Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
դ) Երևանի վերածնութեան տարփողում և ներգաղթի շահագործում
Պատմական Հայաստանն ունի 380 000 ք. քիլոմեթր տարածութիւն, բնական Հայաստանը (Հայկական Բարձրաւանդակ, Մեծ Հայք)՝ 220 000 ք. քիլոմեթր: Դաշնակցութեան իշխանութեան օրօք մեր Եռագոյնը ծածանւում էր 46 000 ք. քիլոմեթր տարածութեամբ մի երկրամասի վրայ: Ըստ Սևրի դաշնագրի նախատեսութեանց՝ Թուրքիայից պիտի խլւէր մօտաւորապես 100 000 ք. քիլոմեթր տարածութեամբ մի հողամաս: Վրաստանից և Ադրբէյջանից մենք պահանջում էինք 22 000 ք. քիլոմեթր տարածութեամբ շրջաններ:
Ծրագրւել էր համահայկական լայնածաւալ ներգաղթ, երկիր էին հրաւիրւում ո՛չ միայն Թուրքիոյ հայերը, այլև դարերից ի վեր հայրենիքից արտագաղթած զանգուածներ (Ռուսաստանի, Լեհաստանի, Հունգարիոյ, Պարսկաստանի և միւս բոլոր երկրների հին գաղութները): Հայաստանը պիտի հիւրընկալեր նաև զգացումով հայութեան կապուած տարրերը՝ ասորիները և եզիդները: Սինջարի եզիդների կրօնապետ-ցեղապետ Միր Իսմայիլը սրտառուչ մի դիմում էր արել հանրապետական կառավարութեան և մի կոնդակ էր յղել Հայաստանի եզիդներին, որոնք վերջապէս սիրելի հայրենիք Հայաստանի ազատութիւնը տեսնելու բախտը ունեցան:
Սևրի դաշնագրի գործադրումով և հայ-վրացական ու հայ-ադրբէյջանեան կնճիռների հաշւեյարդարումով՝ Հայաստանն առաջին հերթին պիտի ունենար շուրջ 178 000 ք. քիլոմեթր տարածութիւն և 4 ու կէս միլիոն բնակչութիւն, որից 3 միլիոնը՝ հայ, կէս միլիոն՝ յոյն (300 000), ասորի (80 000) և եզիդի (120 000), քիւդերի թիւը նախահաշւում էր կէս միլիոն, նոյնքան էլ՝ թուրքերի, թաթարների և այլ մահմեդականների:
Կազմւում էր երկիրը վերա- և նոր կառուցելու նախագիծ: Պիտի հիմնւէին նոր քաղաքներ, կարճ ժամանակից հայկական երկաթուղային ցանցը Երևանին պիտի միացնէր Տրապիզոնն ու Րիզէն, Երզնկան ու Կարինը, Վանն ու Բաղէշը, Մուշն ու Ալաշկերտը:
Ժողովրդի բնական աճման բարձր կարողութիւնը ենթադրել էր տալիս, որ 1935-40 թուականներին հայութիւնը պիտի հասներ 4 ու կէս- 5 միլիոնի: Յենուած մեր ժողովրդական ուժին, մեր երկրի բնական դիրքին, մեր բարձր հայրենասիրութեան՝ մենք Մուշից ու Երզնկայից աստիճանաբար պիտի առաջանայինք դէպի Տիգրանակերտ ու Խարբերդ, Սեբաստիա ու Կիլիկիա: Պիտի վերաստեղծւէր պատմական Հայաստանը, աշխարհը զարմանքով պիտի տեսնէր հայ ոգու մեծագոյն թռիչքները:
***
Հայկական այս վտանգը ցնցեց տաճիկներին և ռուսներին: Էնվերն անցաւ Մոսկուա և հիւրընկալւե ց «հայ» մեծամասնական Կարախանի կողմից: Ցեղի դահիճն ու հայ ցեղանենգ շէյթանը միացան: Իրար ետևից Մոսկուա հասան նաև քէմալական գործակալների խմբեր: Բագւի «արևելեան ժողովուրդների համագումար»-ի նախագահ Զինովիէվը քուէարկեց Էնվերի և Իբրահիմ-Թալիի մշակած բանաձևը՝ «ոճրագործ հայերի և դաշնակների» դէմ, որոնք «վճռել են ոչնչացնել թուրք խաղաղ և աշխատաւոր ժողովուրդը»: Մեծամասնական ոգու տիղմը եռքի մէջ էր: Ներկայ էին նաև 280 բոլշևիկ «հայեր»: Անչափելի էր նրանց զազրելի հոգիների քսութիւնը. Հայաստանի մահավճիռն էր տրւում, և «հայերը» ցնծագինս ոռնում էին և ծափ զարկում:
Այս լուրերը հասնում էին Հայաստան: Հանրապետական կառավարութիւնը ձեռք էր բերել նաև բոլշևիկ-թուրքական գաղտնի զինակցութեան որոշ մանրամասնութիւնները, ըստ որոնց, բոլշևիկները համաձայնւել էին ո՛չ միայն ամբողջ Տաճկա-Հայաստանը, այլև Կարսի շրջանը տալ Թուրքիոյ: Այնուամենայնիւ, կառավարութիւնը փորձեց լեզու գտնել մեծամասնականների հետ. ապարդիւն փորձ:
Բոլշևիկ-թուրքական զինակցութիւնը պայմանաւորւում էր հոգեբանական ու պատմա-քաղաքական բարդ և խոր պատճառներով:
Հոգեբանօրէն՝ ռուսը մազոխիստ է (տառապապաշտ), թուրքը՝ սադիստ (լլկապաշտ): Նա կրաւորական ճիվաղ է, սա՝ ակտիւ հրէշ: Այս երկու հոգեգծերն էլ յանգում են բարբարոսութեան:
Պատմականօրէն՝ ռուսը մի՛շտ էլ դէմ է եղել հայկական առանձին պետութեան գաղափարին՝ դէմ ո՛չ միայն յանձին Նիկոլա Բ-ի պէս թզուկ ցարերի, այլև հայասէր համարուած Պետրոս Մեծի և Կատարինէ կայսրուհու: Թուրքի տեսակէտը այս խնդրում ծանօթ է բոլորին:
Քաղաքական տեսակէտից բնորոշ է, որ Ռուսաստանն ու Թուրքիան պատերազմի մտան իբր թշնամիներ և նրանից դուրս ելան՝ իբր դաշնակիցներ: Երկուսն էլ իրենց մայրաքաղաքները փախցրին ծովեզրից և ամփոփւեցին ցամաքի կենտրոններում՝ Պետրոգրադն իր դիրքը զիջեց Մոսկւային, Կ. Պոլիսը՝ Անգորային: Սա մի նահանջ էր ծովի ուրւականից՝ անգլիական ուժից:
Ռազմա-քաղաքական այս ճակատագրական փախուստին զուգահեռւել էր ներքին խուճապը: Տեղի էին ունենում ահագին փլուզումներ: Ռուսաստանում խորտակւել էր ցարական գահը, տաճկական սուլթանը կծկւել էր Պոլսում՝ իբր խրտուիլակ: Ռուսը լքել էր պանսլաւիզմի գաղափարականը և որդեգրել համայնավարական սկզբունքը, թուրքը հրաժարւել էր պանիսլամիզմից և կառչել պանթիւրքիզմին: Սոցիալ-քաղաքական այս ներհակ մտորումները, յղկւելով տարերային խուճապի ալիքից և անցնելով իսլամականութեան ու մեծամասնականութեան էակցութեան բովից, զուգահեռւեցին միմեանց: Բրիտանական ուրւականի սարսափից բոլշևիկեան մատերիալիզմը միացաւ իսլամական մատերիալիստական սենսուալիզմին (նիւթապաշտական զգայապաշտութիւն): Նրանց մէջտեղում կարկառուած մնաց հայկական իդէալիզմը:
Մարքսեան տրամասական (դիալեկտիկական) պատմահայեցողութիւնն ու իսլամական ճակատագրապաշտութիւնը, հանդիպելով միմեանց, հաշտեցրին «պրոլետարական յեղափոխութեան» և միլլիական ջիհատի շահերը:
Մոլեռանդ խուժանները պաշարել էին մեզ: Բոլշևիկները հիւսիսից և արևելքից աղաղակում էին՝ «մա՛հ իմպերիալիստական Հայաստանին, ճանապա՛րհ պրոլետարական յորձանքին»: Հարաւից և արևմուտքից ոռնում էին թուրքերը՝ «մա՛հ թրքութեան դահիճ հայերին, ճանապա՛րհ համաթուրանական ուխտին»: Խլրտումի մէջ էին նաև հայ ցեղանենգ շէյթանները. բոլշևիկ լրտեսները՝ «ռուսն է գալիս», ալեկոծւում էին երկրի թաթար զանգուածները՝ «թուրքն է գալիս»:
Հոգեբանական և սոցիալ-քաղաքական նման միջավայրում անհնար էր լեզու գտնել: Դարերն իրենց ժանգոտ կրունկներն իրար էին քսել: Ռուս ոգու բորբոսն ու սառն յիմարութիւնը միացել էին տաճկական արիւնաքաղց նենգամտութեան: Հայ բոլշևիկները ճգնում էին խաղալ կաւատ-խեղկատակի դեր: Նրանք 1920 թ. մայիսին մի քանի վայրերում առաջացրին խռովութիւններ: Բոլշևիկները ռուսներից, թաթարներից և ցարական բանակի՝ 1914-17 թթ. գերեվարած ու Սիբիր աքսորած տաճիկ զինուորներից կազմած «ինտերնացիոնալ» բանակով յարձակւեցին Ղարաբաղ-Զանգեզուրի վրայ: Զանգեզուրում սկսւեց օրհասական կռիւ: Դիլիջան-Իջևան ճակատում հայ զօրքը հերոսական խոյանքով պաշտպանում էր հայրենիքի սահմանները: Օլթիի կողմից դէպի Կարս առաջանալ փորձող տաճկական զօրամասը մատնւեց խայտառակ պարտութեան: Հայ զօրքը աւելի մի ծայրով սրբեց նաև երկրի թաթարական ստուար զանգուածների հետքը: 1920 թուականի հերոսական ամառը՝ դա հայ փոքրիկ ժողովրդի հոգևոր տիտանականութեան արձանացման պատմականօրէն անմոռանալի շրջանն է:
Պատերազմը պատմութեան կուտակած զգացումների անբանական պոռթկումն է. նա ֆիզիկական ուժերի սոսկական բախում չէ, այլ մարդկային ոգու ինքնաարտայայտման ամենաթափոտ կերպը: Պատերազմում մարտնչող բանակները ներկայացնում են ժողովուրդների հաւաքական կամքը, նրանց գոյութեան կռահումը: Մէկ միլիոն հայերի ծառացումը 150 միլիոննոց Ռուսաստանի, 10 միլիոննոց Թուրքիոյ և սրանց զինակից թաթարների և քիւրդերի դէմ ապագայ սերունդներին պիտի թւայ հրաշք: Ցեղն ապրել էր իր էութեան խռովքը, հարիւրապատկել էր իր կորովը: Ի՛նչ թափ, ի՛նչ յոյս, ի՛նչ հավատ և քաջութիւն, ի՛նչ վեհապանծ թռիչք: Անհաւասար ուժերի օրհասօրէն հերոսական նման պայքար մարդկային պատմութիւնը, թերևս, միայն 1918-ին էր արձանագրել, այն էլ՝ դարձեալ Հայաստանում, Մայիս 28-ին, երբ հայը ծառացել էր Թուրքիոյ և նրա աշխարհասասան զինակից Գերմանիոյ դէմ: Բայց ինչո՞ւ չարախնդալ, որ պատմութեան բիրտ ուժը մեզ պարտադրեց 1920 թուականի տխուր աշունը, երբ ընկաւ Կարսը, և թուրքն ու բոլշևիկը, ներխուժելով Հայաստան, ստացան իրենց նախորոշեալ բաժինները:
Շարունակելի