|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստորագրել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու՝ Brexit-ի մեկնարկի մասին օրենքը: Բրիտանիայի ղեկավարը հավանություն է տվել օրենքին մարտի 16-ին, որն ավելի վաղ հաստատվել էր խորհրդարանի երկու պալատների կողմից: Այդ մասին հայտնել է Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն, գրում է «Deutsche Welle»-ն:
Այդպիսով Brexit-ի գործընթացը սկսելու մասին օրենքը մտել է ուժի մեջ: Այժմ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կկարողանա դիմել Բրյուսելին միության կազմից երկրի դուրս գալու մասին պաշտոնական դիմումով:
Ինչպես ակնկալվում է, դա տեղի կունենա մինչև մարտի վերջը: Բրիտանական ԶԼՄ-ները կառավարական աղբյուրների վրա հղումով հայտնել են, որ Brexit-ի մասին հարցումն արվելու է ԵՄ հոբելյանական 25-րդ գագաթնաժողովից հետո, որը կանցնի մարտի 25-ին Հռոմում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատն օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս կառավարությանը սկսել Եվրամիությունից երկրի դուրս գալու գործընթացը: Օրինագիծը թույլ է տալիս վարչապետին, թեև չի պարտավորեցնում, իրազեկել ԵՄ-ին կազմակերպության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին, քանի որ բրիտանացիների մեծ մասը կողմ է քվեարկել դրան 2016-ի հունիսին:
Մինչդեռ Շոտլանդիան մտադիր է համաձայնեցնել Բրիտանիայի հետ անկախության մասին նոր հանրաքվեի հարցը: Այդ մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: