կարևոր
4111 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-16 23:45
Աշխարհ

Էկվադորի Ազգային ժողովում սկսվել են երկրի նախագահի իմպիչմենտի հարցով լսումները

Էկվադորի Ազգային ժողովում սկսվել են երկրի նախագահի իմպիչմենտի հարցով լսումները

Երեքշաբթի օրն Էկվադորի Ազգային ժողովում սկսվել են նախագահ Գիլերմո Լասոյին իմպիչմենտի ենթարկելու համար լսումները։ Նա կարող է պաշտոնանկ արվել, թեև գործընթացը բարձրացնում է հավանականությունը, որ նա կցրի օրենսդիր մարմինը՝ վերջնական քվեարկությունից խուսափելու համար, հայտնում է Reuters-ը:

Լասոյին, ով, ըստ ընդդիմադիր քաղաքական գործիչների, անտեսել է պետական ​​նավթի փոխադրող Flopec ընկերության պայմանագրի հետ կապված յուրացումների մասին նախազգուշացումները, հեռացնելու համար կպահանջվի 137 անդամներից 92 ձայն։ 

Լասոն հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր վարչակազմը փոփոխել է պայմանագիրը, որը ստորագրվել է իր պաշտոնը ստանձնելուց տարիներ առաջ՝ ելնելով պետության շահերից:

Ընդդիմությունը, այդ թվում՝ նախկին նախագահ Ռաֆայել Կորեայի կուսակցության անդամները, ով նույնպես է մեղադրվում կոռուպցիայի մեջ, ակտիվացել է կիրակի օրն Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Վիրջիլիո Սաչիսելայի վերընտրվելուց հետո։

Երկու ընդդիմադիր օրենսդիր գործ կներկայացնեն Լասոյի դեմ, ով հետագայում կկարողանա պաշտպանվել: Ենթադրվում է, որ վերջնական քվեարկությունը տեղի կունենա ոչ ուշ, քան շաբաթ օրը։

Իմպիչմենտից խուսափելու համար Լասոն կարող է կոչ անել այսպես կոչված «երկկողմանի մահ», սահմանադրական տարօրինակություն, որը թույլ է տալիս Էկվադորի նախագահներին արտահերթ ընտրություններ նշանակել ինչպես իրենց կաբինետի, այնպես էլ Ազգային ժողովի համար որոշակի հանգամանքներում, օրինակ, երբ օրենսդիր մարմինն արգելափակում է կառավարության աշխատանքը:

Եթե ​​Լասոն պաշտոնանկ արվի, ապա նրան կփոխարինի փոխնախագահ Ալֆրեդո Բորերոն։

Իսկ եթե ​​Լասսոն որոշի ցրել խորհրդարանը, ապա, Էկվադորի սահմանադրության համաձայն, նա երկիրը կկառավարի հրամանագրի տեսքով հրապարակված օրենքների հիման վրա՝ մինչև նոր ընտրությունների անցկացում։

Էկվադորի ընտրական դատարանը խորհրդարանի ցրվելուց հետո յոթ օրվա ընթացքում պետք է որոշի նոր ընտրությունների ամսաթիվը։ 

Անցյալ երեքշաբթի ասամբլեան քվեարկեց իմփիչմենթի գործընթացը շարունակելու օգտին՝ ներկա 116 օրենսդիրներից 88 ձայնով:

Որոշ օրենսդիրներ հայտարարել են, որ ցանկացած լուծարում կլինի հակասահմանադրական և հրաժարվել են ենթարկվել: Կառավարությունն ու նրա դաշնակիցները կասկածի տակ են դրել իմպիչմենտի գործընթացի օրինականությունը։