ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև հուլիսին կայացած հեռախոսային զրույցը, որի ընթացքում Թրամփը խնդրել էր ուկրաինացի իր գործընկերոջը հետաքննել իր հիմնական մրցակից Ջո Բայդենի որդի Հանթերի գործունեությունը Ուկրաինայում, լուրջ քաղաքական հետևանքներ ունեցավ: Ըստ դեմոկրատների՝ այս խնդրանքը կապված է Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության տրամադրման հետ:
Թրամփն իր հերթին հերքում է այդ պնդումը՝ ընդգծելով, որ ամերիկյան օգնության և նրա խնդրանքի միջև չկա որևէ կապ: Նա հետաքննության կոչերը որակել է «վհուկների որս»:
Սպիտակ տունը հրապարակել է զրույցի սղագրությունը, որն ապացուցում է, որ Թրամփը հիշատակել է Բայդենի և նրա որդու անունները զրույցի ընթացքում: Թրամփն իր հերթին մատնանշում է նախագահ Զելենսկիի պնդմումը, որ որևէ ճնշում չի եղել:
Իր հերթին, Ուկրաինայի նախագահ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան անկախ երկիր է եւ պատրաստ է հետաքննել յուրաքանչյուր անօրինականություն, սակայն չի գործում որևէ այլ երկրի հրամանով: Նա հայտարարել է, որ Կիևը չի պատրաստվում հրապարակել Թրամփի հետ խոսակցության՝ իր տարբերակը:
Հայտնի է նաև, որ այս գործում շոշափվում է Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիի անունը, որը մի քանի անգամ հանդիպել է ուկրաինացի պաշտոնյաների հետ: Օրերս նախատեսված էր նրա այցը Հայսատան ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակում, սակայն Ջուլիանին վերջին պահին չեղարկել է իր այցը Երևան՝ պատճառաբանելով Պուտինի ներկայությունը: Ըստ լրատվամիջոցների՝ այցի չեղադրկման հիմնական պատճառը իմպիչմենտի հարցի շուրջ ստեղծված կացությունն է: Ջուլիանին կասկածի տակ է առնում Հետախուզական հանձնաժողովի դեմոկրատ նախագահի՝ իրեն հարցաքննելու դրդապատճառները, սակայն նշել է, որ կհետեւի նախագահի կարգադրությանը:
Ջուլիանին ընդգծել է, որ վկայություն կտա, եթե նախագահ Թրամփը ցանկանա, որ ինքը խոսի: Բացի այդ՝ նա քննադատության է ենթարկել կոնգրեսական Շիֆին՝ նրա նախագահությունը հանձնաժողովում որակելով «կողմնակալ»:
Կոնգրեսական Շիֆը կիրակի հայտարարել է, որ Կոնգրեսը մտադրված է ստանալ նաև նախագահ Պուտինի ու այլ առաջնորդների հետ Թրամփի հեռախոսազրուցների սղագրությունները, քանի որ, ըստ դեմոկրատ կոնգրեսականի, Թրամփը կարող է վտանգի ենթարկած լինի ազգային անվտանգությունը:
Մոսկվան արձագանքել է այս հայտարարությանը Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի միջոցով, որը հայտարարել է, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցի հրապարակման համար Վաշինգտոնը պետք է ստանա Մոսկվայի համաձայնությունը, քանի որ առաջնորդների զրույցների հրապարակումը սովորական երևույթ չէ դիվանագիտության մեջ: Խոսնակը նշել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել այս հարցը Վաշինգտոնի հետ:
Հիշեցնենք, որ իմպիչմենտի այս գործընթացի նախաձեռնումը չորրորդն է ԱՄՆ պատմության մեջ: Հաշվի առնելով Սենատում հանրապետականների մեծամասնությունը՝ դժվար է պատկերացնել, որ այն կիրականացվի, սակայն այս գործընթացը կարող է ազդել 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների վրա: