կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-05 18:18
Տնտեսական

Ավտոներկրողներին զիջել են վեց ամիս. մեքենաների վաճառքի հին կարգը կգործի մինչև հուլիս

Ավտոներկրողներին զիջել են վեց ամիս. մեքենաների վաճառքի հին կարգը կգործի մինչև հուլիս

Ավտոմեքենաների վաճառքի հին կարգի ժամկետը երկարաձգվել է ևս 6 ամսով. այն կգործի մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը: Այս որոշումն ուժի մեջ է մտնում այսօրվանից՝ հոկտեմբերի 5-ից՝ համաձայն ՀՀ Կառավարության՝ սեպտեմբերի 26-ի նիստին ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման:

Սույնով կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:

Փոփոխության ենթարկվել է միայն այն հատվածը, որը վերաբերում է ավտովաճառքի կարգին: Որոշումն ընդունվել է հետևյալ խմբագրմամբ. օտարերկրացիներին Հայաստանից մեքենա գնելու համար անհրաժեշտ է լինելու Հայաստանում նրա օրինական բնակությունը հաստատող՝ մշտական կացության կամ ժամանակավոր կացության քարտ, կամ ՀՀ հատուկ անձնագիր, իսկ օտարերկրացիների՝ մեքենա գնելու կարգի փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2020-ի հուլիսի 1-ից:

Հիշեցնենք, որ ավտոներկրման համար ԵԱՏՄ օրենքը Հայաստանում պիտի ուժի մեջ մտներ 2020թ. հունվարի մեկից: Ամիսներ շարունակ այդ օրենքի դեմ բողոքում են ավտոներկրողները՝ հավաստելով, որ դրանով կտրուկ բարձրանում են ներկրվող մեքենաների մաքսային վճարները: Նրանք պահանջում էին համաձայնություն ձեռք բերել ԵԱՏՄ գործընկերների հետ՝ այս օրենքի կիրառումը ևս մի փոքր հետաձգելու համար:

Օրեր առաջ՝ հոկտեմբերի երեքին ևս, ավտոներկրողները բողոքի ակցիա էին իրականացրել Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վերացնել ԵԱՏՄ այլ պետությունների քաղաքացիների վերաբերյալ սահմանափակումները և 2020 թ.-ի հունվարի 1-ից հետո ևս երկու ամիս ժամանակ տրամադրել՝ մեքենաները այժմյան մաքսային գներով մաքսազերծելու համար: