կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-01 14:28
Քաղաքական

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 1)

Հայ ցեղանենգ շէյթանների «բարոյականը», «մտածումը» եւ «գործը» (մաս 1)

Yerkir.am-ը շարունակում է հատվածաբար ներկայացնել Հայկ Ասատրյանի «Ցեղանենգ շէյթանը. խորհրդածութիւններ հակադաշնակցական ելոյթների մասին» գրքույկը: Ստորև աշխատության երկրորդ հոդվածն է (առաջինը՝ այստեղ, շարունակությունը՝ այստեղ):

Հայ ցեղանենգ շէյթանի կենդանի տիպին առաջին անգամ հանդիպել եմ 1920 թւականի գարնան Շիրակի Հոռոմ գիւղում: Մայիսեան ծանօթ դէպքերի օրերն էին: Աղեքսանդրապոլում գլուխ էր բարձրացրել «հայկական ջրօձականութիւնը», զօրքի մի մասը մոլորւելով կոյր գործիք էր դարձել խռովարար մեծամասնականների ձեռքը: Արագածի լանջերով գնում էինք Աղեք-Պոլ (այժմ՝ Լենինական) զսպելու խռովարարներին: Մտանք Հոռոմ մեծ գիւղը: Եկեղեցու բակում հաւաքուած 1000ի չափ մարդիկ լսում էին մեր ճառերը և խանդավառօրէն աղաղակում՝ «մա՛հ դաւաճաններին, կեցցէ՛ Միացեալ և Անկախ Հայաստանը»: Միտինգի վերջաւորութեանը մի քանի մարդիկ խնդրեցին հաւաքել գիւղի տարէց ու ազդեցիկ անձերը և գիշերը լուսաբանական մի ժողով կազմել: Գիւղի քահանայի հիւրասենեակում հաւաքւել էին 50-ի չափ տարիքոտ մարդիկ: Բոլշևիկ զրանենգները (պրովոկատոր) լուր էին տարածել Շիրակի գիւղերում, թէ Աղեք-Պոլում սկսուած պայքարը ռուսահայի և տաճկահայի կռիւ է, թէ Դաշնակցութիւնն աչառու կերպով պաշտպանում է տաճկահայերին, սովորականից և կարիքից աւելի նպաստ է տալիս նրանց և ծրագրել է Շիրակի ռուսահայ գիւղացիները այլուր փոխադրելով՝ գիւղերը բնակեցնել սասունցիներով: Հոռոմի դրացի Քաւթառլու գիւղի կաթոլիկ բնակիչները, զոհ գնալով զրախոսների սադրանքներին, զէնք էին վերցրել Աղեք-Պոլ գնացող սասունցի հեծելախմբերի դէմ «հայրենական գիւղը սասունցիական բռնագրաւումից պաշտպանելու» նպատակով. ի՜նչ ողբերգութիւն:

Ինձ վիճակուած էր դառն մի պարտականութիւն՝ բացատրել ամենատարիքոտ, ասել է՝ ամենակասկածամիտ հոռոմցիներին մեր համացեղային և համահայաստանեան գաղափարաբանութիւնն ու քաղաքականութիւնը: Նկարագրեցի հայրենակարօտ սասունցու և առհասարակ տաճկահայերի վիշտը, խօսեցի նրանց բուռն տենչի մասին՝ օր առաջ երկիր վերադառնալու, «մօտ է օրը, երբ մեր բանակը պիտի պատռէ թշնամու շղթան»… Քահանան և բարեմիտ ծերունիները հառաչում էին, արտասւում: Գիշերւայ ժամը 2-ն էր. կարծեցի, որ էլ թերահաւատ չմնաց. խօսքս փակեցի: Բայց ահա՛ սենեակի աղօտ մի անկիւնից բարձրացաւ կարճահասակ մի մարդ և ասաց հետևեալը.

- «Երիտասա՛րդ, շա՛տ լաւ ես խօսում: Լսի՛ր իմ պատմութիւնը: Երկու տարի առաջ (ակնարկում է 1918ը) թուրքը մտաւ մեր գիւղը: Ես ունէի երեք տղայ և մի աղջիկ: Փոքր տղաս և աղջիկս փախան Երևանի կողմերը, ազատւեցին և հիմա վերադարձել են ու օջախս շէնացրել: Գիւղացիները գիտեն, թէ ինչ եղաւ ամուսնացած երկու տղաներիս և նրանց հարսների ճակատագիրը: Տղաներս մորթեցին աչքիս առաջ և նրանց հարսները բռնաբարելով մեռցրին՝ դարձեալ աչքիս առաջ: Հիմա վերադարձած միակ տղաս ամուսնացած է և ունի մի սիրունիկ հարս: Աղջիկս էլ խօմ սիրուն է և հասած: Ուզում եմ, որ թուրքը կրկին գայ, էս տղէն էլ աչքիս առաջ մորթի, հարսս ու աղջիկս աչքիս առաջ բռնաբարելով մեռցնի, միայն թէ սասունցին չգայ ու ինձ չասի՝ «բարև քեզ, աղբէ՛ր ջան»:

Պատմեց ու անմիջապէս դուրս եկաւ:

Քահանան և գիւղացիներն աղաղակեցին՝ «թո՛ւ քեզ, Սաքի՛, թո՛ւ, քեզ Սաքի՛»:

Իմ պատանեկան երևակայութիւնը համակւեց սոսկումով: Տարիներ են անցել, մինչև այսօր չեմ մոռանում այդ զարհուրելի հրէշի կերպարանն ու խօսքը: Կարծում էի, որ նա մեր ժողովրդի մէջ հիւանդագին մի բացառութիւն է, հայ ցեղանենգ շէյթանականութեան եզակի վիժուածքը:

Յետո՞յ. յետոյ լսեցի, որ նոյն 1920 թւականի աշնան Կարսում ուրիշ Սաքիներ մեր զինւորների ականջին շշնջացել են. «Ինչո՞ւ էք կռւում. թուրքի հետ մենք եղբայրացել ենք, եկողը մեր եղբայրն է, մի՛ զարկէք»: Աղեքսանդրապոլի անկման օրը հայ բոշևիկները կազմում են 56-60 հոգիանոց մի «թափօր» և յաղթակա՛ն հուռաներով դիմաւորում Կարա-Բէքիրին: Չերկարենք բոլշևիկ-թուրք զինակցութեամբ պայմանաւորուած՝ սոսկում պատճառող փաստերի մասին և անցնենք արտասահման:

Այստեղ՝ օր ցերեկով, հակադաշնակցական շնական արգանդի դեղին մի վիժուածքը,- սինլքոր Մարթայեան- իր հոգին քսում է դժոխքի ցեխին, ռամկավար-հնչակներից «գիտնական»-ի տիտղոսն է ստանում և ծաղկեփնջերի հետ՝ սրանց «հայկական» սրտի աղբը տանում է Տաճկաստան և դառնում «գիտնական-բէյ»:

Ուր գորտ կայ՝ այնտեղ չի կարող ճահիճ չլինել: Ուր վիժուկ կայ՝ այնտեղ չի կարող հիւանդոտ օրգանիզմ կամ վատասերուած արգանդ չլինել: Մարթայեանը սնւեց, աճեց ու քաջալերւեց բուլգարահայ հակադաշնակցական միջավայրում: Հնչակեան «Պալքանեան մամուլ» և ռամկավար «Փարոս» թերթուկները տոնական հանդիսաւորութեամբ տպեցին նրա դիւաշունչ «յօդուածները», չնայած որ դրանք ո՛չ թէ լրագրական յօդուածի, այլ դաւաճանի զօրեղ խառնուածքով օժտուած մի անձի սեփական ոգու ցեխի որոճանքի տպաւորութիւնն  էին թողնում:

Դիցո՛ւք թէ՝ սկզբնական շրջանում հոգեկոյր տգիտութիւնը մոլորեցրեց այս թերթուկների խմբագիրներին: Բայց ինչո՞վ բացատրել նրանց լռութիւնը, երբ թուրքը Մարթայեանին «բէյ»-ի, հայերեն՝ «դաւաճան»-ի պատիվ շնորհեց: Ինչո՞ւ նրանք չցնցւեցին. գէթ մէկ վայրկեանով չհամակւեցին զայրոյթով և, օրինակ, Ամերիկայի ռամկավար «Պայքար»-ի պէս չյայտարարեցին, որ նա «հայ կեանքէն փոխուած» մի սինլքոր է: Նրանք ո՛չ միայն չցնցւեցին, չզայրացան, չսրբագրեցին իրենց ցեղադաւ սխալը, չմաքրեցին իրենց բարոյական մեղքը, այլև շարունակեցին հպարտանալ իրենց աշխատակցի «փառքով», տարփողել նրա յաջողութիւնները՝ Թուրքիայում:

Ի՞նչ է նշանակում սա:

Սա նշանակում է, որ դաւաճան Մարթայեանն՝ իբր հայկական ցեղանենգ շէյթանականութեան ներկայացուցիչ, հաւաքական տիպ է. այսինքն՝ նա իր հոգեկիցները, համախոհներն ու գործակիցներն ունի գաղութում:

1923 թւականին Պրագայում մի խումբ հայեր բարոյական տկարութեան մի պահուն շնորհաւորական մի հեռագիր են յղում յաղթական Մուստաֆա Քեմալին: Լուրը ռումբի պէս պայթում է դաշնակցական ուսանողութեան շրջանակներում: Մենք խզում ենք մարդկային ամե՛ն կապ այդ թշւականների հետ: Անցնում են տարիներ, և մի օր էլ նրանց տեսնում ենք բարոյապէս փռուած մեր ոտքերի տակ: Մեղայի եկան: Խոստովանւեցին, որ ելոյթն արդիւնք է եղել իրենց միամտութեան և քաղաքական տգիտութեան: Եւ մենք ներեցինք նրանց:

Գաղութում ո՛չ բարոյական հակակշիռ կայ, ո՛չ բոյկոտելու ազնիւ սովորոյթ, ոչ էլ՝ Հոռոմ գիւղի ծերունիների թուքը՝  Սաքիների երեսին:

Այս պատճառով էլ Մարթայեանները մնում են անպատիժ. Թումաճեան էֆէնտիները հակադաշնակցական սինլքորների կողմից որակւում են իբր «պատւաւոր ազգայիններ», հնչակ-ռամկավարները լիզում են չէկայի գործակալ Աղաբէկովի մատնանշած դաւաճան եպիսկոպոսների ներբանը: Ինչո՞ւ Ղևոնդ եպիսկոպոսն այլևս չապացուցանի, թէ կարելի է Յիսուսի խաչը կրել կրծքին և սրտում՝ աղօթել սատանային: Ա՜հ, ի՛նչ զարհուրելի շփոթ: Բողոքական պատւելիների «Հայաստանի Կոչնակ» թերթը հանդիսանում է լուսաւորչական եկեղեցու և կաթողիկոսական բարձր իրաւունքների պաշտպանութեան ախոյեանը: Եգիպտոսի ռամկավար օրգան «Արև»-ը քարոզում է «ազգային միացեալ ճակատ» և պնդում է, որ Դաշնակցութիւնը դաւում է ո՛չ միայն Թուրքիոյ և Խորհրդային Ռուսիոյ, այլև Սուրիոյ դէմ (յիշե՛լ Ա.Նիկոլի գրքոյկի պատմութիւնը): Բարեգործականը Նուպարաշէն է կառուցանում դաշնակցականների ստեղծած «Արարատեան հանրապետութեան» սահմաններում և մարտնչում է դաշնակցութեան դէմ, որ շարունակում է հետապնդել ո՛չ միայն Ահարոնեանի, այլև իր իսկ՝ Պօղոս Նուպարի երազած մեծ Հայաստանի իդէալի իրականացումը: Հակադաշնակցական մամուլի ամենաականաւոր օրգան «Պայքար»-ը, որ երբեմն հայրենասիրական պոռթկումներ է ունենում, նմանում է մի գորտի, որ նեղւելով ճահիճից՝ մերթընդմերթ ոստոստում է ցամաքի վրայ, կռկռում է մի երգ, յետոյ փոխում է իր հոգու ճահիճը, թրջում իր քարոզած գաղափարը և սպառուած ու շնչահեղձ՝ կրկին գլորւում դէպի ճահիճը:

Հակադաշնակցականութի՛ւն. եղկելի շփոթ, գարշահոտ ճահիճ, թքելի գաղափար, թուրք-բոլշևիկեան զազրելի ոգուց ցանուած մուր, հոգևոր խաւար:

Ի՞նչ պատիժ է սա, աստուա՛ծ իմ: Ո՞ւր էք գնում, եղկելի Յուդանե՛ր:

 

Շարունակելի