կարևոր
5617 դիտում, 1 տարի առաջ - 2023-01-24 17:05
Հասարակություն

Ի՞նչ գործունեություն է ծավալում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակը

Ի՞նչ գործունեություն է ծավալում «Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակը

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակը ստեղծվել է 2018 թ․ սկիզբին՝ «Հրայր Մարուխյան» հիմնադրամի կողմից։ Կազմակերպությունն արդեն հինգ տարի է գործում է, սակայն հիմնականում թափը հավաքել է 2021-ից սկսած։ Զբաղվում է քաղաքացիների աշխատանքների իրավունքների խախտման վերաբերյալ գործերով, պաշտպանում է վերջիններիս իրավունքները, թե՛ դատական կարգով, թե՛ արտադատական կարգով։

«Աշխատանքային իրավունքների պաշտպանության» գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը Yerkir.am-ի հետ զրույցում մանրամասնեց գրասենյակի գործունեությունը։

«Մեր գործունեությունը կարող է լինել թե՛ աշխատանքից ապօրինի ազատում, թե՛ կենսաթոշակի հետ կապված խնդիրներ, թե՛ նպաստներ, մի խոսքով աշխատանքնային իրավունքները՝ հարակից բոլոր ոլորտներով։ Խոսքը չի վերաբերում միայն ֆիզիկական անձանց, այստեղ խոսքը կարող է վերաբերել իրավաբանական անձանց, կազմակերպություններին, պետական մարմիններին, որոնք դիմում են գրասենյակ խորհրդատվության համար։ Եղել է այնպես, որ մեզ զանգել են պետական մարմինների աշխատակիցները, ինչ-որ խնդիրներ են եղել, մեկնաբանել ենք, ճիշտ ուղղորդում ենք տվել»,- ասաց նա։

Նրա խոսքով 2021 թվականից կազմակերպության մարտավարությունը փոխվեց, և իրենք ավելի լայնացրեցին ծավալը և ավելի մեծ մասնակցություն ունեցան թեկուզ հենց դատական նիստերի մասով, հիմա ավելի գործուն մասնակցություն են ունենում դատական պրոցեսներին։

«Բոլոր մարզերում ևս գործունեություն ենք ծավալելու, ունեցել ենք գործեր նաև քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման դեպքեր, մարզերում ևս տարածված է աշխատանքից ապօրինի ազատումներն ավելի շատ պետական կառուցներում, կարող են լինել մարզպետարաններ, համայնքապետարաններ և այլն»,- նշեց փաստաբանը։

Խոսելով փաստաբանի աշխատանքի դժվարությունների և խոչընդոտների մասին` Քրիստինե Ավագյանը նշեց․ «Այս պայմաններում ցանկացած փաստաբանի համար թիվ մեկ խոչընդոտը իշխանություններն են, որ մենք կարող ենք թույլ տալ կանխավարկածով առաջնորդվելը, որ միգուցե դատավորը կաշկանդված լինի, միգուցե համապատասխան չափի ազատություն իրեն թույլ չտա և այլն, բայց պայքարում ենք և հաջողություններ ենք գրանցում։ Իհարկե, խոչընդոտներ այս պարագայում  շատ են և մտավախություններ կան դատավորների հետ կապված, որոնց վերաբերյալ հիմնականում կարող ենք դրական արտահայտվել։ Լինում է նաև հակառակը, բայց հիմնականում դատավորները, ի հեճուկս քաղաքական հետապնդումների, բավականին արդար որոշումներ են կայացնում։ Երկրորդ, մեզ համար խոչընդոտներ են հանդիսանում հենց պետական մարմինների ներկայացուցիչները, որովհետև երբեմն մեր գործընկերներից, որոնք ներկայացնում են պետական մարմինները, շատ անսպասելի պատասխաններ ենք ստանում։ Պետական մարմնի գերատեսչության ներկայացուցիչը եկավ նիստին և հաստատեց, որ այո՛ ,անձը ազատվել է աշխատանքից, ասվեց` ազատվել է առանց որևէ մի հիմքի։ Մենք չգիտենք ամենաթողություն էր, թե չափազանց ինքնավստահություն էր, մենք չենք կարող այդ որակումը տալ, բայց ամեն դեպքում վերջերս այդպիսի դեպքերի ենք ականատես լինում»,- ասաց նա։

Փաստաբանի խոսքով՝ պետական մարմիններից ապօրինի ազատման գործերոը կազմում են իրենց գործերի մոտավոր երկու երրորդը․ «Այս դեպքում նույնիսկ իրենք չեն զլանում, պետական միջոցները վատնում են, կազմակերպում են կրճատումներ, որն ինքնին նախատեսում է արձակման նպաստ և այլն, բայց իրենք իրենց համար ոչ ցանկալի քաղաքական սուբյեկտ հանդիսացող անձանց ազատում են։ Թերևս պետական մարմիններում ազատման երկու երրորդը կապված է քաղաքական հետապնդումների հետ»,- ավելացրեց փաստաբանը՝ հավելելով, որ գրասենյակի կողմից իրականացրած գործերի մոտ 80 տոկոսը հաջողությամբ են ավարտվել։