Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմական իրողութիւն է, որ 1918 թ. Մայիս 28-ի յաղթանակով հիմք դրւեց հայոց քաղաքական կեանքի կառոյցին. հայը դարձաւ պետական ժողովուրդ, իսկ Հայաստանը՝ պետական-քաղաքական միաւոր: Նոյն տարւայ օգոստոսի 1-ին Երևանում և շրջակայքում կուտակուած հայ զանգուածները հանդիսական մի «այո՛» ասացին իրենց ճակատագրին: Բացւեց Հայաստանի Խորհուրդը, և հանրապետական կառավարութիւնն ի պաշտօնէ ընդունեց երկրի քաղաքական կեանքի ղեկը վարելու պարտականութիւնը:
Հայաստանի Խորհուրդի նախագահ Ա. Սահակեանը (հայր Աբրահամ) խօսեց պարլամենտական առաջին ճառը՝ «մեր երկրի սահմանները կընդարձակւեն կեանքի երկաթէ ուժով»: Գերման-աւստրևհունգարական ներկայացուցիչներն իրենց մտածկոտ հայեացքները սևեռել են նախագահին (ի՞նչ էին մտածում), թուրքերը նայում են ամե՛ն կողմ, սակայն իրենց հայեացքը կենտրոնացնում Նազարբէկեանի և նրա զինւորական շքախմբի օթեակին. ճգնում են հիացմունք և խնդակցութիւն բռնազբօսել: Դուրսը զօրքը կազմել է պատկառազդու մի շղթայ և արձանացել՝ իբր անշարժ մի պատկեր: Ամբոխն ալեկոծւում է. ոմանք անընդհատ ծափահարում են, ոմանք՝ «կեցցէ՛» աղաղակում, ոմանք էլ ծնրադրել են՝ գլուխը կախ և լուռ՝ աղօթո՞ւմ են, թէ՞ դարերի հաշիւը կարդում:
Ի՞նչ էր պատահել:
Անասելիօրէն ողբերգական պայմաններում կատարւել էր նշանակալից մի հեղափոխութիւն. դարերի կուտակած զգացումները, թև առած, իրար էին բախւել, և մեր մեծ խաչելութիւնն ու ահարկու հերոսականը խորհրդանշւել էին կարմիր-կապոյթ-նարնջագոյն մի դրօշով:
Մի օր էլ եկեղեցական՝ պատմականօրէն նշանակալից մի հանդէս տեղի ունեցաւ Էջմիածնի տաճարում: Կաթողիկոսը նզովեց դարերի գերութիւնը, օրհնեց հայ զօրքն ու ժողովուրդը, Հայոց Աշխարհը, Հայոց Անկախութիւնը, մաղթեց, որ հանրապետութեան նւիրական դրօշը յաւիտեանս յաւիտենից անխոցելի մնայ և յիշեց «զհանրապետութիւնս հայոց»:
Կարսում 1919 թ. գարնան ապրեցի կեանքիս ամենայուզիչ մէկ վայրկեանը՝ տեսայ հայկական եռագոյնի խրոխտ ծածանքը հսկայ բերդի վրայ: Ա՜հ, ինչ երջանկութիւն է այս անցաւոր յաւիտենականի մէջ գէթ մէկ վայրկեանով ապրել ու զգալ ցեղի հպարտանքի և հզօրանքի խորհրդանշանը հսկայ մի կոթողի վրայ:
Րաֆֆին՝ ամենամեծ հայը, Մասիսի գագաթին հայկական մի դրօշակ երազելով, ճմլեց դարերի սիրտը և մեզ համակեց վերելքի կարօտով:
Եւ բարձրանում են նրանք, ովքեր տեսան հայկական դրօշակի փառքը բուն հայրենիքի մէջ, և նրանք, ովքեր ապրեցին կամ ապրում են նրա խորհուրդը:
Բարձրանում է ցեղաշունչ հայը, բայց նրա դէմ ցցուած է ցեղանենգ շէյթանը:
Բանդում սադիստ բոլշևիկները Գրիգոր Մոկացուն տանջելիս պահանջում են, որ հայ ալևոր վագրը կոխկրտի հայ անկախութիւնն ու հայ յեղափոխութիւնը խորհրդանշող դրօշակները: Հին հայդուկը խոնարհւում է գետին, վերցնում դրօշակները, համբուրում է և ողբում…
Ի՞նչ անենք մենք, որ հոգով ի ծնէ ներքինի, մտածումով ու բարոյականով ճշմարտօրէն թզուկ-սադիստները սողոսկում են օտար ազգերի ոստիկանատուները, գաղտնի հէքիաթներ են պատմում կամ իրենց պղծաթերթերում հայկական դրօշակը որակում են իբր «կերպասի ծվէն»:
Մարդկային մտածումն ունի երկու գիծ՝ վերլուծական (անալիտիկ) և համադրական (սինթետիկ): Վերլուծականը նպատակադիր է երևոյթների բաղկացուցիչ մասերն ու տարրերը գտնել, համադրականը՝ մասերի և տարրերի ամբողջութիւնն ըմբռնել: Վերլուծական հոգեբանութիւնը ունեցող անհատը, եթէ որոշ կրթութիւն և պատրաստութիւն ունի, նւիրւում է գիտութեան, եթէ տգէտ է՝ դառնում է լրտես, մատնիչ, խառնակիչ: Նմանը ճիգ է թափում գաղտնիքներ կորզել, մերկացումներ անել: Մերկ է նրա ոգին, և նա ձգտում է աշխարհը մերկացած տեսնել: Նմանի համար չկայ խաչ՝ կայ փայտի, մետաղի կտոր, չկայ հայրենիք՝ կայ լեռների, դաշտերի, բլուրների, հովիտների, աղբիւրների, գետերի մի գումար, չկայ մարդ՝ կայ մսի, ոսկորի, ջղերի, երակների, սննդական նիւթերի և աղբի մի հանգոյց, չկայ ցեղի իդէալը խորհրդանշող դրօշակ՝ կայ կերպասի կտոր, գոյն:
Սովորական վերլուծող չէ հայ հակադաշնակցականը. նա տգիտութեան և կրքի մի տոպրակ է, ուժով միայն նրանում կարելի է մի քիչ գաղափար տեղաւորել, բայց երբե՛ք՝ կամաւոր կերպով:
Շոպենհաուէրն իր գրուածքներից մէկում մէջբերում է սպանիական մի առած՝ «պատիւն ու դրամը չեն պարտկւում միևնոյն տոպրակում»: Զօրով գաղափարը սեղմել էութեամբ փերեզակի հոգետոպրակում՝ նշանակում է կա՛մ տոպրակը պատռել, կա՛մ գաղափարի պատիւն արատաւորել:
Դրօշակը ցեղի քաղաքական պատիւն է: Նա երևան է գալիս, երբ ցեղի կամքն արձանանում է իբր յաղթանակ, օրինակ՝ իբր 1918 թուականի Մայիս 28: Այս իմաստով՝ դրօշակը պատմական արժէք է:
Պատմական ամե՛ն եղելոյթ, սակայն, տւեալ ցեղի էութեան յաւիտենական ինքնակերպաւորման մի դրւագն է: Պատմութեան մարզում այս դրւագները չեն մնում իբր անկապ-անկապ բեկորներ, այլ շղթայակցում են միմեանց: Պատմական առաջընթացը (պրոցէս) դէպքերից հիւսուած մի շղթայ է, որ երկարում է անծանօթ կամ յիշելի անցեալից և ներկայի կամուրջի վրայով ձգւում է դէպի գալիքը՝ ապագան: Այս իմաստով՝ դրօշակը մի գաղափար է՝ ցեղի ինքնայաւիտենականացման սիմբոլը:
Քաղաքական պատիւ, սակայն ունեն նրանք, որոնք ընդհանրապէս անպատիւ չեն, ինքնայաւիտենականացման տենչ ունեն նրանք, որոնց ոգում ցեղի ճրագն իսպառ չի մարւել. գաղափարով համակւում եմ նրանք, ովքեր ստեղծագործական երկունք ունեն իրենց սրտում և բարոյական ուժ՝ իրենց ողջ էութեան մէջ:
Հակադաշնակցականը հոգեբանութեան մէջ ծանօթ պնդակորիզ տիպն է: Նա առօրեայով ապրող գռեհիկ էակ է, իսկական հաւատամէրկ (թաթարերէն՝ «իմանը չպլաք»): Շուկայում նա որոնում է կանխիկ դրամը, պատմական եղելոյթներն ըմբռնում է իբր կոպիտ ներկայ, չգիտէ անցեալը գնահատել, չի հաւատում ապագային:
Ինչպէ՞ս նրան դրօշապաշտութիւն պարտադրել, երբ մեր եռագոյնն անցեալի արժէք է և ապագայի յոյս, երբ նա այժմ տարագիր է, և հայ զօրքի սւինը ցցւած չէ նրա ետև:
Սւինն անցել է թուրքի և բոլշևիկի ձեռքը: Ի՞նչ անել. կառչել հայկական եռագոյնին՝ նշանակում է նիզակ ճօճել նրանց դէմ: Մինչդե՞ռ: Մինչդեռ «թուրքի ականջը անուշ խօսքով շոյելու է»: Չեմ մոռանում խօսքը փթած հոգով ա՛յն հայ հակադաշնակցականի, որ անգամ Պրագայի սրճարաններից մէկում ապտակ էր ստացել մի թուրքից և խնդրում էր մեզ՝ հրաժարւել նրան պատժելու մտքից:
Թուրքն ու բոլշևիկը հայհոյում են մեր դրօշակին, որովհետև գիտեն, որ նա մեռած մի յիշատակ չէ, այլ կենդանի մի ուժի քաղաքական սիմբոլը: Հակադաշնակցականը թուրքի և բոլշևիկի «ականջը անուշ խօսքով շոյելու» համար ճգնում է ցոյց տալ, որ ինքը հայ կենդանութեան նշանակի հետ որևէ կապ չունի: Դրա համար է նա ո՛չ միայն փախչում է մեր եռագոյնից, այլև հայհոյում է նրան: Այստեղ՝ նա ցուցահանում է ուրացողի հոգեբանութեան զազրելի, բայց բնական գծերը: Թուրքիոյ հայերը կը յիշեն, որ իսկական մահմեդականը միայն զայրանալիս է հայհոյում մեր հաւատին, իսլամացած հայը՝ շարունակ: Վերջինս այդպէս էր անում ո՛չ միայն համոզելու շրջապատը, այլև ինքնահամոզւելու, թէ լրբութեան դինամիզմով կարելի է յաղթահարել ներքին տկարութիւնը, ամոքել խղճի խայթը: Դրօշուրաց հայը իր ներքին տկարութիւնը վերածել է տխմար զառանցանքի: Նա զգում է պարզապէս և չի հասկանում, որ անցել է ժամանակը, երբ մարդիկ էշով էին Երուսաղէմ գնում:
Կովկասահայերը հնչակ տիպը անուանում էին «սաղ ննջեցեալ». գաղութահայ հակադաշնակցականը, սակայն, կաղ-կենդանի է: Բարոյապես կաղալ՝ չի՛ նշանակում, սակայն, վտանգից զերծ մնալ: Գալիս է փոթորիկը և ամենից առաջ տկար տունկն է արմատախլում:
Ա՜հ, հայկակա՛ն տկարութի՛ւն, մենք կարեկցում ենք քեզ և դրա համար էլ ամուր կառչած ենք մեր դրօշակի խորհրդին, համակուած ենք վերելքի կարօտով և քայլում ենք վտանգի կամրջի վրայից:
Հայկական եռագո՜յն… դա վտանգի աստղն է, որի հետքերով քայլում է վրիժապաշտ հայը՝ քայլե՛նք և հարուածե՛նք:
Անհնա՛ր է, որ մեր քայլերը մի կայանի չյանգեն, անհնա՛ր է, որ մեր հարուածները անիրաւութեան բուրգերը չխորտակեն:
Աշխարհը յղի է նոր կարելիութիւններով. բախե՛նք բախտի դուռը: Կը գայ արշալոյսը, և մրոտած դէմքերով մարդոց մի կաղ-կարաւան կանգ կառնի հայոց աշխարհի դռան ու կասի.
- Ների՛ր ինձ, հա՛յ դրօշա՛կ, որ իմ տկարութիւնը մի օր քեզ ուրանալու անառաքինութեան մղեց ինձ: Անառաքինի էի, որովհետև ստոր էի, և ստոր էի, որովհետև հոգով ստրուկ էի:
Շարունակելի