կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-13 23:31
Առանց Կատեգորիա

Հրանուշ Հակոբյանը "հրաշամանուկ" Արթուր Պողոսյանի մասին (տեսանյութ)

Հրանուշ Հակոբյանը "հրաշամանուկ" Արթուր Պողոսյանի մասին (տեսանյութ)

Մոտ մեկ ամիս առաջ մեծ աղմուկ բարձրացրեց Արթուր Պողոսյան «տիեզերագնացն» ու «աստղաֆիզիկոսը»: Սփյուռքի նախարարն ընդունեց նրան, ինչը դարձավ համազգային հնչեղության սկանդալ:

Թե' Արթուր Պողոսյանի, թե' նրա հետ սկանդալային հանդիպման մասին, կարծես, մոռացվել էր: Սակայն երկու օր առաջ հայաստանցի մի քանի բլոգերներ հանդիպել են Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հետ, եւ բլոգեր Փիղը (pigh.tv) գրում է, թե չի դիմացել ու նախարարին հարցրել է Արթուր Պողոսյանի «ոդիսականի» մասին:

Նախարարի պատասխանն ամբողջությամբ տեսագրվել եւ տեղադրվել բլոգում:

«Ձեր թեթեւ ձեռքով իրեն մոռացաք, Հրանուշ Հակոբյանին առաջ բերեցիք: Փոխանակ խոսվեր խարդախի, ավանտյուրիստի, լակոտի, հանցագործի... ինչ բառ ասես` կարելի է ասել էդ մարդուն»,- խոսքն սկսում է նախարարը ու պատմում ողջ եղելությունը:

Պարզվում է իր նախկին գործընկերներից ոմն Պողոսյան Վազգեն զանգահարել է Հ. Հակոբյանին, ասել, թե իր եղբոր տղան հրաշամանուկ է ու խնդրել է ընդունել նրան: Բացի այդ, նախարարը լսել է նաեւ Գեղարքունիքի մարզպետի հիացական խոսքերը «հրաշամանուկի» մասին ու սրտապնդված կազմակերպել է հանդիպումը:

Հանդիպումից մի քանի րոպե առաջ փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, ով ֆիզիկոս է, տղայի հետ մի երկու բառ փոխանակելուց հետո գլխի է ընկնում, որ մի բան այն չէ: Արդեն հանդիպման ժամանակ, երբ փոխնախարարը փորձում է ճնշել տղային, նախարարն է սկսում պաշտպանել. «Ինքը հարձակվեց էս լակոտի վրա, ես կանխեցի: Անհարմար զգացի, դե հիմա եկել են, հորեղբայրը կողքը, հո՞ չենք ծեծելու սրան»:

Իսկ երբ պարզվել է Արթուր Պողոսյանի ով լինելը, նախարարն ասել է, որ պետք է դրա մասին հաղորդագրությունը հանել նախարարության կայքից: Բայց այն արդեն տարածվել էր...

Այս պատմությունից հետո նախարարը հարց է տալիս բլոգերներին. «Հիմա ես ի՞նչ սարք դնեմ, որ որսա ուղեղի չափը, ես ի՞նչ սարք դնեմ, որպեսզի ճշտեմ` էս մարդը օրենքի հետ գործ ունեցե՞լ է սփյուռքում: Ես յոթ միլիոնի անձնագիրը ո՞նց ճշտեմ, թե նրանցից որ մեկն ինչ է արել: Խայտառակ իրավիճակ է սա, ամեն մեկի տակից մի բան կարող է դուրս գալ: Ես նրան որպես հայ մարդ եմ ընդունել, հայ մարդ էլ ճանապարհել եմ, մնացածն իմ խնդիրը չէ»:

Տեսանյութը դիտեք այստեղ: