կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 17:04
Աշխարհ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին. Էլիզաբեթ Երկրորդ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին. Էլիզաբեթ Երկրորդ

Մեծ Բրիտանիայի կառավարությունը Brexit-ը կիրականացնի հոկտեմբերի 31-ին և մտադիր է Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա մշակել, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը. այսօր «գահի ճառում»  հաստատել է Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը. հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Մեծ Բրիտանիայի թագուհին այսօր խորհրդարանի նոր նստաշրջանի պաշտոնական բացման արարողության ժամանակ հանդես է եկել, այսպես կոչված, գահի ճառով, որի շրջանակում հայտարարվել են առաջիկա տարվա համար կառավարության առաջնահերթությունները: Նստաշրջանը խոստանում է պատմական դառնալ. դրա ընթացքում պետք է  հանրաքվեից ավելի քան երեք տարի անց վերջապես վճռվի Brexit-ի ճակատագիրը:

«Իմ կառավարությունը մտադիր է Եվրամիությունից դուրս գալն իրականացնել հոկտեմբերի 31-ին»,- հայտարարել է Էլիզաբեթ 2-րդը և հավելել, որ նախարարները Եվրամիության հետ գործընկերության նոր սխեմա կմշակեն, որը կամրապնդի բրիտանական տնտեսության կայունությունը:

Թագուհու ելույթը նվիրված է եղել ներքին օրակարգին։ Միապետը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը կաջակցի գիտական ոլորտի և տիեզերական հետազոտությունների զարգացմանը, կպահպանի բրիտանական բանակի մարտունակությունը: Էլիզաբեթ թագուհու ելույթի մեծ մասը նվիրված է եղել սոցիալական խնդիրները լուծելու՝ կառավարության ծրագրերին:

Կառավարությունը ցանկանում է բարեփոխել նաև իրավապահ համակարգը: Այս առնչությամբ Էլիզաբեթ 2-րդը մասնավորապես նշել է, որ նախարարների կաբինետը խորհրդարանին կառաջարկի մի շարք օրենքներ, որոնք «ամենավտանգավոր հանցագործներին կալանքի տակ ավելի երկար պահելու» հնարավորություն կտան:

Հիշեցնենք, որ Brexit-ի գործընթացն այս պահին փակուղի է մտել: Մեծ Բրիտանիան պետք է ԵՄ-ից դուրս գա մինչև հոկտեմբերի 31-ը: Երկրի խորհրդարանը դեմ է ԵՄ-ի հետ՝ ներկայիս տեսքով համաձայնագրին, բայց նաև կտրականապես դեմ է առանց համաձայնագրի Brexit-ի գործընթացին: ԵՄ-ն հրաժարվում է վերսկսել բանակցությունները և վերանայել համաձայնագիրը:

Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է նրան, որ բանակցությունները ԵՄ-ի հետ շարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը: