կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-02-09 14:36
Հասարակություն

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ. անվճար ծառայություններ՝ աշխատանքային իրավունքների գծով

Այսուհետ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան 20 հասցեում, կգործի Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ: Գրասենյակի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել ՀՅԴ «Հրայր Մարուխեան» հիմնադրամը:

Աշխատանքային հիմնական իրավունքների մասին իրազեկում, աշխատանքային վեճերի դեպքում դատական հայցերի պատրաստում, աշխատողների համար փաստաբանական անվճար ծառայություն՝ աշխատանքային վեճերի գծով (չվճարված աշխատավարձ, աշխատանքից անօրինական ազատումներ և այլն), զբաղվածության պետական ծառայության տարածքային կենտրոններ ուղղորդելու միջոցով աշխատանքային և մասնագիտական կողմնորոշման ու այլ հարցերի համար քաղաքացիները կարող են դիմել նորաբաց կենտրոն և անվճար հիմունքներով օգտվել կնետրոնի ծառայություններից:

Այսօր՝ գրասենյակի պաշտոնական բացման արարողության ժամանակ, ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը նշեց, որ ներկայիս աշխատաշուկայի լարված պայմաններում աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդիրը բավականին սուր է դրված: Ըստ նրա՝ հաճախ են հանդիպում գործատուների կողմից աշխատողների իրավունքների ոտնահարման ամենատարբեր դրսևորումներ: «Շատ հաճախ մարդիկ, չիմանալով, թե ում դիմեն իրենց խնդիրներով, տեղյակ չլինելով իրենց իրավունքների մասին, չեն կարողանում հետամուտ լինել իրենց իրավունքների պաշտպանությանը: Այս գրասենյակի նպատակը հենց դա է՝ գրասենյակն ամենօրյա աշխատանքային ռեժիմով անվճար ծառայություններ է մատուցելու քաղաքացիներին, որպեսզի առաջին հերթին նրանք իրազեկված լինեն իրենց իրավունքների մասին և կարողանան հետամուտ լինել իրենց ոտնահարված իրավունքների վերականգնմանը»,- ասաց Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ ամենևին էլ պատահական չէ, որ գրասենյակը Շենգավիթ վարչական շրջանում է. իրենք նկատի են ունեցել, որ այստեղ բավական մեծ է ամենատարբեր հիմնարկություններում աշխատավորների թիվը: «Այսօր աշխատողների իրավունքների պաշտպանության խնդիրն իրոք հրատապ է, հատկապես` արհմիությունների չկայացածության պայմաններում: Մենք նաև այս հարցերով զբաղվող տարբեր ՀԿ-ների հետ համագործակցության եզրեր կգտնենք՝ մեր աշխատանքներն ավելի արդյունավետ տանելու համար, կհամագործակցենք նաև պատկան մարմինների հետ»,- ասաց Համբարձումյանը:

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Թադևոս Ավետիսյանը, կարևորելով նման նախաձեռնությունը, նշեց, որ գրասենյակը բացելը ներկա զարգացումներով է պայմանավորված: Ավետիսյանի խոսքով՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը ոչ միայն պետական որևէ մարմնի գործառույթ է, այլ պետք է հնարավոր ջանքերը ներդնեն նաև բոլոր շահագրգիռ կողմերը, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, առանձին անհատներ, ովքեր ունեն նման հնարավորություններ: «Մենք պատրաստ ենք համագործակցել՝ նկատի ունենալով գրասենյակի հիմնական նպատակը, որը հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումն է: Իրավագիտակցության և իրազեկվածության մակարդակը դեռևս բավարար չէ մեր երկրում, ինչն ուղղակիորեն կապված է իրավունքների պաշտպանության հետ: Կարևոր է այն հանգամանքը, որ գրասենյակն իր առջև նպատակ է դրել օգնել աշխատողներին` գրագետ բանակցել գործատուների հետ իրենց իրավունքները պաշտպանելու համար: Կարևոր է նաև, որ աշխատողները կարողանան դատական կարգով պաշտպանել սեփական աշխատանքային իրավունքները»,- ասաց փոխնախարարը:

Նրա համոզմամբ՝ աշխատանքի իրավունքի արդյունավետ պաշտպանությունը, հավասարակշռված դրսևորումը ձեռնտու է նաև գործատուներին, քանի որ դա ուղղակիորեն կապված է աշխատողի արտադրողականության հետ: Առանց պաշտպանված իրավունքով աշխատողի, Թադևոսյանի հավաստմամբ, անհնար է պատկերացնել որակյալ աշխատուժ ու աշխատանք, ինչպես նաև կայուն զարգացում:

Ի դեպ, նորաբաց գրասենյակի գործունեությունը կհամակարգի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Էդգար Կոտոյանը, ում խոսքով՝ գրասենյակի հիմնական գործառույթները կայանալու են աշխատանքային և սոցիալական իրավունքների պաշտպանությունը: Ըստ Կոտոյանի՝ այդ իրավունքների պաշտպանված լինելն իր ազդեցությունն է ունենում հասարակական հարաբերությունների վրա: «ՀՀ օրենսդրությունը՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության հիմնական միջոց, դիտարկում է աշխատողի դատական պաշտպանության իրավունքը: Աշխատողները հիմնականում իրազեկված չեն իրենց իրավունքների վերաբերյալ, իսկ այդ պարագայում դատարաններում իրենց իրավունքների պաշտպանության հարցում կարող են խնդիրներ ունենալ: Գրասենյակի առջև խնդիր է դրված նաև աջակցել աշխատողներին իրենց իրավունքները վերականգնելու գործում: Դա կարող է տեղի ունենալ մի քանի փուլով՝ գործատուների հետ բանակցություններ վարելով, դատական կարգով իրավունքները վերականգնելով և այլն»,- ասաց փաստաբանը:

ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի խոսքով էլ՝ եթե գրասենյակը հաջողի, կփորձեն նաև մասնաճյուղեր ունենալ մարզերում: Նրա կարծիքով՝ գրասենյակը երկու կարևոր խնդիր է լուծելու՝ աշխատողի իրավունքների մասին իրազեկվածության բարձրացում և այդ իրավունքների պաշտպանություն: «Որպես «Հրայր Մարուխյան» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ կարող եմ ասել, որ նման նախաձեռնություններն այս երկու հարցերը լուծելուն են միտված: Նախ պետք է մարդկանց իրազեկման խնդիրը լուծենք, որովհետև երբեմն նաև զարմանալի է՝ ինչքան իրազեկված չէ հասարակությունն իր իրավունքներից, սակայն նույնքան կարևոր է այդ իրավունքների պաշտպանության հարցը»,- ասաց Մանոյանը:

Նա նշեց նաև, որ գրասենյակի վայրն աշխարհագրորեն չի սահմանափակում դիմողներին, այսինքն՝ ցանկացած վայրից կարող են դիմել իրենց:

Ի դեպ, գրասենյակ դիմելու համար անհրաժեշտ է կա'մ այցելել այնտեղ՝ Մանանդյան 20, կա'մ գրել նրանց ֆեյսբուքյան էջին, էլեկտրոնային հասցեին՝ [email protected], կամ էլ ուղղակի զանգահարել 010-42-67-41, 096-99-66-04: