Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դժուար է ճշդել, թէ որո՞նք են գաղութահայ կեանքի այսօրւա իսկական ցեղանենգ շէյթանները: Հաւանաբար, սրանք հրապարակում չերևացող լրտես-մատնիչներ են, որոնք, սակայն, կարողացել են հնչակ-ռամկավար հոսանքների կեանքի լծակն իրենց ձեռքն առնել:
Այդ հոսանքների բերանը հանդիսացող մահազդ-թերթերը տարիներից ի վեր լծուած են ապերախտ մի աշխատանքի: Նրանց «քաղաքական դաւանանքը» խտանում է հետևեալ կէտերում.
ա) անձնական խծբծանք,
բ) լրտեսամիտ զրաբանութիւն,
գ) պայքար Մայիս 28-ի գաղափարականի և հայոց ազատութիւնը խորհրդանշող եռագոյնի դէմ,
դ) Երևանի վերածնութեան տարփողում և ներգաղթի շահագործում,
ե) սևացում Դաշնակցութեան «արկածախնդրական» անցեալի,
զ) պայքար Միացեալ և Անկախ Հայաստանի երազի դէմ,
է) պայքար «ռուսահայ» գործիչների և «ռուսահայ» էութեան դէմ:
Այս ամբողջ տախտակը գծուած ու պատրաստուած է թուրք-մեծամասնական ձեռքով: Նա քաղաքական մի ծրագիր է, անշուշտ: Ինչո՞վ բացատրել, որ նա դարձել է հնչակ-ռամկավարների ներշնչարանը: Այդ կը պարզւի, երբ մենք այդ նզովեալ տախտակի կէտերը քննութեան առնենք:
***
ա) Անձնական խծբծանք. բոլշևիկը բարոյական անասուն է: Այստեղ՝ նրա՝ իբր հոգեբանական տիպի առավելութիւնների և թերութիւնների գումարը: Սոփեստ է նա. Չի ճանաչում բարոյական օրէնք և կարևորութիւն է տալիս եղելոյթների գործնական ելքին: Ճշմարիտ-սուտ, ճիշդ-սխալ, արդար-անիրաւ, բարոյական-անբարոյական՝ նման ըմբռնումների բևեռացումից զերծ է բոլշևիկը: Բոլշևիզմ՝ դա մի ճիգ է ազատագրւելու քրիստոնէական «երկու ոգիների» ներքին պայքարից, բարու և չարի հակամարտութիւնից, կարճ՝ իմացական և բարոյական տառապանքից: Դրա համար էլ նա գնահատում է ոչ թէ խորհրդածող հանճարը, այլ գործնական տաղանդը, գործում է ոչ թէ ըստ բարոյական զգացման, այլ՝ ըստ առարկայական շահի: Այս հոգեգծով է պայմանաւորւում բոլշևիկեան քաղաքական և բարոյական մաքիավելիզմը:
Հնչակ-ռամկավարները հոգեբանօրէն բոլշևիկներ չեն: Նրանց հոգեկառոյցի հիմնական գծերը կազմում են հայկական ստրկամտութիւնը և ներքին տկարութեան ինստիտուտիւ զգացումը: Նրանց ապրում-մտածումը շաղախուած է հին, նեխած նախապաշարումների ցեխով: Լայն ճամբաների էակ է հակադաշնակցական հայը, իսկ յայտնի է, որ դժոխքի ճամբաները լայն են: Կեանքի քամիները նրա ներքին տկար էութիւնը քշում են մի գծով՝ նա մղւում է մի ուղղութեամբ և բևեռանում մի կէտում:
Բարոյական կեանքը նախատեսում է ներքին մղում. հնչակ-ռամկավարները զուրկ են նման մղումից, նրանք քշւում են արտաքին ուժից, կեանքի քամուց և կանգնում են այնտեղ, ուր սրանք են պարտադրում:
Այդ ուժն ու քամին գալիս են բոլշևիկ-թուրքական աղբիւրից, որով հնչակ-ռամկավարների շարժուձևերը մեր դէմ կրում են բարոյապէս անազատ մարդոց ընդվզման նկարագիր: Բարոյապէս անազատը չի բևեռանում իբր բարոյական անասուն, այլ բևեռացւում է իբր բարոյական հրէշ: Ըստ որում՝ հնչակ-ռամկավարները, եթէ գիտակցում են իրենց արարքի իմաստը, ցեղանենգ չարագործներ են, եթէ չեն գիտակցում, կոյր գործիքներ են:
Թէ՛ ինքնագիտակ չարագործը, թէ՛ կոյր գործիքը բարոյապէս անազատ են, որովհետև իմացապէս տգէտ են, և իմացապէս տգէտ են, որովհետև բարոյապէս ազատ չեն: Մարդկային ճշմարիտ գիտութիւնը յենվում է բարոյական ազատութեան սկզբունքին: Այս ճշմարտութիւնը չեն հասկանում միայն բռնակալները և ստրուկները, որոնք թէ՛ յաջողութեան, թէ՛ ձախողանքի մէջ զուրկ են մնում սրտի մշակոյթից:
Հոգով ստրուկը և խառնուածքով գռեհիկը՝ ճշմարիտ տգէտը, իբր հասարական էակ, ցուցադրում է երկու գիծ՝
1. ընդհանրական նշանակութիւն ունեցող երևոյթների և գաղափարների անձնականացում՝ իբր մտածման բովանդակութիւն,
2. հայհոյանքն՝ իբր դաստիարակութեան, և խեղկատակութիւնն՝ իբր գործունէութեան մեթոդ:
Մեր ընկերները ջղայնանում են, որ հնչակ-ռամկավար «Պալքանեան Մամուլ» և «Փարոս» թերթերի բովանդակութիւնն ու մեթոդը ծառայում են այս գծին. օրինակ՝ թութակելով բոլշևիկներին՝ այդ թերթուկները հայ յեղափոխական լայնածաւալ, երկարատև ու սրտաճմլիկ շարժումը համարում են մի քանի անձերի գործ և ձգտում են իբր թէ վարկաբեկել այդ անձերից ոմանց: Պէտք չէ՛ ջղայնանալ, այլ՝ միայն հասկանալ:
Մեր ընկերներին այդ թերթերի բովանդակութեան և մեթոդի անանկութիւնը բացատրելու համար տա՛նք մի քանի օրինակներ:
1. Մեր ցեղի յաւիտենականութեան դուռը բախած Ահարոնեանը, որի ստեղծագործութիւնը քանակով գերակշռում է բոլոր հնչակ-ռամկավար գրիչների արտադրանքը և որակով մնում է անհաշւելիօրէն բարձր, «Փարոս» թերթում «անարգւում է» մի խեղճ տղայից: Ինչո՞ւ. որովհետև Երևանում սոսկում են Ահարոնեանի ոգու ուրւականից. ամեն օր բոլշևիկներն իրենց ագռաւի կտուցը թաթախում են ցեխի մէջ, աղտոտում իրենց թերթերը… և կարծում են, որ Ահարոնեանը յաղթահարւեց: Չօպանեանը Երևանին հաճոյանալու համար իւրացնում է այս սովորութիւնը, և անմեղ տղաները հետևում են նրան: Ո՞վ է մեղավոր՝ Երևա՞նը, Չօպանեա՞նը, Ֆիլիպէի տղա՞ն, ո՛չ՝ մեր ճակատագիրը:
Ձգտել այդ ճակատագրի յեղափոխումին՝ նշանակում է ո՛չ միայն զզւել Երևանի յիմարութիւններից և Չօպանեանի խորշոմած ոգուց, այլև կարեկցել ֆիլիպէցի տղային: Նա մեր ճակատագրի զոհն է. դառն ճակատագիր, որ զրկել է նրան Ահարոնեանը կարդալու և հայ ցեղայնութեամբ հաղորդւելու կարելիութիւնից:
2. «Պալքանեան Մամուլ» և «Փարոս» թերթուկները, որոնք գաղութահայ տկարութեանց ճիւաղացման ճշմարիտ վկայագրեր են՝ հայ ռազմական կորովի ներկայացուցիչներից Գ. Նժդեհի այսօրը սևացնելու համար կտցահարում են նրա հերոսական անցեալը՝ չակերտելով զօրավար և սպարապետ բառերը: Զօրավարութիւնը աստիճան է, սպարապետութիւնը՝ պաշտօն: Նժդեհը այսօր էլ զօրավար է, որովհետև աստիճանը մնայուն է: Սակայն այլևս նա սպարապետ չէ, որովհետև այդ պաշտօնը հիմա չի վարում: Այն օրը, սակայն, երբ այդ ականաւոր յեղափոխական-զինւորականի ուրւականից սարսափով փախչում էին թաթար և օսմանցի թուրք հորդաները, բոլշևիկեան «կարմրադրօշ» զօրամասերը, որոնք բոլորը Զանգեզուրում դառնում էին նապաստակ, Նժդեհը ո՛չ միայն զօրավար էր, այլև սպարապետ: Նժդեհի ղեկավարած Զանգեզուրը երկինք բարձրացրեց թաթարական 200 գիւղերի ծուխը, գլխովին ջարդեց ռուսական 11-րդ բանակի զօրամասերը, Նուրի փաշայի «ասկեարները» և պարտադրեց իր կամքը՝ դառնալ Հայաստանի անբաժան մասը: Կտցահարելով Նժդեհի մեծ կուսակցութեան փառքի ծիրանին՝ հակադաշնակցականները մատնում են ո՛չ միայն իրենց հայրենանենգ ոգին և տգիտութիւնը պատմական անցքերի մասին, այլև իրենց թզուկային նախանձը՝ կատւի նախանձը առիւծի հանդէպ: Հակադաշնակցականը, սակայն, մի կատու է, որ չի կարող մուկ իսկ բռնել, նա չի ըմբռնում, թէ ի՞նչ է նշանակում թաթարական 200 գիւղերի կործանումը, ռուսական 11-րդ բանակի պարտութիւնը, Նուրի փաշայի ասկեարների ջարդը և Զանգեզուրի կցումը Հայաստանին: Կատւից բանականութի՞ւն ենք սպասում, պատմագիտական ըմբռնո՞ւմ:
Կատւոգի այդ մարդիկ այս բոլորից ոչինչ չեն հասկանում, որովհետև մեր ողբերգական հայրենապաշտութեան փոխարէն նրանք համակուած են ցեղուրացի մանրագործ քսութեամբ: Հակադաշնակցականը զուրկ է ո՛չ միայն զօրավարներ, այլև հասարակ զինւորներ ունենալու փառքից: Անծիր խաւարն է իշխում նրա ոգում, և նա բնազդաբար ստուերներ է փնտռում մեր պատմութեան լուսաւոր էջերում: Հայ զօրավարնե՞ր, հայկական բանա՞կ, Սիւնեաց հերոսամա՞րտ, թուրք-թաթար-բոլշևիկ զինակցութեան զիջո՞ւմ, թշնամու պարտութի՞ւն, Դաշնակցութեան ճիգերով ստեղծուած հայրենի՞ք: Ա՜հ, անտանելի, աներևակայելի է այդ բոլորը նրանց համար, ովքեր մեր ցեղի մէջ միայն նսեմականն են տեսնում, ովքեր սոսկում են նոր ցեղաշարժի հաւանականութիւնից, հայկական նոր բանակի, դաշնակցական նոր զօրավարների, ընդլայնուած, ազատ և մեծ Հայաստանի պատկերից:
Ի՞նչ անել, որ այդ բոլորը այլևս չգան՝ հաւատարմութիւն մլավել մեծ Հայաստանի գաղափարի թշնամիներին, սևացնել նրա գաղափարակիրների անցեալը, ծաղրել հայ ցեղի մարտական փառքը:
Տկարի խեղկատակո՛ւմը, նրա ծաղրա՛նքը՝ ինչն է աշխարհում աւելի զզւելի, քան սա, որքան էլ նա աստուածային մի պատուհաս է:
Ի՛նչ էլ լինի, այս աշխարհի արարիչը անկատար մի էակ է: Հակադրասէր ոգի ունի նա. անգամ՝ սատանային իրաւունք է տւել ծաղրելու իր իսկ գործը:
Ինչո՞ւ հնչակ-ռամկավարն իրաւունք չունենա ծաղրելու մեր հերոսականը, երբ աշխարհում յիմարութիւնն աւելի՛ է աժան, քան խոհականութիւնը, երբ քամի փչելն աւելի՛ է դիւրին, քան հերոսականի ողբերգութիւնն ապրելը, երբ խեղկատակօրէն կտցահարելն աւելի՛ նպատակայարմար է, քան տառապելով քննադատելը, երբ կատւօրէն ցատկռտելն աւելի՛ շահաբեր է, քան առիւծօրէն վտանգների հետ խաղալը, երբ ունայնաբանելն աւելի՛ հաճելի է, քան ծանրօրէն մտածելը:
Գէօթէն ասում է. «Դու նման ես ա՛յն ոգուն, որին ըմբռնում ես»:
Կատուն կատու է և յաւիտենօրէն նման իր ոգու պատկերին:
Նա չանգրում է մեր պատմութեան մագաղաթը և չի հասկանում հայ յեղափոխութեան ողբերգական հերոսականի իմաստը:
Ի՞նչ անենք. ողբա՞նք, թէ՞ ծիծաղենք:
Կարծում եմ՝ ծիծաղե՛նք:
3. «Աքլորը Քարոզիչ»՝ ամբողջ մի իմաստութիւն կայ այս բառերի մէջ: Քարոզիչ աքլորը սիմբոլն է տգիտութեան և ամբարտաւանութեան: Այո՛, կեանքում շա՛տ խայտառակութիւններ կը պատահեն, եթէ աքլորն է իմաստութեան և ճշմարտութեան քարոզիչը: Հայ կեանքի յետամնացութեան և հայ իրականութեան խայտառակութիւնների հիմնական պատճառներից մէկն էլ ա՛յն է, որ գոյութիւն չունի իմացական և բարոյական վերահսկողութիւն: Ամե՛ն իմաստակ, որ գրիչ է շարժում, կարող է «խմբագիր» դառնալ, հոգևոր ամե՛ն թշւառական, որ լաւ հայհոյել գիտէ, արդեն լաւ «խմբագիր» է, ամեն հայհոյաբան, որ ընթերցող է գտնում, կարծում է, որ ինքը բարձր մտաւորական է: Ամե՛ն տգէտ, որ օգտագործելով թայֆայական հակամարտութիւնները, դպրոց է մտնում, կարծում է, որ ինքը որակեալ ուսուցիչ է: Այս պայմաններում դժւար է չարն ու բարին միմեանցից զանազանել:
Սոֆիայում կայ հայկական աղքատիկ մի նախակրթարան, որում, իբր վարժապետ, ծառայում է մի թերուս, որ կոչւում է Յ. Պօղոսեան:
Սոֆիայում մարդկային ոգու ամենամութ անկիւններից խաւարավիժում է հնչակեան մի շաբաթաթերթուկ, որի խմբագիրը նոյն վարժապետն է::
Այս «վարժապետ-խմբագիրը» նշանաւոր է նրանով, որ հոգեմարմնական կազմով նմանում է փոքրիկ, դատարկ մի տակառի, որ քշւելով բոլշևիկեան քամուց՝ գլորւում է «հնչակեան գաղափարական պատնէշ» տիտղոսով ծանօթ փոշոտ ճամբին և երբ քարի է բախւում, հանում է աղեխարշ մի աղմուկ: Մեր հնչակեան հայրենակիցներն այս յիմարական աղմուկն ընդունում են իբր իրենց մշտարթուն աքլորի կանչը: Այս աքլորի համար չկայ հայ պետական-հասարակական գործիչ Սիմոն Վրացեան, այլ կայ ոմն «թզուկ Սիմոնիկ»:
Մարմնով՝ Սիմոն Վրացեանը պատկանում է «բարձրահասակների» կարգին, նրան «թզուկ» անուանող Յ. Պօղոսեանը՝ «կարճահասակների», ավելի՛ ճիշդը՝ նսեմահասակների: Երեսուն տարւայ հասարակական գործիչ, Հ.Յ.Դ. Բիւրօի անդամ, անդրկովկասեան Սեյմի և Հայաստանի պարլամենտի անդամ, գիւղատնտեսական նախարար, Հայաստանի վարչապետ, Թիֆլիսի «Հորիզոն» և Երևանի «Յառաջ» հսկայածաւալ և համահայկական նշանակութիւն ունեցող օրաթերթերի խմբագիր, համահայկական արժէք ունեցող հսկայահատոր երկերի հեղինակ և այլն, և այլն Սիմոն Վրացեանի անունը ծանօթ է աշխարհի բոլոր հայերին, Անդրկովկասի վրաց, ռուս, թաթար զանգուածներին, եւրոպական և համառուսական պետական և հասարակական գործիչներին՝ առնւազն միլիոնաւոր մարդոց: Յ. Պօղոսեանն, այն էլ՝ իբր ոչնչաբան, ունայնագործ և խառնակիչ, ծանօթ է Բուլգարիոյ հայ համայնքին՝ առառաւելն մի քանի հազար մարդոց:
Եւ, այնուամենայնիւ, Սիմոն Վրացեանը «թզուկ» է:
Ակամայից յիշում եմ գերմանական մի հանդիսում մի քանի տարի առաջ տեսածս մի պատկերը:
Ովկիանոսի վրայ ընթանում է բրիտանական ահռելի մի զրահանաւ (անգլիական ծովային ուժի սիմբոլը): Տակառն աղեխարշօրէն երերւում է զրահանաւի յարուցած ալիքների վրայ: Տակառի մէջ նստած են մի քանի ռուս-բոլշևիկ մարդիկ: Վերահաս խորտակումի սոսկումը աչքերի մէջ՝ նրանք մէկ ձեռքով բռնել են տակառի եզրերը, միւսով՝ մի մուրճ և մանգաղ, բացել են երախները և բղաւում են զրահանաւին. «Թզո՛ւկ, մենք կը խորտակենք քեզ»: Վերևից նայում են անգլիական նաւազները և ծիծաղում:
Իսկ մենք ի՞նչ անենք, երբ Յարութիւն Պօղոսեանը, նստած հնչակեան տակառում, նայում է Դաշնակցութեան զրահանաւին և ասում. «Սիմոնի՛կ, թզո՛ւկ, քեզ կը խորտակեմ»:
Ջղայնանա՞նք, թե՞ ծիծաղենք:
Կարծում եմ՝ ծիծաղե՛նք:
Շարունակելի