Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Է) Պայքար «ռուսահայ» գործիչների և «ռուսահայ» էութեան դէմ
Դաշնակցութիւնն ու հակադաշնակցականութիւնը խստօրէն զատորոշւում են նաև նրանով, որ առաջինն ունի համահայաստանեան և համահայկական զգացում ու գաղափարաբանութիւն, վերջինը գարշելի տեսակի հատւածամոլ է: Դաշնակցութեան երազած «Միացեալ և Անկախ Հայաստանը» միայն հողի պահանջ չէ, այլ ազգային ուժերի համադրման, ցեղի ցրուած զաւակների համախմբման, հայութեան քաղաքական և հոգեբանական առողջացման տենչանք:
Դաշնակցականը Հայաստանը պատկերում է մի և ընդհանուր, հակադաշնակցականը, Հայաստան ասելով, հասկանում է մերթ միայն Տաճկա-Հայաստան, մերթ՝ միայն Կիլիկիա, մերթ էլ՝ միայն Երևան: Դաշնակցականի ըմբռնումով աշխարհի բոլոր հայերը կազմում են միևնոյն ազգութեան նոյնագոյն բեկորները, հակադաշնակցականը սոյն բեկորները համարում է էութեամբ այլազան: Նա ասում է՝ «հայ» և «հայութիւն», սա՝ «ռուսահայ», «թուրքահայ», «պարսկահայ» և այլն: Նա ձգտում է համադրումի, սա իր էութեամբ պառակտիչ է: Դաշնակցականի համար ռուսահայ-տաճկահայ տարբերութիւնը քաղաքական-սահմանային է, հակադաշնակցականի ըմբռնումով՝ հոգեբանական-զգացումային:
Հակադաշնակցական են բոլոր նրանք, ովքեր ճմլւելով ռուսի և թուրքի ազդեցութիւնից՝ հոգեբանօրէն իրենց զգում են «ռուսահայ» կամ «թուրքահայ»:
Հոգեբանօրէն «ռուսահայ»-ի էությունը համակուած է ներքին ինքնառուսզգացութեամբ, հոգեբանօրէն «թուրքահայ»-ը, եթէ չի էլ գիտակցում, գէթ բնազդով կապուած է թուրքական էութեան: Նա մարմնաւոր հայ է, հոգևոր՝ ռուս, սա մարմնաւոր հայ է, հոգևոր՝ թուրք: Երբ պատմութեան զանգը հնչում է, և ցեղն ուզում է իր ճակատագիրը դարբնել, նա դառնում է բոլշևիկ, սա՝ թուրքական լրտես կամ անգիտակցաբար թուրքի հացին կարագ քսող քաղաքական խեղկատակ, ներքին խառնակիչ:
Եւ ահա՛ մի անակնկալ: Մինչև երէկ այս ռուսահայն ու թուրքահայը զիրար ատում էին, որովհետև ցարական ռուսը և սուլթանական տաճիկը թշնամիներ էին, այսօր զիրար «սիրում են», որովհետև բոլշևիկ ռուսն ու քեմալական թուրքը զինակցել են: Այստեղ՝ հոգեբանական, եթէ կուզէք՝ ենթագիտակցական հիմքը թուրքա«հայ» հակադաշնակցականների և ռուսա«հայ» բոլշևիկների բարեկամութեան: Ռուսահայ բոլշևիկը սիրում է թուրքահայ հակադաշնակցականին, որովհետև վերջինս ասում է. «Ես Տաճկա-Հայաստան չեմ ուզում» (թուրքի ուզածը): Թուրքահայ հակադաշնակցականը սիրում է ռուսահայ բոլշևիկին, որովհետև սա ասում է. «Հայկական դատ այլևս չկայ, Խորհրդային Հայաստանը մեզ բաւարարում է» (ռուսի ուզածը):
Իսկ ի՞նչ է անում դաշնակցական հայը: Կովկասցի դաշնակցականն ասում է՝ «առա՛նց թուրքաց Հայաստանի չկա՛յ Հայաստան», գաղութաբնակ դաշնակցականը շեշտում է՝ «առա՛նց կովկասեան Հայաստանի չկայ Հայաստան», ասում են ու շեշտում և միասին ձգտում են «Միացեալ ու Անկախ Հայաստանին»:
Դաշնակցական այս համահայաստանեան և համահայկական մտածումը՝ հակադաշնակցական սինլքորին թւում է «ռուսահայ» էութեան պտուղ: Նա պայքարում է այս մտածումը ներկայացնող արևելահայ ցեղապաշտ գործիչների դէմ և քծնում իսկական ռուսահայերին՝ բոլշևիկներին: Պայքարում է, որովհետև չի ուզում Միացեալ Հայաստան, քծնում է, որովհետև ուզում է Հայաստանը տեսնել բաժանուած, յօշոտուած, չքացած:
Գ. ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ
Իբր ամփոփում ասենք.
1. Հակադաշնակցական շէյթանը խլուրդի պէս դեգերում է թուրքի և ռուսի բացած ակօսում: Ատում է մեզ, որովհետև մենք թշնամի ենք թուրքին և ռուսին: Իբր ցեղի թշնամիների գործակից՝ նա նրանցից ստացել է պայքարի մի տախտակ և յանձնառութիւն՝ մեր կեանքում շփոթ առաջ բերելու, մեզ ինքնամփոփւելու և նոր թափով կռւի պատրաստւելու կարելիութիւնից զրկելու դիտաւորութեամբ: Նա վէճ է ստեղծել, որպէսզի մեր ուշադրութիւնը ցրի:
2. Այս պայմաններում անհնար է «ազգային միացեալ ճակատ» ստեղծել: Ո՛չ մենք նրանց կգործակցենք, ո՛չ էլ նրանք՝ մեզ: Իւրաքանչիւրը պիտի գնայ իր ճանապարհով, իսկ վճիռը կտայ պատմութիւնը: Դաշնակցութիւնը մարմնացնում է հայ ցեղի տեմպերամենտը և ազգի քաղաքականօրէն դաստիարակուած զանգուածների հաւաքական մտածումը, իսկ պատմութեան մարզում ենթակայական դերակատարներն են՝ բարձր տեմպերամենտը և դաստիարակուած զանգուածը:
3. Հակադաշնակցական փոքրամասնութիւնը շերտաւորուած է՝ հոգեբանօրէն: Ցեղանենգ շէյթանականութիւնը ներկայանում է իբր անհատների մի խմբակցութիւն: Որքան էլ բոլշևիկ-հնչակ-ռամկավար-կղերական տարրերը հիմա շէյթանի չւանի տակն են խեղկատակում՝ չի նշանակում, որ նրանք բոլորը էութեամբ շէյթաններ են: Կայ մոլորուածների, երկչոտների, հարկադրուածների բազմութիւնը: Այդ բազմութիւնը խօսքի ու գրչի քարոզով չի դաստիարակւի, այլ յեղափոխական կենդանի և լայնածաւալ գործունէութեամբ: Քաղաքական պրոպագանդի տեսակէտից՝ մէկ ռումբի ձայնն աւելի՛ է դաստիարակիչ, քան մէկ միլիոն քիլոգրամ մրոտուած թուղթ:
Երբ ռումբի որոտը լսելի կը դառնայ նաև հակադաշնակցական մոլորուածին, նա կը հոգեփոխուի, կը լծուի յեղափոխութեան կառքին, կը թքի իրեն մոլորեցնող ցեղանենգ շէյթանի աչքերի մէջ և կը թքի զայրոյթի այնպիսի՛ թոյնով, որ նա կուրանայ:
4. Աշխարհը յղի է նոր կարելիութիւններով. մօտենում է փոթորիկի ժամը: Այս աշխարհում իշխում է պարբերակների՝ խմորումների և թռիչքների սկզբունքը: Աստուածը յոգնել է, թմրել, կախել է ականջները և յօրանջում է. աշխարհի անիւը խրուել է ցեխում, ճռնչում է և դուրս չի գալիս՝ խաղաղութիւն է:
Աստուածը կայտառացել է. հարբել է գինով և երգում է, երգում է և երկնում, երկնում է և ստեղծագործում, տիեզերքը հեծնել է իր երիվարը և սանձակոծում է. պատմութիւնը մի վայրկեանում դարերի վազք է անում, մարդը տենչում է, ձգտում, ուզում է յաղթել-յաղթահարել, բարձրանալ, բնաշրջումի մի նոր պարբերակ է բացւում, պտուղն հասել է ու վայր է ընկնում, և քաղաքակրթութիւնը նոր, ճակատագրական մի թռիչք է անում՝ պատերազմ է:
Հայութեան ճակատագրական թռիչքի ժամն է մօտենում: Պատրաստ: Մոլեգնօրէն: Տարերայնօրէն: Մեր ցեղի թշնամիների դիակները և հայ ցեղանենգ շէյթանների եղկելի հոգիները կոխկրտելով՝ մենք պիտի քայլենք դէպի Միացեալ և Անկախ Հայաստանի մեծ գաղափարի յաղթանակի արշալոյսը: