կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-07 16:13
Քաղաքական

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 5)

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 5)

գ) Պայքար Մայիս 28-ի գաղափարականի և հայոց ազատութիւնը խորհրդանշող Եռագոյնի դէմ

 Թուրքն էր մօտենում հայոց աշխարհի բնական և հոգևոր կորիզ Արարատի սրտին:

Արագածի կուրծքը չանգրւում է. Սարդարապատի դարբասը ծեծւում և Փամպակի ձորերում աներևակայելի դէպքեր են տեղի ունենում:

Հէ՜յ, ոտքի՛, դեղին յորձանքն  է գալիս, յաւիտենական գիշերն է մօտենում՝ ցեղն է վտանգուած:

Արամը որոշել է Երևանի շուրջը օրհասական ճակատամարտ տալ՝ հայոց պետութեան բոլոր դարերի ամենաեղերական և բախտորոշ ճակատամարտը: Զօրավար Սիլիկեանն ու Դրօն իրենց զօրամասերն են դասաւորում:

Ղարաքիլիսէի ճակատում ծերունի սպարապետ Նազարբէկեանը և՛ արտասւում է, և՛ մարտի հրավէր կարդում: Նժդեհը ահակոչում է՝  «դէպի՛ Ղարաքիլիսէ», նրա դաշնակցական զօրամասը երգում է՝ «ամենայն տեղ մահը մի է»: Տէր-Մովսիսեանի սիրտն իր մարտկոցից պայթում է իբր տարերային ռումբ:

Էջմիածնում Կաթողիկոսն օրհնում է հայ զօրքն ու ժողովուրդը՝ վերջին օրհնութի՞ւնը, արդեօ՛ք: Չռել է իր մեծ և իմաստուն աչքերը և ասում է. «Վճռել եմ թաղւել Էջմիածնի փլատակների տակ»: Գարեգին եպիսկոպոսը, Ղևոնդ Երէցի տարազը հագին, գիտնականի իր մեծ բանականութիւնը խցկել է սրտում, պայթելու աստիճան պրկուած երակներով սեղմել է ձեռքի խաչը և Վաղարշապատի հրապարակում ամբոխին ճառ է ասում ՝ «դէպի Նոր Աւարայր»…

Գաղթականների սայլերը ճռնչում են՝ մեր կեանքի երգը, որ թաւալւելով հայոց աշխարհի բոլոր ճամբաներից՝ Էջմիածնում վերածւել է աներևակայելի մի ժխորի:

Էջմիածնի զանգերն անընդհատ ղօղանջում են: Հաւարի ճիչը պայթեցնելու աստիճան սեղմում ու ընդլայնում է մարդոց երևակայութիւնը:

Սպիտակ մի հրեշտակ, իր թևը կախած զանգակատան աշտարակից, Գարեգին եպիսկոպոսին  ուժ է ներշնչում: Փրփուրը բերանին՝ նա ուրւականի պէս այս ու այն կողմն է վազվզում՝ «մեր ցեղի պահապան հրեշտակն ասում է՝ դէպի՛ Սարդարապատ և Բաշ-Ապարան»…

Մոլեգնած ամբոխի ալիքները բախւում են վանքի պարիսպներին և, յետ վանւելով, խառնւում դէպի Սարդարապատ և Բաշ-Ապարան անցնող զօրամասերին:

Ճամբաների վրայ փռւում է աղեխարշ մի երգ ՝ «Քարդ քարի վրայ չմնաց, Բայբո՛ւրդ»:

 

***

Կանոնաւոր զինւորներից, աշակերտներից, վետերան հայդուկներից կազմուած մեր զօրամասը բարձրանում է Աբարանի լեռնադաշտը: Դրօն կանգնել է մի ժայռի վրայ և աշխատում է զօրքերը զետեղել Արածագի հրահոսային (լաւա) շերտերի կրծքին: Ճակատն սկսւում է Արագածի գագաթից, իջնում Աբարանի լետնադաշտը և անցնում դէպի Մայմեխի լեռները: Կենտրոնում՝ խճուղու վրայ, ճախրում է Զեմլեակն ու յանկարծ ընկնում:

Ամբողջ երեք օր հայն ու թուրքը ջարդում էին զիրար, և ճակատամարտի բախտը մնում էր առեղծուածային: Վերևում ՝ Արագածի ձիւների վրայից, թշնամին փորձում էր թևանցք կատարել, մեր վաշտերն անցնում էին սւինամարտի, որոշ տեղերում այլևս լռում էր հրազէնը, մարդիկ ատամներով էին զիրար յօշոտում: Եւ յանկարծ սկսւում է «հուռայ՜»-ի աղաղակը: Հայ ոգու տարերքը գերակշռել էր: Մարդկային հեղեղի ալիքները շաչում էին ժայռերին:

Մեր զօրքի շղթան խելայեղ շռինդով իր օղակները մղում էր առաջ: Թշնամու ճակատը պատռուած էր. թուրքը փախչում էր մեր աշխարհից: Մենք և՛ երգում էինք, և՛ զարկում, և՛ վազում: Հասանք Շիրակի դուռը: Օրը երկար է տակաւին՝ «յառա՜ջ, տղանե՛ր»: Թշնամու բանակն անյայտանում է: Հեռուից սպիտակ դրօշներ են երևում: Հաշտութիւն է կնքւել…

Մայիս 28-ն էր:

***

Ահա՛ այս օրւայ յիշատակն է, որ անարգում են հայ կեանքի ցեղանենգ շէյթանները:

Մայիս Քսանևո՞ւթ՝ ի՞նչ է դա. «թուրքերու պարտադրած անկախութիւն»: Այդպէս են «տրամաբանում» հակադաշնակցականները: Հասարակ տխմարներ չեն այս մարդիկ, այլ օրգանապէս զրանենգ հրէշներ:

Ինչո՞ւ, ինչո՞ւ այդպիսի մի անկախութիւն էլ Տաճկա-Հայաստանում չպարտադրեցին մեզ նոյն թուրքերը:

Հայոց պատմութիւնը ե՞րբ է արձանագրել նման մի վտանգ՝ ցեղի սպառման վտանգը:

Հայ կեանքը ե՞րբ է ունեցել նման ծառացում ՝ հայրենիքի և մեր ցեղայնութեան կորիզը փրկելու ծառացում:

Հայը ե՞րբ է տւել նման լայնածաւալ ճակատամարտեր (ես Բաշ-Աբարանն եմ տեսել, բայց անկարելին է տեղի ունեցել Սարդարապատում և աներևակայելին՝ Ղարաքիլիսէում):

Ե՞րբ է ցեղը մինչև իր ոգու խորագոյն անդունդները այդպէս ճակատագրօրէն ցնցւել:

Եր՞բ, ե՞րբ ենք մենք ունեցել քառասուն հազարանոց ժողովրդական բանակ և հոգով ու մարմնով իր գոյութեան կռւին նւիրուած միակամ ժողովուրդ:

Ե՞րբ է հայը միայնակ ծառացել ո՛չ միայն Թուրքիոյ, այլև նրա թիկունքում կանգնած զինակիցների դէմ՝ Գերմանիոյ, որ իր երկաթեայ բռունցքով հսկայ Ռուսաստանի դիակը փռեց գետին:

Ե՞րբ է հայը թուրքին սպիտակ դրօշակ պարտադրել:

Մայիս 28՝ դա սովորական յաղթանակի օր չէ, այլ մեր պատմական կեանքի ահաւոր ելևէջների օրհասօրէն յաղթական հանգրւանը, դա սոսկական կռիւ չէ, այլ ահարկու խոյանք:

Այդ օրը հայերը ճմլեցին իրենց սիրտը և նետեցին ազատութեան յետևից՝ նետեցին այնպիսի՛ ուժգնութեամբ, որ նա «մինչև էսօր գնում է, հա՛գնում»:

Նրա իմաստն ըմբռնում է ցեղաշունչ հայը՝ նա, որի ոգում վրէժի մոլեգին կրակն է եռում և ազատութեան կարօտը:

Նրա ահարկու թափից և վսեմական խորհուրդից սոսկում է ցեղանենգ շէյթանը՝ հոգով կրտուած և սրտով թլփատուած «հայ» ստրուկ անասունը:

Դո՛ւ, թշւառակա՛ն, որ խնկի փոխարէն տկար հոգուդ աղբն ես ծխում այսօրւայ Երևանին, չե՞ս հարցնում, թէ նա ինչպէ՞ս չվերածւեց պատմութեան խաւարի ծալքերում մոռացւող մի գերեզմանոցի:

Ծխա՛, ծխա՛ և այրւի՛ր, ինքդ քո մէջ: Եթէ կուզէս խեղկատակիր մեր ճանապարհին, հայհոյիր զոհերին, ուրացիր Մայիս 28-ը:

Զզւանքը մէկ աստիճանով և՛ս կբարձրացնի մեր մոլեգնութեան թափը:

Զզւանքը թռչող թևեր կտայ, որ մենք է՛լ աւելի շուտ խոյանանք դէպի նոր Մայիս 28-ը:

Շարունակելի