կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-03 14:16
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անժամկետ հացադուլով՝ քաղաքացին ՊԵԿ-ից խնդրում է թույլ տալ իրեն աշխատել

Երբեք չեմ բողոքել, ոչ մի բան չեմ պահանջել կառավարությունից, միայն մի բան եմ խնդրում՝ թույլ տվեք՝ ես աշխատեմ, ես ստեղծեմ. կառավարության շենքի առջև այսօր անժամկետ հացադուլի մասին հայտարարությամբ հանդես եկավ Արմավիրի մարզի մի բնակիչ: Նա Էջմիածին քաղաքում ունի շինանյութի խանութ, որի շահույթով է պահում իր խնամքի տակ գտնվող վեց անձի, որից երկուսը՝ հոգեկան հիվանդությունների ախտորոշմամբ:

Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եղբոր երեք՝ անհետաձգելի վիրահատությունների պատճառով պարտքեր է կուտակել նախորդ երկու տարիների ընթացքում, չի կարողացել վճարել շրջանառության հարկը, և Պետեկամուտների կոմիտեն արգելք է դրել իր հաշվեհամարի վրա: «Ընկել եմ անելանելի վիճակի մեջ: Պահում եմ վեց հոգու, ապրում եմ վարձով»,- ասաց նա:

Տնտեսվարողի խոսքով՝ ՊԵԿ-ին խնդրել է կազմել վճարման ժամանակացույց, քանի որ միանգամից պարտքը մարել չի կարող, սակայն ՊԵԿ-ը ժամանակացույցով վճարում ընդունելու համար պահանջել է գրավադրում՝ անշարժ կամ շարժական գույքի (որն ինքը չունի) կամ բանկի երաշխավորություն: Պարտքը, ըստ տնտեսվարողի, նախապես եղել է շուրջ մեկ միլիոն դրամ, սակայն ՊԵԿ-ի արգելանքի արդյունքում ինքը չի կարողացել արդյունավետ աշխատել, գործը գնացել է սնանկացման, և հիմա պարտքը կազմում է ավելի քան յոթ միլիոն դրամ: «Հիմա ի՞նչ տարբերություն՝ ես հացադուլով ինձ կկործանե՞մ, թե՞ կտեսնեմ՝ ոնց ա ընտանիքս հայտնվում դրսում: Ուրիշ ճար չունեմ: Աստված վկա՝ վեց հոգի իմ հետ կործանվելու ա»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում: