Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 19-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը. հայտնում են Սփյուռքի նախարարությունից:
Սփյուռքի նախարարը դեսպանին ներկայացրել է Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված հայերի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ ՀՀ իշխանությունների դիրքորոշումն ու իրականացված ծրագրերը: Նա նշել է. «Հայաստանում բնակվող սիրիահայերի 80%-ը ապրում է վարձով, նրանք այժմ մշտական կացարանի խնդիր ունեն, այդ կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ Աշտարակում հողատարածք է հատկացվել «Նոր Հալեպ» անունով թաղամաս հիմնադրելու համար: Սակայն ՀՀ կառավարությունը և սիրիահայ ընտանիքները այս ծավալուն ծրագրի իրագործման համար ունեն ֆինանսավորման խնդիրներ և, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ֆրանսիան Եվրամիության հիմնասյուն հանդիսացող երկրներից է, խնդրում եմ Ձեր աջակցությունը Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերին օժանդակելու հարցում ԵՄ-ի ներգրավման համար: Օգնության նույն խնդրանքով դիմում եմ նաև Ֆրանսիայի կառավարությանը` ընդառաջելու ակնկալիքով»:
Դեսպան Անրի Ռենոն շնորհակալություն է հայտնել նախարարին Հայաստանում ապրող սիրիահայերի իրավիճակը մանրամասն ներկայացնելու համար: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարությունը Սփյուռքի նախարարության միջոցով ջանք չի խնայում ստեղծված իրավիճակում լուծումներ գտնելու համար: Դեսպանը նշել է. «Ֆրանսիան երկար ժամանակ է, ինչ Սիրիայի հարցի կարգավորման շուրջ լուծումներ է փնտրում, ինչպես նաև մեծ ուշադրություն է դարձնում Արևելքի քրիստոնյաներին: Այս հարցերում մեր ցուցաբերած օժանդակությունը կրկնակի է` և' որպես Եվրամիության անդամ երկիր, և' որպես Ֆրանսիայի Հանրապետություն: Սիրիացի փախստականների համար մենք 700 միլիոն եվրոյի օգնություն ենք ցուցաբերել: Սիրիային անմիջական սահմանակից երկրներին 140 միլիոն եվրոյի օժանդակություն ենք հատկացրել, որից 100 միլիոնը Հորդանանին, քանի որ փախստականների զգալի մասը Հորդանանում են ապաստանել: Ուստի, հասկանալով Ձեր առջև ծառացած խնդիրները, ես անմիջապես իմ ղեկավար մարմիններին կփոխանցեմ Ձեր խնդրանքն ու առաջարկությունները, որոնք, կարծում եմ, կունենան արձագանք և կստանան աջակցություն»:
Հաջորդ կարևոր հարցը, որին անդրադարձել է նախարարը, Սիրիայում և հատկապես Հալեպում տիրող ճգնաժամային իրավիճակն է: Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն նշել է, որ բոլոր խնդիրները պետք է լինեն ուշադրության կենտրոնում և պահանջում են գտնել հնարավոր լուծումներ: