կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-08-09 12:52
Հասարակություն

Արցախում ՀՕՄ-ի հետպատերազմյան ծրագրերի մասին

Արցախում ՀՕՄ-ի հետպատերազմյան ծրագրերի մասին

Հայ օգնության միությունը նախքան 44-օրյա պատերազմը կենտրոնացած էր այլ ծրագրերի ուղղությամբ: ՊԲ-ի հետ համագործակցությամբ` մի շարք աջակցության ծրագրեր էին իրագործում զորամասերում, ուշադրության կենտրոնում էին կրթական ծրագրերը, մանկապարտեզները: Բայց 2020թ. պատերազմից հետո ՀՕՄ-ի ծրագրերը լրիվությամբ փոխվել են. դրանք ստացել են սոցիալական ուղղվածություն՝ ունենալով տեղահանված բնակիչների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման նպատակ: Դրանցից «Ապառաժ»-ի հետ զրույցում ՀՕՄ-ի Արցախի միավորի ատենապետուհի Արմինե Հարությունյանն առաջին հերթին առանձնացնում է «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը:

«ՀՕՄ-ի Կենտրոնական վարչությունն իր բոլոր կառույցների հետ միասին ձեռնամուխ է եղել դրամահավաքի, որից սկիզբ է առել «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագիրը: Ըստ ծրագրի՝ տեղահանված 1000 ընտանիքի 4 ամիս շարունակ տրամադրվել է 250 ԱՄՆ դոլար գումար: Պայմաններից մեկն էլ այն էր, որ ընտանիքը բաղկացած լիներ 3 և ավելի անդամներից: Ընտանիքի թվակազմի վերաբերյալ ընդունված որոշման տրամաբանությունն այն էր, որ երկու անդամից բաղկացած ընտանիքները հիմնականում թոշակառու են, ովքեր տարհանվելուց հետո էլ շարունակում են թոշակ ստանալ, իսկ 3 և ավելի անդամ ունեցող ընտանիքները, որոնք երեխաներ ունեն, կորցրել են իրենց աշխատանքը, եկամտի աղբյուրները և գումարի կարիք ավելի շատ ունեն»,- նշել է Արմինե Հարությունյանը:

Ծրագրի մեկնարկը տրվել է դեկտեմբերի վերջերին ՀՀ-ում, իսկ Արցախում ավելի ուշ է սկսվել և ավարտվել է հունիսին: Ծրագրի ընդհանուր ծախսը 1մլն ԱՄՆ դոլար էր:

Ծրագրում ներառված բոլոր ընտանիքները շնորհակալություն են հայտնել ՀՕՄ-ի աշխարհասփյուռ կառույցին՝ այս դժվարին իրավիճակում իրենց կողքին գտնվելու և մի քանի ամվա կտրվածքով իրենց ծախսերը թեթևացնելու համար:

Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհին մեկնաբանել է տեղահանված բոլոր բնակիչներին ծրագրում ընդգրկելու հարցը: Նա նշել է, որ տեղահանված 8000-ից ավելի ընտանիքներ կան, ու բնական է, որ բոլորը չէին կարող օգտվել ծրագրից:

«Հասկանում եմ հասարակության որոշ մասի դժգոհությունը, բայց նրանք ևս պետք է գիտակցեն, որ ՀՕՄ-ը իր հնարավորության սահմաններում է աջակցել: ՀՕՄ-ը հասարակական կազմակերպություն է, որն իր հնարավորությունների սահմաններում է փորձում օգտակար լինել: Իհարկե, շատ լավ կլիներ, որ գումարը ավելի մեծ լիներ և դրանից բոլորը օգտվեին, բայց ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության այս ծրագրով տնից ու աշխատանիքց զրկված բազմահազար հայրենակիցների մի որոշ մասի առաջնային ծախսերը հնարավոր է եղել լուծել»,- ասել է Արմինե Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ծրագրում ընդգրկված համայնքներին, ապա դրանց ընտրությունը պատահական էր: Ծրագրից առաջին հերթին օգտվել են Հադրութի շրջանի Տող, Մեծ Թաղեր գյուղերի ընտանիքները, քանի որ այս համայնքներում ՀՕՄ-ը «Սոսե» մանկապարտեզներ ուներ: Նշենք նաև, որ աջակցության ծրագրից կոնկրետ համայնքներ են օգտվել՝ տվյալ համայնքների ղեկավարների ներկայացրած ցուցակների համաձայն:

ՀՕՄ-ի Արցախի միավորի որոշմամբ ամսական 250 դոլար աջակցություն են ստացել Մարտունու շրջանի Շեխեր, Սարգսաշեն, Զարդանաշեն, Ջիվանի, Ասկերանի շրջանի Մադաթաշեն, Ակնաղբյուր, Ջրաղացներ, Մոշխմհատ, Սղնախ, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղերի այն ընտանիքները, որոնք բնակվում են Արցախում՝ դրանով քաջալերելով այստեղ ապրողներին:

Արմինե Հարությունյանը նշել է, որ «Թիկունք կանգնել արցախահայ ընտանիքին» ծրագրից չօգտված քաղաքացիներին փորձել են ներառել այլ ծրագրերում. «Ճիշտ է, դրանք համարժեք չեն, բայց մեր հնարավորության սահմաններում փորձել ենք օգնել»:

Մոտ 200 սննդի տոպրակներ են բաժանվել տեղահանված ընտանիքներին՝ հիմնականում բազմազավակ, զոհ կամ վիրավոր ունեցող ընտանիքներին:

Սննդի տուփ և հիգիենայի պարագաներ են բաժանվել Ասկերանի շրջանի Արմենակավանի 13, Ուղտասարի 32, Մարտակերտի շրջանի Նոր Մարաղայի 125, Նոր Սեյսուլանի 35, Նոր Այգեստանի 45, Հովտաշենի 66 ընտանիքների:

Անկողնային պարագաներ են հատկացվել Ներքին Ճարտարի 57, Ազոխի 83, Դրախտիկի 65 ընտանիքների, Մատաղիսի 44 ընտանիքների:

Հունվարից հետո ծնված 200 նորածինների տրամադրվել են մանկական կեր, հագուստ, հիգիենայի պարագաներ: Ֆրանսիայից ստացված 300 տուփ մանկական կեր փոխանցվել է «Արևիկ» մանկական պոլիկլինիկա:

Հունաստանի հայ համայնքի կողմից ստացվել է հագուստ, սնունդ: Ստեփանակերտի ՀՕՄ-ի «Սոսե» մանկապարտեզի պահեստից շոր է ստացել 2007 ընտանիքի 10000-ից ավելի անդամ, նաև՝ 190 ընտանիքի սնունդ է բաժանվել:

Բացի դրանից, Նոր Ջուղայի հայ համայնքի աջակցությամբ զոհված և վիրավորում ստացած 68 ընտանիք ՀՕՄ-ի միջոցով ստացել է 300 ԱՄՆ դոլար գումար:

Արմինե Հարությունյանը խոսել է նաև դեռևս Արցախյան առաջին պատերազմի ժամանակներից գործող ՀՕՄ-ի ծրագրերից մեկի մասին: Խոսքը զոհված զինծառայողների երեխաներին Սփյուռքի տարբեր ընտանիքների կողմից պարբերաբար աջակցելու ծրագրի մասին է: «Զոհված հերոսների զավակներ» անունը կրող ծրագրի շրջանակներում  մոտ 600 երեխայի տվյալներ ուղարկվել են ՀՕՄ-ի ԿՎ-ին:

Վերջում Հայ օգնության միության Արցախի միավորի ատենապետուհին շեշտեց, որ ՀՕՄ-ը միշտ էլ ժողովրդի կողքին է, և Արցախում ծրագրերը շարունակվելու են:

Տ. Աղաջանյան