Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մոնրեալում շարունակվող Հայ Օգնության Միության (ՀՕՄ) 72-րդ Համահայկական ժողովի ընթացքում «Հորիզոնը» հատուկ հարցազրույց է վերցրել ՀՕՄ-ի կենտրոնական վարչության ատենապետուհի Կարոլին Շմավոնյանի հետ, ով ՀՕՄ-ի ծավալած բարեսիրական և մարդասիրական առաքելությունների շրջանակում հատկապես առանձնացրեց զինվորին և հայոց բանակին նեցուկ կանգնելու կարևորությունը։ Նա հաստատեց, որ 2016 թ․ Արցախի քառօրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում ՀՕՄ-ը 500 հազար դոլարով աջակցություն է ցուցաբերել Հայոց բանակին։ Ընկերուհի Շմավոնյանը հայտնեց նաև, որ անցնող չորս տարում ՀՕՄ-ի բարեսիրական, մարդասիրական և կրթական ծրագրերի հանրագումարը կազմել է 12 մլն դոլար։
Հայ Օգնության Միության 72-րդ Համահայկական պատգամավորական ժողովն իր աշխատանքները Մոնրեալում շարունակում է։ Անցնող 4 օրերի ընթացքում 27 երկրից ժամանած պատգամավորներն ու ներկայացուցիչները քննարկելու են Հայ Օգնության Միությանը շահագրգռող խնդիրներն ու մշակելու են առաջիկա չորս տարվա գործունեության ծրագիրը, որն ընդգրկելու է ՀՀ-ի, Արցախի, Ջավախքի և Սփյուռքի գաղթօջախներում բարեսիրական աշխատանքների ընդհանուր շրջանակը։ Ժողովը կարևորությամբ շեշտեց հայկական վարժարանների ու հայեցի կրթության հանդեպ ՀՕՄ-ի հանձնառությունը։
1992 թվականից ի վեր, ՀՕՄ-ի շնորհիվ, հովանավորներ ունեն զոհված ազատամարտիկների և երկկողմանի ծնողազուրկ շուրջ 8000 երեխա՝ ՀՀ-ում և Արցախում։ Ապրիլյան քառօրյա պատերազմից անմիջապես հետո ՀՕՄ-ի ջանքերով հովանավորվել են զոհված զինծառայողների ավելի քան 70 երեխա։
Ապրիլայն քառօրյա պատերազմից հետո «Ուժեղ բանակ, ամուր սահման՝ հզոր հայրենիք» ծրագրով Հայոց բանակի բոլոր վիրավոր զինծառայողները եղել են ՀՕՄ-ի հոգածության ներքո, և ստեղծվել է սերտ համագործակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։
ՀՕՄ-ի Արցախի «Սոսե» մանկապարտեզների ցանցը գործում է Ստեփանակերտում, Շուշիում, Տողում, Մեծ Թաղերում, Աշանում, Ականաբերդում, Քարեգահում և Խնձրիստանում, իսկ 2017 թ․ ՀՕՄ-ի նյութական օժանդակությամբ վերանորոգվել է Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի ժամանակակից եռահարկ շենքը, ուր իրենց նախադպրոցական կրթությունն են ստանում 130 երեխա։
Հայաստանի սահամանապահ գյուղերի ռազմավարական նշանակությունը նկատի ունենալով, ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչությունը ուսումնասիրելով սահամանմերձ գյուղերի հիմնախնդիրները, նախաձեռնել է «Սահմանապահ և սահմանամերձ գյուղերի օժանդակություն» ծրագիրը, որը նպատակ ունի նպաստելու սահմանների պաշտպանության ամրապնդմանն ու գյուղերում տնտեսության զարգացմանը։
72-րդ Համահայկական ժողովի օրակարգերում հատուկ տեղ է գրավում նաև սիրիահայերին աջակցելու օրակարգը։
Ժողովին մասնակցում են ՀՀ-ից, Արևելյան ԱՄՆ-ից, Լիբանանից, Կանադայից, Արևմտյան ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Հունաստանից (Մակեդոնիա և Թրակիա), Հարավային Ամերիկայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Արցախից, Ջավախքից, Կիպրոսից, Անգլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Սթոքհոլմից (Շվեդիա) և Քուվեյթից ժամանած 47 պատգամավորներ։
ՀՕՄ-ի կառույցն ունի 12 շրջան և 18 մեկուսի միավոր։ 1910-ին հիմնված Հայ Օգնության Միությունն այսօր 12 հազար անդամներով գործունեությունը շարունակում է 27 երկրում։