դրանց նշանա­կությանը։
Գրքում տեղ է գտել նաև հեղինակի «Հայկական սփյուռքը հարափոփոխ աշխարհում» գրքի այն հատվածը, որը նվիրված է ցեղասպանությանը` «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով։
 
Հեղինակն իր բոլոր ելույթներում ընդգծում է, որ Օսմանյան կայսրության կողմից պետականորեն ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը, միջազգային իրավունքին համապատասխան, վաղեմության ժամկետ չունի և երիտասարդությանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայության ոտնահարված իրավունքների վերականգնման, արդարության հաղթանակի և ցեղասպանությունների կանխման համար։
 
Հրանուշ Հակոբյանը Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման ուղղությամբ հայ ժողովրդի պայքարի շարունակության վերաբերյալ ներկա­յացրել է գիտագործնական, կազմակերպչական բնույթի բազմաթիվ առաջարկներ, հարցադրումներ, ձևակերպել երաշխավորություններ, որոնք կարող են օգտագործվել Հայկական Սփյուռքում և Հայրենիքում։
 
Աշխատությունը նախատեսված է հասարակական-քաղաքական գործիչների, ուսա­նողների, մագիստրոսների, ասպիրանտների, սփյուռքյան կառույցների ղեկավարների, ներկայացուցիչների, սփյուռ­քագետների, նաև ընթերցողների լայն շրջանակի համար։ Աշխա­տու­թյու­նը հրա­տա­րա­կու­թյան է ե­րաշ­խա­վո­րել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ Պատ­մու­թյան ինս­տի­տու­տի գի­տա­կան խոր­հուր­դը։